Վարչապետը տեղյա՞կ է տեղի ունեցածին և կիսո՞ւմ է ԿԳ նախարարի կեցվածքը. Տեր Մեսրոպ քահանա Արամյան

Jun 14, 2018 Comments Off on Վարչապետը տեղյա՞կ է տեղի ունեցածին և կիսո՞ւմ է ԿԳ նախարարի կեցվածքը. Տեր Մեսրոպ քահանա Արամյան

«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հակված չէ մտածելու, որ «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շուրջ բարձրացված աղմուկը հաճելի է կառավարության բոլոր անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան գրառման միջոցով Տեր Մեսրոպ քահանա Արամյանն իր խոսքն է ուղղել ՀՀ վարչապետին՝ հարց բարձրացնելով՝ արդյոք տեղյա՞կ է նա տեղի ունեցածին և կիսո՞ւմ է ԿԳ նախարարի կեցվածքը:

«Եթե ոչ, ժամն է որոշում կայացնելու: Եթե կասեցվում է ԱԲ-ի մուտքը դպրոցներ և այս սեպտեմբերից նախատեսված 14 մարզային դպրոցները չեն սկսում ԱԲ-ի ծրագիրը, ապա կոպտորեն ոտնահարվում է հազարավոր երեխաների կրթության իրավունքը և արժեզրկվում են պետության կողմից կրթությունը բարելավելու բոլոր խոստումները»,-գրել է նա:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը թվել է «Արարատյան բակալավրիատ»-ի առավելությունները՝ նշելով, որ այն համակարգային լուծում է մի կրթական համակարգի համար, որը չունի համակարգային լուծում:

«Խնդիրներն անձնավորելը բովանդակային խոսակցությունից խուսափողների վերջին հույսն ու հանգրվանն է: Բավական է ասել` «Ահա՛ չարիքը և մեր բոլոր դժբախտությունների պատճառը. նա՛ է մեղավորը, որ մենք ոչինչ չստեղծեցինք», և գայթակղեցնելու ենք բովանդակությունից անտեղյակ և դատապարտելու պատրաստ մի ստվար զանգված: Նախ` պետության հետ աշխատելը չարիք համարելն արժեզրկում է պետության գաղափարը և անհույս դարձնում պետության խոստումներին վստահելը: «Նախորդներն անխտիր չարիք են» կեղծ թեզը հարց է առաջացնում. իսկ ո՞րն է ձեր ստեղծած բարիքը: Եթե դու ոչինչ չես ստեղծել, դու ըստ էության չունես ստեղծածը գնահատելու կարողություն և չափանիշ: Հայաստանում չկա միջազգայնորեն ճանաչված հայալեզու այլ ծրագիր` բացի ԱԲ-ից: Այսպիսի ծրագրի ստեղծումը տևելու է տարիներ և պահանջելու է հսկայական միջոցներ: Երկրորդ` պետական պաշտոնյան պետք է անաչառ լինի: Անձնավորված անհիմն խոսակցությունը և պետական դիրքի չարաշահումը ականապատ դաշտ են նրա համար:

Մի անգամ Ավետիք Իսահակյանին ասում են. «Վարպե՛տ, այսինչ մեկն անընդհատ չարախոսում է ձեր մասին»: Իսահակյանը պատասխանում է. «Զարմանալի է, ես նրան երբեք լավություն չեմ արել»: Վարպետի հետ ես էլ եմ զարմանում և առավել քան զարմանում, որովհետև ներկայիս ԿԳ նախարարին ոչ միայն լավություն չեմ արել, այլև բարեբախտաբար ծանոթ չեմ անգամ: Քանի որ անձնական թշնամանքի ենթատեքստ փնտրողներին էլ վերջնականապես հիասթափեցրի, մնում է մի բան` մեր բազմիցս առաջարկած երկխոսության հնարավորությունն օգտագործել: Մենախոսությունները եւ միակողմանի հարձակումները փակուղի են»,-գրել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

ՀՀ Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Հայաստանի կրթական համակարգին ամենամեծ վնասը հասցրած անձանցից է, քանի որ փորձ է արել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում «էլիտարիզացնել կրթությունը»:

Նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնարարել է «Արարատյան բակալավրիատ»-ի ֆինանսական աուդիտ իրականացնել:  Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ասում է, որ իրականացվում է ոչ թե աուդիտ, այլ ուսումնասիրություն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: