Կոռուպցիոներների «արդարության պահը»

Jun 16, 2018 Չի մեկնաբանվել

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ յուրաքանչյուրը ցանկանում է պղտոր ջրում ձուկ որսալ: Ասպարեզ են իջել երբեմնի լուռ ու մունջ արդեն նախկին պաշտոնյաները, որոնք տարիներ շարունակ
հանցակցել են նախկին իշխանություններին, բայց նրանց հեռանալուց հետո որոշել մի քիչ հերոսանալ, աղաղակել, թե իրենք անմեղ էին, մեղավոր էին ուրիշները: Մենք ավելի վաղ տեղեկություն էինք հրապարակել, որ հեղափոխությունից հետո կայուն աճ է գրանցել գործ տվողների ակտիվության հարցում, մասնավորապես նախկին պաշտոնյաները կոմպրոմատների կապոցները թեւերի տակ այցի են գնում նոր իշխանություններին ու երբեմնի յուրայինների դեմ գործ տալիս: Տպավորություն է, թե եկել են ժամանակներ, երբ գողն առաջինն է գոռում բռնեք գողին, կոռուպցիոները՝ պատժեք կոռուպցիոներներին: Եւ այս ամենի տողատակում նպատակները կարող են տարբեր լինել՝ սեփական մաշկը փրկելու քայլից, վերջացրած նոր պաշտոնի ակնկալիք: Եւ ահա, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի տեղակալ Արմեն Դանիելյանը որոշել է ի տես բոլորի քար նետել իր նախկին վերադասի կողմը: Նա երկար տարիների լռությունից հետո որոշել է բարձրաձայնել գլխավոր դատախազի պաշտոնում Կոստանյանի «թույլ տված սխալների մասին, որոնց հետեւանքները ծանր են»: «Ես վերադարձա մարդկանց ասելու ճշմարտությունը… դա հարյուրավոր նախկին դատախազների պատիվը եւ արժանապատվությունը վերականգնելու ճշմարտությունն է»,- Facebook-ում գրել է Դանիելյանը: Նա հիշել է, որ տարիներ առաջ կոռուպցիայի դեմ պայքարին լծված Կոստանյանի օգնական Տիգրան Խեչոյանը «չոր է դուրս եկել» կոռուպցիոն սկանդալից: Հիշատակել է մի շարք դատախազների անուններ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարել են, սակայն Կոստանյանը նրանց հեռացրել է համակարգից:
Ուշագրավ է, որ Դանիելյանը մանրամասներ չի հրապարակել իր ազատման պատճառների վերաբերյալ:
Կոստանյանն անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին ասել է. «Տարբեր մարդիկ տարբեր միջոցներ են ձեռնարկում իրենց մասին հիշեցնելու համար: Արմեն Դանիելյանին լավ եմ հիշում եւ ոչ թե հեռացրել եմ, այլ միջնորդել եմ, որ հեռացնեն ու ինքը լավ գիտի, թե ինչ հիմքերով: Գլխավոր դատախազի տեղակալ էր, ով տարիներ շարունակ համակարգում էր կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը, ինչպես դատախազությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ այդ պայքարի արդյունավետության մասին հասարակությունն ունի հստակ պատկերացում եւ դիրքորոշում», ասել է նա:

Դանիելյանը 2008-2013 թվականներին զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը եւ համակարգել կոռուպցիայի դեմ պայքարի վարչության աշխատանքները, եղել թիվ մեկ պատասխանատուն, խոսքը թե մաքային կառույցների, թե ԱԱԾ-ի, թե այլ կարեւորագույն կառույցների նկատմամբ վերահսկողության, կոռուպցիայի դեմ պայքարի մասին է: Միայն մեկ հիշեցում, որը չի հերքի եւ ոչ մեկը, այդ տարիներին, երբ ՊԵԿ ղեկավարը տխրահռչակ Գագիկ Խաչատրյանն էր, կոռուպցիոն դրսեւորումները Հայաստանում ամենաբարձր մակարդակի էին հասել, միթե սա արդեն իսկ չի խոսում Դանիելյանի անգործության մասին, ինչի մասին էլ Կոստանյանը կարծես ակնարկել է իր խոսքում, որ նա ինքն է միջնորդել հեռացնել նրան: Այդ ժամանակի իրավիճակն արդեն հուշում է, թե ինչու պետք է Կոստանյանը միջնորդեր ենթակայից ազատվելու հարցում: Փաստն այն է, որ Դանիելյանի ազատման հրամանը տվել է Սերժ Սարգսյանը: Իսկ եթե Դանիելյանը համարում է, որ իր հեռացման պատճառը Կոստանյանն է եղել, ով իբր հանիրավի է հեռացրել, ապա կարող էր այդ մասին հայտնել բարձրագույն ղեկավարությանը հենց հեռանալու պահին: Եթե չի արել, կնշանակի ընդունել է մեղքի իրեն հասցեագրված բաժինը: Ի վերջո, միթե խորհրդանշական չէ, որ անգամ Դանիելյանի քաղաքական կնքահայր Աղվան Հովսեփյանը ձեռք քաշեց նրանից, Դատախազությունից գնալուց հետո նա Դանիելյանին իր հետ չտարավ Քննչական կոմիտե, ինչ արդեն խոսում էր Դանիելյանի հատկանիշների մասին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Կոռուպցիոներների «արդարության պահը»”

Մեկնաբանել