Բաքուն կկազմակերպի տարբեր հարձակումներ

Apr 28, 2018 Comments Off on Բաքուն կկազմակերպի տարբեր հարձակումներ

Ադրբեջանը հայտարարել է, թե պատրաստ է շարունակել բանակցությունները Հայաստանի՝ «սթափ մտածողությամբ քաղաքական ուժերի հետ»: «Շփման գծում ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, թե լարվածությունը թուլացնելու համար Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը «գրավյալ տարածքներից»:

Օրեր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակները քննադատել են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ցույցերի ընթացքում քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառումը, լրագրողների աշխատանքի խոչընդոտումն ու քաղաքացիներին համատարած բերման ենթարկելը:

Ըստ Aravot.am-ի՝ ակտիվ են եղել նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները: Նրանք լայնորեն քննադատել են Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սահիբա Գաֆարովան հայտարարել է. «Սերժ Սարգսյանը և իր կրիմինալ կառավարությունը կարծում են, որ անպատժելի են: Տարիներ առաջ Ազգային ժողովի վրա հարձակումը, քաղաքական գործիչների սպանությունը, այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանների անմարդկային վերաբերմունքը կրկին ցույց տվեցին Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը: Սա վկայում է Հայաստանում հակաժողովրդավարական և բռնատիրական համակարգի գոյության մասին»:

Իսկ ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակ Սևինջ Ֆաթալիևան հայտարարել է. «Ցավոք, Հայաստանի իշխանությունների կարճատես քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է տարածաշրջանում մեկուսացման մեջ և բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում»: Հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին՝ ադրբեջանցի պատվիրակը հայտարարեց. «Նայեք, թե ինչ է տեղի ունենում մարզերում: Թեև իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարում, բայց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք ահազանգում են ձերբակալությունների, բռնությունների, բերման ենթարկելու մասին: Հարյուր հազարավոր խաղաղ ցուցարարների գործողությունները ճնշման էին ենթարկվում իշխանության ներքո գտնվող ուժային կառույցների միջոցով»:

Իհարկե Ադրբեջանը մշտապես առիթը բաց չի թողել քննադատելու Հայաստանին որևէ ամբիոնից: Բայց հստակ պետք է հասկանալ, որ հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, անորոշությունը՝ իսկապես կարող են որոշակի տրամադրություններ առաջացնել միջազգային կառույցներում՝ Հայաստանի նկատմամբ:

Դիվանագիտական աշխատանքի կազմակերպման հարցով՝ մեծ հարցականներ են: Ովքե՞ր են այդ աշխատանքը շարունակելու, ի՞նչպես, ի՞նչ առաջնահերթություններով:

Էլ չենք ասում, թե ո՞վ է բանակցելու Հայաստանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հարցով, եթե առաջիկայում բանակցություններ կազմակերպվեն:

Ընդհանուր առմամբ, պետք է սպասել, որ Ադրբեջանից կլինեն հարձակումներ և դրանք կսաստկանան առաջիկայում, և դա չի վերաբերում միայն սահմանային իրավիճակին: Սա այն պահն է, երբ Բաքուն ողջ ուժով է լարելու ուժերն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի բոլոր կողմերից:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: