Օտար թշնամիների, հայամետ ուժերի «մեղքը». Ալիևի ոտքերի տակից «հողը» փախչում է

Jul 22, 2018 Comments Off on Օտար թշնամիների, հայամետ ուժերի «մեղքը». Ալիևի ոտքերի տակից «հողը» փախչում է

Ադրբեջանում լարվածությունը պահպանվում է: Ադրբեջանցի իրավապահները կիրակի օրը լայնածավալ հատուկ գործողություն են իրականացրել Սումգայիթ քաղաքում, որի նպատակը, ըստ իրավապահների, «կրոնական ծայրահեղականների և նրանց աջակցող արմատական ընդդիմության ներկայացուցիչների հայտնաբերումն էր»: «Թուրան» գործակալության տվյալներով՝ կիրակնօրյա գործողությունների ընթացում Սումգայիթում առնվազն ընթացքում 18 մարդ է ձերբակալվել:

Իրադրությունը Սումգայիթում սրվեց, երբ սոցիալական ցանցերում սկսեցին քաղաքի կենտրոնական հրապարակում բողոքի գործողություն կազմակերպելու կոչեր հնչել:

Ադրբեջանի ոստիկանությունը արգելափակել էր քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսը, քաղաքապետարանի շենքի մերձակայքում զրահատեխնիկա էր տեղակայվել: «Տեղական իշխանությունները հրահանգել էին դադարեցնել խանութների և սրճարանների աշխատանքը` մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով», հաղորդում էր «Թուրան» գործակալությունը:

Միաժամանակ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող պաշտոնական լրատվամիջոցները վերածվել են հարթակի, որից տարատեսակ փորձագետներ ու քաղաքագետներ կիսվում են Գյանջայում հուլիսի 3-ին և 10-ին տեղի ունեցած իրադարձությունների պատճառների բացահայտումներով: Ով չի զլանում՝ հայտարարում է, որ այդ բողոքի ակցիաները օտարերկրյա թշնամիների, հայամետ ուժերի և ծայրահեղական ընդդիմության ձեռքի գործն է, գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում բախումները սկիզբ առան հուլիսի 10-ի երեկոյան: Այդ օրը մոտ 200 մարդ էր հավաքվել Գյանջայի կենտրոնական հրապարակում` քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ զինված հարձակման հեղինակ Յունիս Սաֆարովին աջակցություն հայտնելու նպատակով: Վելիևի դեմ մահափորձ էր իրականացվել հուլիսի 3-ին, նա և թիկնապահը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանների և ցուցարարների միջև բախումներով, որոնց ժամանակ սպանվել է երկու բարձրաստիճան ոստիկան:

«Թուրան» անկախ պարբերականը փոխանցում է, որ ամենաբարձր մակարդակներով հնչում են տեղի ունեցածի ամենաանհավանական պատճառներ ու մեղավորներ, սակայն հիմնականում՝ առանց ապացույցների: Ինչպես գրում է լրատվամիջոցը, պետական կառույց հանդիսացող Ադրբեջանի մամուլի խորհրդի ղեկավար Աֆլատուր Ամաշովը, օրինակ, հայտարարել է, որ Գյանջայի իրադարձությունները «թշնամու» պատասխանն էր Հայաստանը շրջանցող TANAP գազատարին:

Ոմանք պնդում են, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են կրոնական ծայրահեղականները, ովքեր ուղղորդվում են արտերկրից: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը մեղադրանքների սլաքն ուղղել է բարեկամ Ռուսաստանի կողմը, սակայն չի հիմնավորել, թե Մոսկվայի ինչին էր պետք Գյանջայում քաոս առաջացնելը:

Մինչդեռ, ինչպես նկատում է «Թուրան»-ը, Ադրբեջանի պատկան մարմինները լուռ են և չեն շտապում ներկայացնել Գյանջայի իրադարձությունների հետ կապված ապացույցներ: Փոխարենը՝ երկրի տարբեր քաղաքներում և շրջաններում ուժեղացվում են անվտանգության միջոցառումները, ոստիկանությունը թույլ չի տալիս մարդկանց հավաքվել:

Ի դեպ, Սումգայիթում ոստիկանությունն ու հատուկջոկատայինները կիրակի օրը ամբողջությամբ փակել էին քաղաքային վարչակազմի դիմացի հրապարակը, որտեղ նաև ռազմական տեխնիկա է տեղակայվել: «Թուրան»-ի փոխանցմամբ, այստեղ իշխանությունները սրճարանների և խանութների սեփականատերերին հրամայել են ժամանակավորապես փակել օբյեկտները՝ մարդկանց կուտակումներից խուսափելու համար:

Ակնհայտ է, որ իրավիճակն Ադրբեջանում լարված է, որքան էլ իշխանությունները ցույց տան, թե վերահսկում են իրավիճակը: Միայն այն ձգումը, որ ամեն գնով Ադրբեջանում տեղի ունեցած վերջին մի քանի օրերի իրադարձությունները փորձ է արվում «դրսի ուժերի» վրա բարդել, անգամ հայկական հետքեր գտնել, փաստում է այն մասին, որ Ալիևի համար աննախադեպ իրավիճակ է՝ հղի անկանխատեսելի հետևանքներով:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: