«Սրբապիղծն այժմ մեղադրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին սրբապղծության մեջ»

Jun 08, 2018 Comments Off on «Սրբապիղծն այժմ մեղադրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին սրբապղծության մեջ»

«Մեծարգո պարոն վարչապետ, 2017 թ. մարտին հուսալքված, դառնացած, բռնակալ եւ քմահաճ կաթողիկոսի անվերջանալի անարդարություններն ու հալածանքները մերժելով հեռացա Հայաստանից: Եվ միայն վերջերս հուսավառված եւ ոգեւորված Ձեր գլխավորած համաժողովրդական շարժմամբ` վերադարձա հայրենիք, եւ պատիվ է ինձ համար, որ վկան, ականատեսն ու մասնակիցը եղա լուսավոր ու արդար նոր Հայաստանի կերտմանը: Պարոն վարչապետ, խնդրում եմ, ականջալուր եղեք Աստծո խոնարհ ծառայիս խոսքին: Նոր եւ արդար Հայաստանի հեղափոխությունն իր վերջնական հանգրվանին չի հասնի եւ վերջնական հաղթանակով չի պսակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ս. Գրիգոր Լուսավորչի գահը մնում է զավթված չարի իշխանության կողմից: 19 տարի Գարեգին Բ-ն սրբապղծել է մեր բոլոր սրբություններն ու կանոնները: Մեր պատմությունը լեցուն է գահընկեց կաթողիկոսներով», – այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Խորեն վարդապետ Հովհաննիսյանի նամակում, որն անցյալ տարի կարգալույծ էր հռչակվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ:

Այս որոշման հիմք էր ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրությունը Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանի կողմից հոգեւոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ եւ առ այդ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը: Ո՞վ է կարգալույծ Հայր Խորենը եւ ինչո՞ւ է հեռացվել եկեղեցուց, ուշագրավ մանրամասներ է պատմել Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ ՏԵՐ ՄՈՎՍԵՍ աբեղա ՍԱՐԳՍՅԱՆԸ, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. «Արդեն ավելի քան երկու տարի է, Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ ծառայում եմ Հնդկաստանում, որպես Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ: Նույն ծառայության մեջ եղել է նաեւ Նշան Հովհաննիսյանը ( կարգալույծ եղած Խորեն վարդապետը) 2009-2013 թվականներին եւ այդ ընթացքում բարոյապես ոչնչացրել է մի ամբողջ սերունդ, որի ծանր ու որոշ դեպքերում անդառնալի հետեւանքները շտկելու համար մեզ դեռ երկար ու ջանադիր աշխատանք է պետք: Մարդասիրական ճեմարանում կամ հնդկահայ համայնքում նրա անունը հավասարազոր է հայհոյանքի: Այդ շրջանի շատ աշակերտներ, որոնք սիրով ու խոնարհաբար սպասավորում էին սուրբ խորանին, հեռացել են Աստծուց ու Եկեղեցուց եւ բացահայտ վկայում են, որ հայր Խորենն է իրենց այդպիսին դարձրել: Եվ պատկերացնում եք, այս սրբապիղծն այժմ մեղադրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին սրբապղծության մեջ:
Այս անձը լկտիորեն հայտարարում է, թե ի տարբերություն մեզ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավատարիմ միաբաններիս` սեւազգեստներիս, իր համար Եկեղեցին բիզնես չէ : Մինչդեռ Հնդկաստանում եղած տարիներին նրա ամբողջ հոգսը եղել է դրամ վաստակելը եւ ցոփ ու շվայտ կենցաղավարությունը, իսկ միայն Միանմարում մեկ ամսվա իր սնունդի ծախսը կազմել է շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար: Այս անձը խոսում է հավատքից ու աղոթքից, մինչդեռ հենց իր պատճառով մի ողջ սերունդ դադարել է հավատալ ու աղոթել: Խոսում է Աստծուց, մինչդեռ իր դաստիարակության արդյունքում մի ողջ սերունդ դարձել է աստվածամերժ: Այս անձը ազգովի ապաշխարության կոչ է անում, այնինչ հենց ինքը պետք է իր ողջ կյանքում ապաշխարի ու ողբա իր գործած ծանր մեղքերի համար», – նշել է Հայր Մովսեսը:

 iravunk.com 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: