Պետությունը խաղալիք չի,որ խաղաս ու դեն նետես

May 18, 2018 Չի մեկնաբանվել

Ով չգիտի, որ մեր կադրային ռեսուրսն այնքան աղքատ է, որ ցանկացած ոլորտում ու տիրույթում լավ մասնագետների, փորձառու աշխատողների պակաս ու դեֆիցիտ կա: Եթե որեւէ մեկը կասկածում է դրանում, ահավասիկ թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարությունը, մասնավորապես, որոշ նախարարներ, որոնք եթե հեռու չեն, ապա մոտ էլ չեն տվյալ ոլորտին:

Զորօրինակ սփյուռքի նորանշանակ նախարար, 27 ամյա Մխիթար Հայրապետյանը: Նա մասնագիտությամբ արեւելագետ է, ավարտել է ԵՊՀ-ն։ Ունի մագիստրոսի կոչում։ Նորանշանակ նախարարը զբաղվել է զբոսաշրջությամբ՝ կազմակերպելով ուղեւորություններ դեպի Արեւմտյան Հայաստան։ 2015 թվականից իրականացնում է տարբեր կրթական ծրագրեր, որոնց մասին իր կենսագրականում ավելին չի մանրամասնում: Մասնագիտացած է նաեւ ոչ բռնի գործողությունների, խաղաղ անհնազանդության մեթոդաբանության մշակման, դրանց մատուցման հարցերում, որտեղից էլ սկսվում է շարժման հիմքը։ Սա երիտասարդ եւ համակրելի նախարարի ողջ կենսագրականն է, առընթեր իմանում ենք, որ հենց նա է Իմ Քայլը քայլարշավի գաղափարի հեղինակը, բայց մի՞թե միայն այդ փաստը բավարար է նրան հանձնել կարեւորագույն մի ոլորտ, որը Սփյուռքի նախարարությունն է՝ իր ուրույն ու առանձնահատուկ նշանակությամբ, նրբություններով ու ռազմավարությամբ: Նախարար, ով չունի փորձառություն, ծանոթ չէ համակարգին եւ չի դրսեւորվել համապատասխան , թեկուզ համանման ասպարեզներում: Անփորձությունն ու չիրազեկվածությունը նրա դեպքում դրսեւորվեց առաջին աշխատանքային օրը, երբ անչափ քաղաքակիրթ ու լուսավոր երիտասարդը թույլ տվեց առաջին, բայց խոշոր վրիպումը՝ բարձրաձայնելով հակասահմանադրական խնդրի մասին, որն ունի երկպալատ խորհրդարան անվանումը: Նորանշանակը ինքնավստահ հայտարարեց, որ օրակարգում է այն կյանքի կոչելու հարցը: Նախարարի անբռնազբոս հայտարարությունները գուցե մտահոգությունների առիթ չդառնային , քանի որ հույս կար, որ համակարգի արհեստավարժ ու փորձառու մասնագետները կծանոթացնեին հանգամանքների բերումով նախարարության աթոռին հասած նորաթուխին, սակայն հայտնի դարձավ, որ գերատեսչության վաստակաշատ մասնագետները հեռանում են մեկը մյուսի հետեւից, առաջինն աշխատակազմի ղեկավարն էր՝ արհեստավարժ ու իր գործի գիտակ Ֆիրդուս Զաքարյանը, նա իր հեռացումը բացատրում է կուսակցական պատկանելությամբ, ՀՀԿ խորհրդի անդամ է ու բարոյական չի համարում շարունակել աշխատանքը նոր թիմի հետ: Բայց նրան հետեւել են  նաեւ փոխնախարարները ու կան տեղեկություններ, որ հրաժարականներն այսքանով չեն ավարտվելու: Սա այն պարագայում, որ թե Նիկոլ Փաշինյանը, թե անձամբ նախարարը հրապարակային երաշխիք տվեցին, որ կադրային ջարդ չի լինելու: Եթե նույնիսկ այս մարդիկ ինքնակամ ազատման դիմումներ են գրում, ապա ոչ միայն այս պարագայում այլեւ առհասարակ ցանկացած երիտասարդ ու անփորձ նախարար՝ չափահաս կամ անչափահաս, պետք է իր պարտքը համարի թեկուզ համոզելով, թեկուզ խնդրելով ամեն գնով արհեստավարժ մասնագետներին պահի համակարգում: Եթե հանգամանքների բերումով հայտնվել եք այդ պաշտոնին, պետք է հասկանալ, որ մենք ռեսուրս չունենք, մենք չենք կարող այդքան անփույթ լինել մարդկանց նկատմամբ, որ որակյալ մասնագետին, հանրօգուտ աշխատանք կատարելու ունակ մարդուն գործուղենք գործազուրկների շարքերը: Չենք խոսում, որ երբ մարդը գնահատված չէ, նա ամեն վայրկյան պատրաստ է լքել իրեն չգնահատող երկիրը:

Ի դեպ ,պետությունը խաղալիք չի,որ խաղաս ու դեն նետես:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Պետությունը խաղալիք չի,որ խաղաս ու դեն նետես”

Մեկնաբանել