Թավշյա հեղափոխության արձագանքներն Իրանում

Jun 14, 2018 Comments Off on Թավշյա հեղափոխության արձագանքներն Իրանում

Էմմա Բեգիջանյան

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

 

Հայաստանում «Թավշյա» կամ «Սիրո և համերաշխության» հեղափոխությունը, ինչպես հայտնի է, համաշխարհային մակարդակով լայն արձագանք է ունեցել: Հայաստանյան զարգացումներին առավել ուշադրությամբ էին հետևում, բնականաբար, հարևան երկրներում, այդ թվում՝ Իրանում, որտեղ աննախադեպ էին արձագանքները տեղեկատվական դաշտում՝ ԶԼՄ-ներում, ինչպես նաև մեկնաբանների ու փորձագետների շրջանակներում:

Թեև, կարելի է ասել, որ Իրանի ռազմավարական ու ազգային անվտանգության շահերն իր 16 հարևան երկրներից փոխադարձաբար ու առավել մեծ չափով համընկնում են միայն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շահերին, սակայն նրանց փոխհարաբերությունները քաղաքական, առևտրատնտեսական ու մշակութային ոլորտներում գրեթե վերջին տեղն են զբաղեցնում: Այսուհանդերձ, երբ խոսքը վերաբերում էր Հայաստանի քաղաքական խորքային զարգացումներին, որոնք բացառված չէ, որ կարող էին այդ երկրի, թերևս, ամենաապահով սահմանները դարձնել վտանգավոր, նրանք համակ ուշադրությամբ էին հետևում:

Լրատվական գրեթե բոլոր գործակալությունների ու մամուլի էջերում կարելի էր տեսնել Հայաստանում կատարվող իրադարձություններին վերաբերող վերջին նորությունները, որոնք, ընդհանուր առմամբ, հավասարակշռված էին, երբեմն՝ ավելին, քան արևմտյան որոշ պարսկալեզու կայքերում: Օրինակ, DW (Գերմանիայի ձայն) պարսկերեն ծառայությունը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հոդվածը կամ տեղեկատվությունն ավարտում էր Ղարաբաղյան հիմնահարցի մասին ակնարկով՝ copy/paste անելով հետևյալ նախադասությունը. «Այդ երկիրը դեռևս հարևան Ադրբեջանի Հանրապետության հետ Ղարաբաղի հարցի շուրջ տարաձայնություն ունի, որի տարածքի 20 տոկոսը գրավել է»:

Խոսելով լրատվության մասին՝ հարկ է նշել, որ հեղափոխության ողջ ընթացքում իրանական օրաթերթերում, օրինակ՝ «Էթեմադ» (Etemad), «Վաթան» (Vatan), «Դոնյայ-ե եղթեսադ» (Donya-eeghtsad), «Ռեսալաթ» (Resalat), «Համդելի» (Hamdeli) և այլ էջերում, ինչպես նաև հայտնի՝ IRNA, ISNA, ILNA, TANSIM, MEHR, FARSNEWS, ARANNESWS և այլ լրատվական գործակալությունների կայքերում յուրաքանչյուր օր կարելի էր տեսնել վերջին նորությունները, երբեմն նաև՝ մեկնաբանություններ:

Բացի այդ հայաստանյան զարգացումներն իրենց վրա էին սևեռել նաև հետազոտական կենտրոնների ուշադրությունը, ինչպես օրինակ, Եվրասիական Իրանի հետազոտությունների կենտրոնն ու Կովկասյան ուսումնասիրությունների ինստիտուտը և այլն։ Ընթերցողին դրանց բովանդակությանը ծանոթացնելու նպատակով ստորև կանդրադառնանք տարբեր բնույթի որոշ հրապարակումների խիստ հակիրճ բովանդակությանը:

Բարենորոգչական կողմնորոշմամբ «Էթեմադ» օրաթերթն ապրիլի 19-ի համարում «Ընդդիմությունը Սարգսյանին սպառնացել է թավշյա հեղափոխությամբ» վերնագրով հոդվածում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն, 2008-2018թթ․ նրա նախագահությանը և 2015թ. Սահմանադրության փոփոխություններին ու դրանց նպատակամղվածությանը, ապա ընդգծել, որ Սարգսյանի՝ մեծ լիազորություններով վարչապետ ընտրվելը, իր իսկ խոստմանը հակառակ, Հայաստանի քաղաքական մթնոլորտում խիստ լարվածություն է առաջացրել։

«Էթեմադը» նաև նշել է, թե Սարգսյանը շատ սերտ բարեկամական հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ, և որ հենց նրա իշխանության օրոք է Հայաստանը ֆինանսական ու տնտեսական հսկայական աջակցություն ստացել Ռուսաստանից: Նա նաև հավելել է, որ ցուցարարները Հանրապետության հրապարակում հայտարարել են խաղաղ Թավշյա հեղափոխության մասին։

Ի դեպ, «էթեմադը» մայիսի 16-ին հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեփական թղթակիցների հարցազրույցը՝ «Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյան. Պատրաստ ենք Իրանում ներդրումներ կատարել» վերնագրով, որտեղ նա կարևորել է հայ-իրանական փոխհարաբերությունները, նշել նաև, որ Հայաստանը պատրաստ է գազի ու զբոսաշրջության ոլորտում ներդրումներ կատարել Իրանում։

Իսկ մայիսի 17-ին նույն պարբերականը տպագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Հայաստանի հեղափոխությունն աշխարհում ամենախաղաղն էր» վերտառությամբ հարցազրույցը։ Նշյալ հարցազրույցները վերահրապարակվել են նաև լրատվական տարբեր կայքերում։

Ապրիլի 24-ին «Համդելի» օրաթերթը «Վարչապետը հոգնելով ճնշումներ գործադրելուց՝ հրաժարական տվեց» հոդվածում ներկայացրել է Սարգսյանի հրաժարականի բովանդակությունը, նախօրեին նրա և Փաշինյանի հետ հանդիպումն ու դրան հաջորդած ձերբակալությունները։

Իրանի կարևորագույն գործակալություններից Isna-ն ապրիլի 20-ին «Հայաստանի վարչապետը բանակցելու ցանկությամբ դիմել է  ընդդիմությանը» վերնագրով թղթակցության մեջ օբյեկտիվորեն անդրադարձել է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի՝ բանակցություններ վարելու կոչին, որտեղ ներկայացվել են նաև հեղափոխության առաջնորդի տեսակետները: Նույն գործակալությունն ապրիլի 24-ին «Փաշինյանի ցատկը վարչապետի պաշտոնի համար» բավական ընդարձակ հրապարակման մեջ հայտնել է Փաշինյանի՝ վարչապետության պաշտոնը ստանձնելու պատրաստակամության մասին, ինչպես նաև անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությանը:

Ավելի քան մեկ տասնյակ լրատվական կայքեր տեղադրել են ILNA գործակալության ապրիլի 29-ի՝ «Հայաստանում ցույցերը վերսկսվեցին» վերտառությամբ թղթակցությունը, որտեղ անդրադարձ է եղել նաև ուսանողական շարժման առաջնորդ Դավիթ Պետրոսյանի` ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցին:

Բավական լայն տարածում է ունեցել նաև IRNA գործակալության մայիսի 8-ի՝  «Ընդդիմության առաջնորդը դարձավ վարչապետ» հոդվածը, որտեղ խոսվում է խորհրդարանում վարչապետի ընտրության գործընթացի մասին: Հոդվածում մանրամասն ներկայացվում են վարչապետ Փաշինյանի կենսագրությունն ու առաջիկա անելիքները, տեսակետները: Վերջին հատվածում անդրադարձ է կատարվում Հայաստանի աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքերին: Շեշտվում է, որ եթե Արևմուտքի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցության տարածումը Հարավային Կովկասի այդ երկրում հնարավոր դառնա, ապա այն տարածաշրջանի գլոբալ գործընթացների վրա լուրջ ազդեցություն է ունենալու: Հոդվածը եզրակացնում է, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի՝ ցանկացած ազդեցության ոտքի տեղ բացելն այստեղ ոչ միայն խիստ անհանգստացնելու է Ռուսաստանին, այլև մտահոգելու է արևմտյան կողմնորոշում չունեցող երկրներին: Ըստ երևույթին ի նկատի է առնվում հենց Իրանը։

Լրատվական բնույթի հոդվածներից ու թղթակցություններից զատ, կարելի է ասել, որ վերլուծական ու հետազոտական հոդվածների պակաս էլ չկար։ Այս առնչությամբ նախ մատնանշենք Եվրասիական Իրանի հետազոտությունների կենտրոնի հայաստանյան հարցերի փորձագետ դոկտոր Վալի Քուզեգյար Քալեջիի վերլուծական երկու հոդվածները: Առաջին՝ «Հայաստանի քաղաքական բողոքի ցույցերը, դրանց արմատներն ու հետևանքները» բավական ծավալուն հոդվածում հեղինակը նշում է, որ Սարգսյանի անսպասելի հրաժարականը հիշեցնում է 1998թ. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ապա շեշտում է, որ անցյալի ու ներկայի քաղաքական զարգացումները հստակորեն վկայում են մի իրողության մասին, որ Հայաստանի հասարակությունը կրավորական տեսակին չի պատկանում, այլ ակտիվ է ու ընկերակցային։ Քալեջին նշել է, որ վերջին զարգացումների արմատները ձգվում են դեպի 2015թ. սահմանադրական փոփոխություններ։ Խոսելով հասարակության ակտիվության մասին՝ վերջինս հիշատակել է «Էլեկտրիկ Երևան»-ը, Գյումրիում Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործության հետ կապված բողոքի ցույցերը և 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ կազմակերպված ու այլ ցույցեր, ընդգծել, որ վերջինները համահայաստանյան բնույթ էին կրում ու հենց դրանով էլ տարբերվում էին նախորդներից։ Ըստ Քալեջիի՝ Սարգսյանի խոստումը չկատարելը, այն է՝ չի հավակնելու ո՛չ վարչապետի և ո՛չ էլ նախագահի պաշտոնին, համբերության բաժակը լցվելու վերջին կաթիլն էր։ Նա միաժամանակ համոզմունք է հայտնում, որ զարգացումներն ինչպիսի ընթացք էլ ունենան, Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվի։

Քուզեգյար Քալեջին երկրորդ՝ «Մտորումներ Հայաստանի քաղաքական զարգացումներում Դաշնակցության կատալիզատորական դերի մասին» հետազոտությունում նախ նշում է, որ ՀՅԴ-ն Իրանում գլխավորապես հայտնի է իբրև ազգայնական կուսակցություն, և անտեսվում է նրա ձախակողմյան, համայնավարական բնույթը, ապա շեշտում է, որ այդ կուսակցությունը հայաստանյան վերջին զարգացումներում, ինչպես նաև անկախ Հայաստանի պատության մեջ հիմնականում կատալիզատորի դեր է ունեցել։

Մայիսի 6-ին պահպանողական դիրքորոշմամբ Farsnews գործակալությունը հրապարակել էր վերլուծաբան Ալի Մոհաղեղի «Հայաստանի անկայունությունը, Կովկասի մշուշապատ ապագան» վերլուծական  ծավալուն հոդվածը, որը տեղ է գտել նաև մի շարք այլ կայքերում: Մոհաղեղին հոդվածի վերջում հանգել է  հետևյալ եզրակացությանը, որ պետք է սպասել ու տեսնել, թե միջազգային շահագրգիռ ուժերի դերակատարություններով հայաստանյան ճգնաժամը դեպի որ կողմ է գնալու, արդյո՞ք նախկին ԽՍՀՄ երկրների օրինակով հեռանալու է Մոսկվայից, թե՞ ոչ: Նրա ընդգծմամբ՝ Ղարաբաղյան հիմնահարցը և Իրանի հետ փոխհարաբերությունները, անշուշտ, հայաստանյան ապագա զարգացումների անմիջական հետևանքներից են լինելու:

Նշենք, որ իրանյան վերլուծականներում, ինչպես նաև լրատվություններում գլխավորապես կարևորվել են Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների հնարավոր փոփոխությունները, ինչին բացասաբար են վերաբերվում, ինչպես նաև Ղարաբաղյան հիմնահարցը, ինչը բնական է, քանզի Հայաստանի ու Արցախի կայունությունն Իրանի համար ազգային անվտանգության ոլորտի հարցերից է։ Բայց և այնպես կան քաղաքական գործիչներ, որոնք խիստ ադրբեջանամետ հայտարարություններ են արել։ Իրանի խորհրդարանում Թավրիզ քաղաքից պատգամավոր Մոհամեդ Էսմաիլ Այիդին, Թավրիզում տեղի ունեցած մի հավաքում խոսքն ուղղելով Ադրբեջանի ղեկավարներին, հայտարարել է,  որ եթե ցանկանում են վերջ դնել Ղարաբաղը զավթելուն, ապա պետք է հետևեն Սուրբ Հոսեյնի օրինակին և բացարձակապես ոչնչից չվախենան, ինչպես վարվել են իրանցիներն իրան-իրաքյան պատերազմում։

Մեկ այլ հայտնի իրանցի կովկասագետ դոկտոր Բահրամ Ամիրահմադյանը, ով ավելի շատ Ադրբեջանի հարցերով է զբաղվում և ում դիրքորոշումներն էլ հաճախ ադրբեջանամետ են, «Հայաստանի ազգային շարժում» հոդվածում անդրադառնալով Թավշյա հեղափոխությանը, ներկայացրել է հայաստանյան զարգացումները՝ 2015թ․ Սահմանադրության հանրաքվեից մինչև Փաշինյանի վարչապետությունը։ Ըստ նրա՝ որոշակի մտավախություններ առաջացան այլ երկրների հետ Հայաստանի փոխհարաբերությունների վերաբերյալ, հնչեցին տեսակետներ, թե հնարավոր է, որ Թավշյա հեղափոխությունը հովանավորվել է դրսից, և գունավոր նոր հեղափոխություն է տեղի ունենում Կովկասում։ Սակայն հետագա զարգացումներն ապացուցեցին, որ շարժումը զուտ ազգային բնույթ է կրում և ո՛չ տնտեսապես, ո՛չ էլ քաղաքականապես դրսի ուժերից կախված չի եղել։

Ինչպես նշվեց, իրանական ԶԼՄ-ներում հակված էին Հայաստանի Թավշյա հեղափոխության թիկունքում Արևմուտքին և մասնավորապես՝ ԱՄՆ-ին տեսնել: Իրանական ԶԼՄ-ներում  թարգմանաբար հրապարակվել են նաև օտարերկրյա վերլուծաբանների ու փորձագետների տեսակետները, սակայն, ըստ ամենայնի, ընտրվել են նույն հակվածությամբ նյութերն ու հոդվածները։ Այլ կերպ ասած՝ ռուսական մեդիայի «մտահոգությունը» կիսել են նաև իրանցիները։

Ապրիլի 27-ին «Դիփլոմասի-ե Իրանի» (Իրանական դիվանագիտություն) պարբերականը Russia Insider կայքից թարգմանաբար հրապարակել է Tom Luongօ-ի հեղինակած «Ինչու՞ է Հայաստանի գունավոր հեղափոխությունը Վաշինգտոնի քաղաքականությունը» վերլուծականը, որտեղ հեղինակը ձգտել է ապացուցել, որ Թավշյա հեղափոխությունն ուղղորդված է եղել դրսից, և որոշ կանխատեսումներ արել, որոնք, փաստորեն, իրականություն չդարձան:

Իրանական ԶԼՄ-ներում խոսելով Հայաստանի «Սիրո և համերաշխության» հեղափոխության մասին՝ հարկ է նշել, որ հրապարակված հարցազրույցները, վերլուծական հոդվածները, լրատվական, ճանաչողական, թարգմանված և այլ ձևաչափերով նյութերի ծավալները, առանց չափազանցության, եթե չեն գերազանցել, ապա գրեթե հավասար են անկախությունից  ի վեր  Հայաստանի մասին հրապարակումների  ողջ ծավալին։

Հավելենք, որ անցյալ դարի 90-ականներին նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի մասին փոքրածավալ ու սահմանափակ ԶԼՄ-ներում էին նշվում։ Իսկ ինչ վերաբերում է հրապարակումների բովանդակությանը, ապա տվյալ հեղինակի և ԶԼՄ-ի քաղաքական ուղղվածությունից կախված, եղել են բարյացակամ կամ մտավախություն են հայտնել դրա հավանական արևմտամետ լինելու առնչությամբ՝ այն բնութագրելով որպես գունավոր հեղափոխություն։

Բացի այդ հրապարակված նյութերում կարևորվում են հայ-ռուսական փոխհարաբերությունները, ռուսական կողմի աջակցությունը, ինչը, կարելի է ասել, որ հաճախ ուռճացված է, և նոր զարգացումների ազդեցությունը Ղարաբաղյան հիմնահարցի վրա։

Պահպանողական կողմնորոշմամբ Tasnim գործակալությունը մայիսի 23-ին «Հայաստանի իրարանցումներում, Արևելքի ու Արևմուտքի պատերազմի մասին» հոդվածում ներկայացրել է զարգացումների դրդապատճառների, կառավարման համակարգի փոփոխության և այն մասին, որ նախկին վարչապետ Սարգսյանը կարևորում էր երկրի անվտանգությունը և այլն։ Հոդվածում շեշտվել են հայ-ռուսական փոխհարաբերությունները, Ռուսաստանի տնտեսական աջակցությունը  Հայաստանին, ինչն անգերագնահատելի է համարվել։

Tasnim-ը նշել է, թե Հայաստանը 2015թ. անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, հույսով, որ դրա ազդեցության տակ «Լավրովյան ծրագրով» Ադրբեջանի հետ հաշտության համաձայնագիր է ստորագրելու։ Հոդվածի հեղինակը կարևորել է Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում հայկական լոբբիստական շրջանակների դերը՝ ընդգծելով, որ դեռևս 90-ականներից այդ երկրների ոչ պետական կազմակերպություններն ու ընկերություններն ակտիվ են Հայաստանում։ Հեղինակի կարծիքով՝ 2015թ. ամռանն «Էլեկտրիկ Երևան»-ի ցույցերի բռնկման կայծի հեղինակն ամերիկյան մի ընկերություն էր, սակայն ցուցարարները թիրախ դարձրեցին Հայաստանի էլեկտաէներգիայի մատակարար ռուսական ընկերությունը։ «Թասնիմի» կարծիքով՝ հակակառավարական ուժերը մտադիր են Թավշյա հեղափոխությամբ երկիրը տանել դեպի ԵՄ, իսկ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման առնչությամբ հայկական ինչ-որ ազգայնականություն է դրսևորվում, ինչն առավել մեծացնում է պատերազմի վտանգը։ Հոդվածում եզրակացվում է, որ համաշխարհայնացման և եվրասիականության, Արևելքի ու Արևմուտքի միջև պատերազմն անգամ Հայաստանի նման փոքր երկրում է դրսևորվել։ Թանսիմը նաև ռուսական մամուլից է թագմանաբար նյութեր հրապարակել և վկայակոչել ռուս փորձագետների ու վելուծաբանների տեսակետները, ինչպես օրինակ, Զատուլինի դիրքորոշումները։

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

 

 

 

 

[1]  هستیم ایران در گذاری سرمایه‌ آماده : پاشینیان http://www.irdiplomacy.ir/fa/page/1976668, کنیم فعال را ارمنستان و ایران میان اقتصادی همکار داریم  علاقه:پاشینیان https://www.isna.ir/news/97022614863

[2]  Համդելի օրաթերթ, 24 ապրիլի, ‌ رفت ارمنستان وزیر نخست سرکوب از خستگیاز بعد استعفا

[3] اپوزیسیون با گفتگو برای ارمنستان وزیر نخست‌ درخواست https://www.isna.ir/news/97020100492

[4] ارمنستان وزیری نخست‌ تصدی برای پاشینیانخیز https://www.isna.ir/news/97020402836

[5] مخملی انقلاب دنبال به مخالفان /ارمنستاندر اعتراضات ادامه http://www.ghatreh.com/news/nn42218228

[6] شد وزیر نخست ارمنستان ارمنستان مخالفانرهبر http://www.ccsi.ir/vdcb98b8.rhb95piuur.html

[7] Հեղինակի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականը 90-ականների բողոքի ցույցերի հետևանքով էր։

[8] ارمنستان سیاسی تحولاتدر داشناکسوتیون کاتالیزوری نقشبر تاملی http://www.iras.ir/fa/doc/article/3645

[9] قفقاز آیندهدر ابهام ؛ارمنستان ناپایداری https://khabarfarsi.com/u/54114573, http://www.ghatreh.com/news/nn42467320, http://khabarfarsi.com/u/54144241 և այլն:

[10]قفقاز آیندهدر ابهام ؛ارمنستان ناپایداری www.farsnews.com/news/13970215001402

[11] آذربایجانجمهوری رهبران به خطاب تبریز مردم نماینده http://fa.arannews.com/News/60540/%D8%A7%DA%AF%D8%B1-%D8%A8%D8%AE%D9%88%D8%A7%D9%87%DB%8C%D8%AF-%D8%A7%D8%B4%D8%BA%D8%A7%D9%84-%D9%BE%D8%A7%DB%8C%D8%A7%D9%86-%DB%8C%D8%A7%D8%A8%D8%AF%D8%8C-%D8%A8%D8%A7%DB%8C%D8%AF-%D8%A8%D9%87-%D8%A7%D9%85%D8%A7%D9%85-%D8%AD%D8%B3%DB%8C%D9%86(%D8%B9)-%D8%A7%D9%82%D8%AA%D8%AF%D8%A7-%DA%A9%D9%86%DB%8C%D8%AF-%D9%88-%D9%87%DB%8C%DA%86-%D9%87%D8%B1%D8%A7%D8%B3%DB%8C-%D9%86%D8%AF%D8%A7%D8%B4%D8%AA%D9%87-%D8%A8%D8%A7%D8%B4%DB%8C%D8%AF.html,

այն վերահրապարակվել է նաև http://www.ghatreh.com/news/nn42768601 կայքում։

[12] رمنستانا ملي جنبش http://www.magiran.com/npview.asp?ID=3744450

[13]  ؟ است واشنگتن سیاست ارمنستان رنگی انقلاب چرا http://www.irdiplomacy.ir/fa/page/1976301/%DA%86%D8%B1%D8%A7+%D8%A7%D9%86%D9%82%D9%84%D8%A7%D8%A8+%D8%B1%D9%86%DA%AF%DB%8C+%D8%A7%D8%B1%D9%85%D9%86%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86+%D8%B3%DB%8C%D8%A7%D8%B3%D8%AA+%D9%88%D8%A7%D8%B4%D9%86%DA%AF%D8%AA%D9%86+%D8%A7%D8%B3%D8%AA%D8%9F.html Բնօրինակը՝ Tom Luongo, Armenia Heats Up as the Proxy War Continues, https://russia-insider.com/en/armenia-heats-proxy-war-continues/ri23259?ct=t(Russia_Insider_Daily_Headlines11_21_2014)&mc_cid=2ba5be0c14&mc_eid=29b6a0d710, Russia Insider 23.04.2018

[14]  ارمنستان های ناآرامی‌ در غربو شرق جنگاز تسنیم گزارش https://www.tasnimnews.com/fa/news/1397/02/03/1707461

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: