Փորձի՞, թե՞ էթիկայի պակաս. Նիկոլ Փաշինյանին պատիվ չի բերում

Jun 16, 2018 Comments Off on Փորձի՞, թե՞ էթիկայի պակաս. Նիկոլ Փաշինյանին պատիվ չի բերում

Հրանտ Բագրատյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ֆեյսբուքյան բաց նամակում մի շատ կարևոր ազդակ կար, որին Փաշինյանը՝ որպես կայացման փուլում գտնվող ղեկավար, պետք է ուշադրություն դարձնի: Բագրատյանի նամակի բուն թեման պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ կառավարության հունիսի 11-ի որոշումն էր: Նախագծի առնչությամբ տնտեսագետ Բագրատյանի ներկայացրած դիտողությունները քննարկման առանձին նյութ են: Հակիրճ բովանդակությունն այն էր, որ Հայաստանի նախկին վարչապետն ու ներկա վարչապետի նախկին թիմակիցը ճիշտ չի համարում կուտակային կենսաթոշակի համակարգի ընդլայնումն ու նախկին իշխանության կողմից ներդրված մոդելի շատ մասնակի փոփոխություններով շարունակությունը, ինչը վերը հիշատակված որոշմամբ պատարստվում է ի կատար ածել Հայաստանի նոր կառավարությունը: Իր մոտեցման իրավացիությունն ապացուցելու համար հեռուստատեսային բանավեճի պատրաստակամություն է հայտնում և որպես խնդրի լուծման ելք առաջարկում է նախագիծը դնել հանրաքվեի. « Քո իշխանության գալը ժողովրդավարության հիանալի օրինակ էր։ Դե դա գործով ապացուցիր. դիր հանրաքվեի»,- գրում է Բագրատյանը:

Բայց Բագրատյանի ասելիքի հիմնական և ամենագլխավոր հատվածն ամփոփված է նամակի վերջին տողերում, որն ուղղված է ոչ այնքան վարչապետ Փաշինյանին, այլ երբեմնի համախոհ, պատգամավորական նույն խմբակցության կազմում աշխատած կրտսեր գործընկեր Նիկոլին. «Չէի գրի։ Կգայի կպատմեի։ Բայց զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում։ Ի դեպ, սա առաջին դեպքն է։ Նախկինները, որոնց հստակ ընդդիմադիր էի, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում։ Գիտեին, որ ես երբեք անձնական հարցով չեմ զանգահարում»,- այս բառերով է ավարտել իր գրառումը Հրանտ Բագրատյանը: Եթե հարցը մեկ կամ մի քանի օրվա անապատասխան զանգերի մասին լիներ, Բագրատյանը հազիվ թե նման տեքստով հրապարակեր ու առավել ևս նման համեմատություն աներ նախկինների հետ: Եթե գրվել է, կնշանակի կա պատճառ, և դա մարդկային առումով Նիկոլ Փաշինյանի մասին որևէ լավ բան չի ասում: Իբրև քաղաքական գործիչներ՝ Փաշինյանը և Բագրատյանը ունեն կենսագրություն և անցած ճանապարհ, այդ թվում նաև՝ համատեղ անցած: Եվ եթե անգամ հետագայում քաղաքական տարաձայնությունների կամ հանգամանքների բերումով նրանց ճանապարհները բաժանվել են, միևնույնն է, նախկին գործընկերներին անպատասխան չթողնելը էթիկայի նվազագույն բաղադրիչ է:

Հասկանալի է, որ երկրի վարչապետը շատ բազմազբաղ է և ժամանակ իրավացիորեն չունի:  Այնուամենայնիվ, եթե նախկին ավագ գործընկերը, որից դու վստահաբար քաղաքական կարիերայի ձևավորման ընթացքում շատ կարևոր բաներ ես սովորել, երկու-երեք շաբաթ անընդհատ փորձում է կապվել, կնշանակի ասելիք ունի: Կարելի էր առնվազն ընդունարանում աշխատող օգնականին հանձնարարել՝ զանգել, ներողություն խնդրել և ասել, որ առաջիկայում ժամանակ կգտնի հանդիպման կամ հեռախոսազանգի համար: Եթե այդքանը չի արվում, կարելի է տպավորություն ստանալ, որ ժողովրդական վարչապետը արհամարհում է կամ մոռացել է անցյալը. Հայ ազգային կոնգրեսը, որի ցուցակով առաջին անգամ պատգամավոր դարձավ նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Բագրատյանի «100 քայլ» տնտեսական ծրագրով: Էլ չենք խոսում այն մասին, որ ցանկացած կառավարություն պետք է շահագրգռված լինի Հրանտ Բագրատյանի կարգի լուրջ տնտեսագետի մոտեցումներն ու դիտարկումները լսել՝ թեկուզ զուտ փորձագիտական նկատառումներով: Եթե չկա անգամ այդ գիտակցումը, ուրեմն կառավարությունն ու նրա ղեկավարը կարող են իրենց օգտին մի մեծ մինուս գրանցել:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: