Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին

Aug 14, 2018 Comments Off on Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հաղորդում է. Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի (Հանձնախումբ) ղեկավարությունը նախաձեռնել է մի նամակ, որը ստորագրվել է Կոնգրեսի 48 անդամների կողմից, այն ուղարկվել է նախագահ Թրամփին. նամակը հորդորում է նրան հանդիպել Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Միացյալ ազգերի կազմակեպության Գլխավոր Ասամբլեայի տարեկան ժողովի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերին՝ Նյու Յորքում:

«Նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև զրույցը, որը կընդգծի տնտեսական զարգացումը, անվտանգությունը և ժողովրդավարությունը, վճռական է մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ամուր առանցքի համար» նշեց հայկական հարցերով համանախագահ՝ Ֆրենք Փալոն, կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի): Նախագահ Թրամփին ուղղված նամակում ասվում է.- «Հեղափոխությունից հետո իշխանության խաղաղ փոխանցումը հայ ժողովրդի կամքի հստակ ցուցանիշ է ունենալ ավելի արդար և ժողովրդավար երկիր: Երբ Հայաստանը փորձում է խթանել կառավարության թափանցիկությունը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և հզորացնել քաղաքացիական հասարակությունը, Միացյալ Նահանգների համար որոշիչ է կառավարական բոլոր մակարդակներում խորացնել կապերը տարածաշրջանային այս գործընկերոջ հետ»:

Ի հավելումն, երկկողմանի նախաձեռնությունը նաև խնդրել է «բարձր մակարդակի զրույցների շարք [Նախագահի] քարտուղարների և Հայաստանում իրենց գործընկերների միջև, որոնցից շատերը վերջերս նշանակվել են որպես նորանշանակ կառավարության անդամներ»: Այս ամիս, Հայստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մեկնեց Վաշինգտոն և հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելի, Սենատոր Քրիս Վան Հոլենի (դեմոկրատ, Մերիլենդ), Հայկական հարցերով Հանձնախմբի համանախագահների, կոնգրեսական Դեյվ Տրոթի (հանրապետական, Միչիգան), Ֆրենք Փալոն, կրտսերի, (դեմոկրատ, Նյու-Ջերսի) և Դեյվիդ Վալադեյոյի (հանրապետական, Քալիֆորնիա), Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարության գործընկերության նախագահ Պիտեր Ռոսկամի (հանրապետական, Իլինոյս) և փոխնախագահ Դեյվիդ Փրայսի (դեմոկրատ, Հյուսիսային Կարոլինա) և Կոնգրեսական Բրայան Մասթի (հանրապետական, Ֆլորիդա) հետ:

Նա նաև Միջազգային խաղաղության համար Կարնեգի հիմնադրամում ելույթ ունեցավ գիտնականներից, դիվանագետներից և պետական պաշտոնյաներից կազմված հանդեսատեսի համար: Անցած ամիս, Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մասնակցել է Կրոնական ազատության հարցերին վերաբերող նախարարների անդրանիկ հանդիպմանը Վաշինգտոնում, որը հյուրընկալել էր ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Հայաստանի Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ճանապարհորդեց ԱՄՆ-ով՝ հյուրընկալելով համայնքային քննարկումներ Լոս Անջելեսի, Բոստոնի և Նյու Յորքի շրջանի քաղաքապետարաններում:

«Ամերիկայի հայկական համագումարի անունից, կցանկանայի շնորհակալություն հայտնել Հանձնախմբի համանախագահներին և փոխնախագահներին ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման և Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հաստատապնդմանը: Մենք գնահատում ենք այս հարցում Հանձնախմբի առաջնորդությունը» ասեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Սեպտեմբերին Համագումարը անցկացնում է Ազգային շահերի քարոզչության կոնֆերանս, որը հիանալի հնարավորություն է ընձեռում ակտիվիստների համար, գալ Վաշինգտոն և օգնել ամրացնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները և Հայաստանում ժողովրդավարական զարգացումները», – ավելացրեց Արդունին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: