Սրիկայի հրաժեշտը

May 21, 2018 Comments Off on Սրիկայի հրաժեշտը

Հետհեղափոխական փուլի դիտարժան դրվագներից մեկը հեռացող պաշտոնյաների հրաժեշտի խոսքերն են, հատկապես որ դրանցից որոշների մեջ իսկական անկեղծության, իսկ երբեմն էլ արդարացման շեշտեր կան: Արդարացման, բայց ոչ ներողության: Հեռացողներից և ոչ մեկը հայ ժողովրդին ու ՀՀ քաղաքացուն դիմելիս այդպել էլ չօգտագործեց «կներեք» և «ներողություն» բառերը: Անգամ Լևոն Երանոսյանը, որ թվում է` իր խոսքը հենց այս բառերից որևէ մեկով պիտի սկսեր, գերադասել է ռազմահայրենասիրական ճառ արտասանել: «Փորձել ենք անել ամեն հնարավորն ու անհնարինը կերտելու մեր բոլորի երազած հզոր ու անվտանգ Հայաստանը: ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության առաջին օրվանից ես ներդրել եմ ամեն ջանք ու եռանդ, գիտելիք ու հմտություն, որ մեր գործը հաջողի: Ունեցել ենք բազում դժվարին օրեր ու անքուն գիշերներ, մեկը մյուսին հաջորդող դժվարին պահեր ու վայրկյաններ: Բայց ի պատիվ բոլորիս, մենք այդ բոլոր փորձությունները պատվով ու արժանապատվորեն ենք հաղթահարել. հաղթահարել ենք հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների ու ծնողների, հանուն հայ ժողովրդի: Որպեսզի նրանք վաղվա օրն արթնանան ավելի անվտանգ ու կայուն Հայաստանում»,- ասում է Լևոն Երանոսյանը:

Անկեղծություն կարծես թե կա. Երանոսյանն իսկապես արել է անհնարինը՝ այլանդակելու մեր հայրենիքի օրենքի պաշտպանի անունն ու ոստիկանության սպայի բարձր պատիվը: «Հեշտ առաքելություն դրված չի եղել մեր առջև. ներքին անվտանգության ապահովում, հասարակական կարգի պահպանություն, հատուկ և կարևոր օբյեկտների պահպանություն և պաշտպանություն, ինչպես նաև հարկ եղած դեպքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելը»,- կարծես թե փորձում է արդարանալ արդեն նախկին փոխոստիկանապետը: Սա իսկական սրիկայություն է, երբ պետության և ժողովրդի բարձր արժեքներից խոսում է մի մարդ, ով իր գործունեության ընթացքում իրեն թույլ է տվել լպիրշաբար ծեծի ենթարկել ոչ միայն իրենց իրավունքի համար պայքարող ՀՀ բազմաթիվ քաղաքացիների, այլ անգամ ազատամարտի ներկայացուցիչների: Թե Լևոն Երանոսյանին թվում է, որ Սասուն Միքայելյանի նկատմամբ իր վերջին պահվածքը մարդիկ մոռացել են: Մի քանի տարի առաջ էլ այս լկտին հպարտորեն հայտարարել էր, թե «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին ու մի քանի այլ ազատամարտիկների ծեծի ենթարկողներն իր մարդիկ են եղել: Մամուլը բազմիցս գրել է Լևոն Երանոսյանի և նրա եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեբոշների մասին: ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ այս զույգը զինված հարձակում էր կատարել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 3 համակիրների վրա: Դեպքի վայրում էր եղել նաև անձամբ փոխոստիկանապետը, որն առանձնապես սեր չուներ լրագրողների հանդեպ ու նրանց հարցերին միշտ պատասխան էր տալիս կոպտելով:

Եվ վերջապես, այս եղբայրական զույգը 2016 թվականի ամռանը՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, աչքի ընկավ Սարի թաղի ծեծն ու ջարդը կազմակերպելու աննախադեպ օպերացիայով: Հայտնի է, որ այդ օրերին ոստիկանության զորքերի աշխատանքը կոորդինացնում էր զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ում անմիջական հրահանգով էլ ոստիկանությունը հարձակվեց անզեն քաղաքացիների վրա՝ կիրառելով անհամարժեք ուժ: Հայտնի է, որ ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը՝ նույն ինքը փոխոստիկանապետի հարազատ եղբայրը, Խորենացի փողոցում ցուցարարների ուղղությամբ  լուսաձայնային նռնակ էր նետել: Թերևս այսպես են պատկերացրել հասրակական կարգի և այդ նույն ցուցարարի կյանքի անվտանգության ապահովումը փոխոստիկանապետն ու նրա եղբայրը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել է ազատազրկման՝ բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու և մի քանի այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ հիշում ենք, ոչ ոք և ոչինչ չի մոռացվել: Մնում է հասկանալ, թե այս արարքների հեղինակը ի՞նչ է նկատի ունեցել, երբ դիմելով ոստիկանության զորքերի ծառայողներին՝ ասել է. «Շնորհակալ եմ ձեզանից, որ տվեցիք ինձ հնարավորություն այդ զգացումներն ապրելու համար»:

 

Հայկ Դավթյան

 

 

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: