Գագիկ Հարությունյանը նկատի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի՞ն

Mar 19, 2018 Comments Off on Գագիկ Հարությունյանը նկատի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի՞ն

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Գագիկ Հարությունյանը ուշագրավ բացահայտում է արել իր գործունեության վերաբերյալ:

«Ես մի փոքր փակագիծ բացեմ: Մարտի մեկից առաջ էր, ուրիշ առիթով էր: Բարդագույն  իրավիճակ էր, գիշերը ժամը 2 անց կես ինձ լուր տվեցին, որ պայթյուն է սպասվելու: Ես գնացի, հավաքեցի մարդկանց, սկսեցինք քննարկումները մինչև հաջորդ օրվա ժամը 4-ը: Որևէ արդյունքի չհասանք, իրավիճակն արդեն այնպիսին էր, որ ավտոմատները պատրաստ են, կամուֆլյաժները հագած՝ մարդիկ գնում էին որոշակի գործողությունների, որոնք կարող էին ունենալ շատ ավելի մեծ հետևանքներ: Եվ իմ քննարկումների սկզբունքը հետևյալն էր՝ մեկ կաթիլ արյունն էլ չի կարող արդարացնել ցանկացած նպատակ, և պետության մեջ չպետք է լինի նախադեպ: Երբ արդեն վերջում տեսնում եմ, որ չենք կարողանում կոնֆլիկտը հաղթահարել, ես բավական զայրացած, կյանքում իմ շուրթերից որևէ մեկը հայհոյանք չի լսել, այդտեղ ներկաները լսեցին, ասացի՝ ուրեմն առաջին զոհը ես պետք է լինեմ, եթե դուք գնում եք նման քայլերի: Այդտեղ կոնֆլիկտի ամենազորեղ կողմերից մեկը ձեռքը տանում է գրպանը, ի՞նչ կմտածես, թե ինչ կարող է հանել, և հանկարծ շինելի գրպանից հանում է Սահմանադրությունը: Ես ապշած նայում եմ, բացում է՝ տեսնում եմ կարմիրով նշումներ: Եվ երկու ժամվա ընթացքում մենք կարողացանք լուծումներ գտնել»,- պատմել է նա:

Ճշգրտող հարցին, թե երբ է եղել այդ դեպքը, հոկտեմբերի 27-ի՞ն, նա պատասխանել է՝ դրանից հետո, և ավելացրել, որ այդ միջադեպից հետո տարբեր իշխանավորներ ամիսներով իր հետ չեն խոսել: Գագիկ Հարությունյանը նաև հավելել է, որ ինքը երբեք ոչ մի իշխանության նվիրված չի եղել, այլ իր գործն է արել. «Ես ծառայել եմ իմ ժողովրդին ու իմ պետությանը, խիղճս մաքուր է, ես հանգիստ եմ»,- հայտարարել է Գագիկ Հարությունյանը:

Կոնկրետ ի՞նչ դեպքի մասին է խոսքը` ՍԴ նախկին նախագահը չի մանրամասնել: Նա չի նշել նաև, թե ովքեր են եղել իրենից խռոված և իր հետ ամիսներ շարունակ չխոսած պաշտոնյաները: Միակ բանը, որ Գագիկ Հարությունյանը հստակեցրել է, այն է, որ խոսքը չի վերաբերում ոչ Մարտի 1-ին, ոչ Հոկտեմբերի 27-ին. տեղի ունեցածը Մարտի 1-ից առաջ էր, հոկտեմբերի 27-ից հետո: Այս ժամանակահատվածում հանրապետությոն նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր. Գագիկ Հարությունյանը նրա՞ն է նկատի ունեցել` դժվար է միանշանակ ասել: Համենայն դեպս, նախկին սահմանադրության պայմաններում միակ պաշտոնյան, ում հետ խռոված լինելու իրողությունը կարող էր լուրջ նշանակություն ունենալ ՍԴ նախագահի համար, հանրապետության նախագահն էր: Նման նշանակալի իրադարձություն, երբ Քոչարյանը պատճառ կամ էլ գուցե պատճառներ ուներ չխոսել Սահմանադրական դատարանի այն ժամանակվա նախագահի հետ, թերևս կարող էր լինել 2003 թվականի նախագահական ընտրությունը, որը նախ տեղի ունեցավ երկու փուլով, իսկ ավարտին, երբ այն ժամանակվա ընդդիմությունը, որի առաջնորդը Ստեփան Դեմիրճյանն էր, արդյունքները վիճարկեց Սահմանադրական դատարանում:  Սահմանադրական դատարանն այն ժամանակ կայացրեց 1 տարի անց վստահության հանրաքվե անցկացնելու մասին որոշում, որն իհարկե այդպես էլ տեղի չունեցավ, սակայն այդ պահին իսկապես չեզոքացրեց լարվածությունը: Դժվար է միանշանակ ասել, թե հենց այս դեպքն է նկատի ունեցել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, սակայն նրա բարձրաձայնած պատմությունը բավականին հստակ մեսիջ է, որ ինքը Սահմանադրական դատարանից հեռացել է գաղտնի թղթապանակով: Ի վերջո, մի գեղեցիկ օր էլ նա կարող է անուններ տալ և պատմել, թե ովքեր իրենից նեղացածները և ինչ հարցով:

Ի դեպ, այս համատեքստում գաղտնի է մնում Մարտի 1-ի հարցը. ի՞նչու Գագիկ Հարությունյանը այն ժամանակ չի փորձել կամ էլ գուցե փորձել է, սակայն չի կարողացել հասնել նրան, որ արյուն չհեղվի: Եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլ հայտարարվեր, Մարտի 1-ի ողբերգությունը, որը ինքը` Գագիկ Հարությունյանը բնորոշել է ամոթալի էջ, տեղի չէր ունենա:

 

  Հայկ  Դավթյան 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: