Ծառուկյանը ձեռնոց է նետում Փաշինյանին

May 25, 2018 Comments Off on Ծառուկյանը ձեռնոց է նետում Փաշինյանին

Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը մնում է քաղաքական կյանքի օրակարգային խնդիրը: Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքագիտական հանրույթի հորդորներին հակառակ՝ ընտրությունների հարցը, ասել կուզի՝ նոր իշխանությունների լեգիտիմացման սահմանադրական ճանապարհը հանդիսացող արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ կոնսենսուս չի նկատվում: Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ հստակ չի պատասխանել այդ հարցին, անշուշտ, շեշտել է, որ դա իրենց համար ամենակարեւոր հարցն է, բայց երբ կանցկացվեն ընտրությունները,դրա մասին մոտավոր ժամկետ միայն Նիկոլ Փաշինյանն է նշել՝ այս տարի: Հանրապետականները շարունակում են մանեւրել այս հարցում՝ ասելով, թող գործընթացը սկսեն, իրենք իրենց առաջարկները կներկայացնեն: Հասկանալի է, որ նրանք դեմ են մոտ ժամկետներում ընտրություններ անցկացնել, որովհետեւ հեղափոխությունից հետո նրանք կարող են հավակնել ամենաշատը նվազագույն տոկոսներ: Նրանք հնարավորինս կձգեն հարցը: Գործող ընտրական օրենսգրքով ընտրությունների չի գնա նաեւ Նիկոլ Փաշինյանը, ռեյտինգային ընտրակարգի դեպքում իր հեղինակությունն անգամ մրցակցային չի լինի եւ ռեսուրսների տիրապետող ուժերը նրան դուրս կմղեն պայքարից:

Բայց ժամանակը չի աշխատելու Փաշինյանի օգտին, հիասթափությունների մասին արդեն բարձրաձայնում են: Շահողը բոլոր պարագաներում լինելու Ծառուկյան դաշինքը, որտեղ հիմիկվանից չեն զսպում ուրախությունը ու բարձրաձայնում են հավակնությունների մասին: Այսօր ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների ցանկացած պահի՝ և վաղը, և աշնանը, և գարնանը: Ստեղծված ոչ ստանդարտ ու ադեկվատ քաղաքական իրավիճակի հանգուցալուծումը նրա կարծիքով՝ ի վերջո պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ՙԵրբ կլինեն, մենք բոլոր ժամանակներում պատրաստ ենք: Մենք գնալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ինչպես միշտ ունենալով ամենաբարձր նշաձողը՝ հավակնել ու ստանալ մեր հայրենակիցների ձայների բացարձակ մեծամասնությունը: Անգամ առանց ռեյտինգային ընտրակարգի մենք հավակնում ենք ստանալ բացարձակ մեծամասնությունը՚ ՚, ասաց նա:Նրա կարծիքով, եթե քաղաքական ուժերի միջև լինի կոնսենսուս, հնարավոր է մինչև ԱԺ պաշտոնական արձակուրդի մեկնարկը, այն է՝ հուլիսի 15-ը ընդունել Ընտրական օրենսգիրքը: Ամառվա ընթացքում կարող է օրենսգիրքը գնալ Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության: Իսկ աշնան վերջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Ծառուկյանի թիմում վերջին օրերին չեն թաքցնում, որ այս կառավարությունն իրենց համար ժամանակավոր է եւ իրենք ամեն ինչ անելու են իշխանությանն ամբողջովին տիրանալու համար: Երեկ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարությունների ժամին նույնիսկ քննադատեց կառավարությանը՝ հորդորելով համաներել գյուղացիական վարկերը եւ միջոցներ ձեռնարկել մարզային բնակչության խնդիրները լուծելու համար: Վերջում հիշեցրեց իրենց ծրագրային 15 կետերը, մեսիջ հղելով, որ եթե իրենք լինեն իշխանության, բոլոր այդ հարցերը կլուծեն: Հստակ է, որ ընտրություններին Ծառուկյանի գլխավոր մրցակից դառնալու է համաժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը: Թե ինչպես են հակազդելու Ծառուկյանի դեմ նոր կառավարությունում, դեռ չեն բարձրաձայնում, երեւի այն ձեւերով, ինչ ընտրովի մարմինների դեպքում է…

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: