«7 շրջանների վերադարձի» մասին խոստովանել էին ընդամենը 2 տարի առաջ. video

Aug 21, 2018 2 Comments

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին՝ ասել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ ով ինչ է խոսել»։

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանից 168.am-ը փորձել է պարզել, թե ինչի մասին է ակնարկում Նիկոլ Փաշինյանը։ «Մի քանի շաբաթ առաջ, մեկնաբանելով հնչած մեկ այլ հայտարարություն, թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում իբրև քննարկվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել հողերի վերադարձի մասին, ես ասացի, որ դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, սին է, անհեթեթ և մոլորեցնող», ասել է Նալբանդյանը՝ կրկնելով, որ վերջին տարիների բանակցային գործընթացի բոլոր փուլերի գլխավոր բաղադրիչը հանդիսացել է այն, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։

«Այս տարիների ընթացքում Հայաստանը դա ասել է թե՛ բանակցային գործընթացի ընթացքում, թե՛ հրապարակավ։ Մենք ընդգծել ենք նաև, որ առանց Արցախի մասնակցության՝ անհնար կլինի համապարփակ և տևական հանգուցալուծումը։ Համանախագահները, իմիջիայլոց, կիսում են այս տեսակետը, և դրա ապացույցն այն է, որ դա ամրագրված է բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ, մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են։ Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա մենք հասանք մի հանգրվանի, և միջազգային հանրությունն է ասում, որ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության հանգուցալուծման հիմքում ընկած են երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում։ Այդ սկզբունքները դիտարկվում են՝ որպես մեկ ամբողջություն, և նրանցից որևէ մեկին առավելություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը», ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։

Այսպես, Նալբանդյանը նշել է, որ իրենց իշխանության տարիներին հաջողվել է հասնել մի բանի՝ միջազգային հանրությունը և Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. «Սա մեծ ձեռքբերում է և չի կարելի կորցնել։ Արձանագրված ձեռքբերումները տարիների հետևողական աշխատանքի արդյունք են, դրանց պահպանումն ու ամրապնդումը մեծ ջանքեր են պահանջում, խաղաղ կարգավորման գնալու համար։ Իսկ հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող»։

Սերժ Սարգսյանի օրոք, իսկապես, կարգավորման գործընթացում ԼՂ կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշումն ավելի է ամրապնդվել, ու հիմա Փաշինյանին կհաջողվի՞ էլ ավելի ամրացնել հայկական կողմի դիրքերը՝ ցույց կտա ժամանակը: Այլ բան է, դեռ չբանակցած հայկական կողմի անզիջում կեցվածք ցույց տալը, այլ բան է՝ գնալ բանակցությունների ու այդ բանակցություններում պահել դիրքերը:

Բայցև, հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն էլ չնայած նախկին ԱԳ նախարարի հաղթական հայտարարություններին, ժամանակին արել է մի հայտարարություն, որն ամենևին էլ չէր փաստում հայկական կողմի ամրության մասին:

Մասնավորապես հիշեցնենք Սերժ Սարգսյանը 2016թ․ նոյեմբերի 17-ին «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ 51 րոպե տևողությամբ հարցազրույցը, որը աղմկահարույց էր նրանով, որ Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ 2011-ին Կազանում՝ «հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»:

 

(Տեսագրությունում 12.40-ից մինչև 13-րդ րոպեն Սերժ Սարգսյանը խոսում է «7 շրջաններ»-ի մասին):

 

Ի դեպ, Սերժ Սարգսյանը, որպես Հայաստանի նախագահ, ասել էր մի բան՝ հրապարակավ խոսել էր Ադրբեջանին «7 շրջաններ» վերադարձնելու իր պատրաստակամության մասին՝ դա ներկայացնելով Կազանյան փաստաթղթի շրջանակներում պայմանավորվածություն հակամարտության կողմերի և միջնորդների միջև, մի բան, որը իր նախորդները, գոնե հրապարակավ չէին արել երբևէ:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն, Վիդեո

2 Անդրադարձ “«7 շրջանների վերադարձի» մասին խոստովանել էին ընդամենը 2 տարի առաջ. video” հրապարակմանը

  1. «7 շրջանների վերադարձի» մասին խոստովանել էին ընդամենը 2 տարի առաջ. video — Arcax.info says:

    […] «7 շրջանների վերադարձի» մասին խոստովանել էին ընդամենը … […]