Փաշինյանի հակապետական խաղը

Jul 12, 2018 1 Comment

Հանրությունը համակ ուշադրությամբ հետեւում է Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ թափ հավաքող պատերազմը, որը սկսել են «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման նախաձեռնողները: Կարգախոսն ինքնին հուշում է, որ Վեհափառի հրաժարականի հարցը սեղանին է դրվել թավշյա հեղափոխությունից հետո, իսկ հիմա հետաքրքիր նրբերանգներ է ստանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ երեկ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ: Միջոցառումն ինքնին կարևոր է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, նոր Հայաստանի բովանդակությունը աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին ներկայացնելու տեսանկյունից: Բայց վարչապետի մասնակցությունը այս միջոցառմանը մեկնաբանվեց իբրեւ նրա կողմից աջակցություն Հայ Առաքելական եկեղեցուն:
Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը , երբ դուրս եկավ փողոց, պահանջեց Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը, վարչապետը երկու անգամ հրապարակավ հայտարարեց, թե եկեղեցին անջատ է պետությունից: Նիկոլ Փաշինյանը թերեւս փորձեց ցրել այն մտայնությունը, թե Վեհափառի հրաժարականի պահանջը իր առաջնորդած հեղափոխության համատեքստում չի տեղավորվում, քանզի եկեղեցին անջատ է պետությունից, սակայն ապարդույն:
«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման անդամները վարչապետի հայտարարությունից հետո էլ ակնհայտորեն օգտագործում են թավշյա հեղափոխության կարգախոսները՝ ցույց տալով, որ ոչ միայն մի խումբ ակտիվիստներ, այլ թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկածները թքած ունեն հայ առաքելական եկեղեցու, նրա հոգևոր, համազգային առաքելության վրա:Այս համատեքստում Փաշինյանի խոշոր հաշվով լռությունը վատ ուղերձ է առ այն, որ պետությունը դեմ չէ եկեղեցու նկատմամբ անարխիկ գործողությունների: Խնդիրն այն է, որ Փաշինյանի համաժողովրդական սերն ու վստահությունը թույլ են տալիս վերջինիս հոտին դիմել կոչով՝ հրաժարվել եկեղեցու դեմ նման անարխիկ պայքարից: Սակայն մի կողմից՝ Փաշինյանը հանդես է գալիս եկեղեցու համազգային առաքելության գնահատողի, այդ ազգապահպան գործի գնահատողի դերում՝ մասնակցելով նշված միջոցառմանը, մյուս կողմից՝ նա հանդարտության կոչ չի անում շարքերին, առաջարկելով հարցի առավել քաղաքակիրթ լուծում՝ ստուգումներից ու վերանայումներից սկսած, վերջացրած հոգեւոր խորհրդին ուղղված դիմումով:
Ընդունելով հանդերձ, որ Գարեգին Երկրորդն ամենալավ կաթողիկոսը չէ մեր եկեղեցու պատմության մեջ, ակնհայտ է նաև, որ շարժումն էլ իր հերթին խիստ հեռու է անաչառ ու ազնիվ լինելուց:
Նախ այդ շարժման ակտիվիստները տարրական հարգանք չունեն ոչ եկեղեցու, ոչ Աստծու հանդեպ,ինչն ակնհայտ է դառնում նրանց գործողություններից ու լեքսիկոնից: Դրանից բացի տեղեկություններ կան, որ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակտիվիստ Կարեն Պետրոսյանը աշխատել է (կամ աշխատում է) Compass Center-ում, որը ֆինանսավորում է OSF ֆոնդի գումարներով, այսինքն՝ սորոսյան հայտնի ֆոնդից: Իսկ թե ով է Սորոսն ու ինչու է գործում նրա հիմնադրամը, դա վաղուց այլևս գաղտնիք չէ: Արևմուտքից եկող ֆինանսավորման հաշվին այս հիմնադրամը ապակայունացում, ներքին բախումներ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Առավել եւս այս պայմաններում ասել, թե պետությունը չի խառնվում եկեղեցու գործերին, հակապետական քայլ է, եթե իհարկե, հիմնավոր չեն նաեւ այն կասկածները, որ Փաշինյանի գլխավորած շարժման հովանավորչությունը նույնպես Սորոսինն էր:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Փաշինյանի հակապետական խաղը” հրապարակմանը

  1. Փաշինյшնի հակшպետական խшղը | HAVASTI.info says:

    […] Անի Սահակյան Աղբյուրը՝ http://hayeli.am/article/1100864 […]

Մեկնաբանել