Հողը Արա Աբրահամյանի ոտքերի տակից սկսում է փախչել

Mar 14, 2018 Comments Off on Հողը Արա Աբրահամյանի ոտքերի տակից սկսում է փախչել

«2Ն Քոմփընի» ընկերությունը շարունակում է նորանոր բացահայտումներ և փաստեր հրապարակել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գործունեության մասին: Այս անգամ ընկերության իրավաբան Յուրի Սեմյոնովը ներկայացրել է մեկ այլ պատմություն, որը տեղի է ունեցել օվկիանոսից այն կողմից՝ Միացյալ Նահանգներում, ուր Արա Աբրահամյանը բիզնես է ծավալել:

Պատմությունը սկսվել է դեռևս 2011 թվականին, երբ Կալիֆոռնիայում ստեղծվել է “OrganicAmerica” LLC ընկերությունը (կայք՝ www.microsalad.com), որի գործունեության հիմնական ուղղությունը մինի-բանաջարեղենի, սերմերի և խոտաբույսերի աճեցումն է: Այս ընկերության հիմնադիրներն են “Unava”, LLC ընկերությունը (Աբրահամյանի ենթակայությամբ) և “World Organics”, LLC ընկերությունը: Նորաթուխ գործընկերներն այն ժամանակ պայմանավորվել էին, որ Աբրահամյանը դրամական միջոցներ կներդնի “Organic America” LLC ընկերության մեջ, նաև, ինչպես արդեն հայտնի սցենարում, օգտագործելով իր բիզնես և քաղաքական կապերը, կնպաստի արտադրանքի իրացմանը: Չնայած դրան՝ իրադարձություներն ընթացել են արդեն հայտնի ուղիով. ներդրումները հարկավոր չափով չե՛ն կատարվել, իսկ բիզնեսի զարգացման օգնություն չի՛ ցուցաբերվել:

Ավելին՝ Աբրահամյանը մեղադրել է իր գործընկերներին այն բանում, թե, իբր նրանք սխալ են ղեկավարում ընկերությունը: Ինչպես հայտնում են Աբրահամյանի գործընկերների փաստաբանները, Աբրահամյանը պարտադրել է նոր համաձայնագիր կնքել, այնուհետև փորձել է յուրացնել նրանց պատկանող “Organic America” LLC ընկերության մի մասը: 2013թ. նոյեմբերին Աբրահամյանի “Unava” LLC ընկերությունը դատարան է դիմել ընդդեմ “World Organics”, LLC ընկերության և դրա հիմնադիրների՝ Բագրատ Հովհաննեսի, Գեորգի Իմնիաշվիլիի և Տիգրան Հակոբյանի: Աբրահամյանի փաստարկները դատական պրոցեսում անհավաստի և անարժանահավատ տպավորություն են թողնում: Այս ամենը շատ է հիշեցնում նրա փաստարկները՝ ընդդեմ «2Ն Քոմփընի» ընկերության՝ Մոսկվայում:

Կոնկրետ այս պատմությունը՝ կապված Արա Աբրահամյանի ամերիկյան բիզնեսների հետ, թերևս կունենա շարունակություն, և դեռ կլինեն նոր բացահայտումներ:

Վերջին շրջանում հողը Արա Աբրահամյանի ոտքերի տակից սկսել է փախչել՝ «2Ն Քոմփընի» ընկերությունը հետևողականորեն ՙՙ ընկել է՚՚ Աբրահամյանի հետևից, և մեկը մյուսի հետևից սյուրպրիզներ է մատուցում նրան: Մինչ այդ էլ «2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատեր Ռուբեն Գրիգորյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդդեմ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ նշելով, որ Ռուսաստանի հայերի միության նախագահը անօրինական ճանապարհով յուրացրել է գործարար Ռուբեն Գրիգորյանի ունեցվածքը՝ չարաշահելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իբրև թե ունեցած ընկերական հարաբերությունները:

Երկու օր առաջ էլ Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Սպարտակ Կոստանյանն էր հայտարարել, որ Արա Աբրահամյանի ստեղծած Համաշխարհային հայերի կոնգրեսը ֆիկցիա է: Նա պատմել էր կազմակերպությունը լքելու իր շարժառիթների մասին և ներկայացրել Հայաստանի զարգացման իր տեսլականը: Կոստանյանը կոշտ քննադատության էր ենթարկել նաև Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը: «Երբ իշխանության մեջ քրեական հեղինակություններ են, նրանք պատգամավոր կամ մարզպետ են դառնում, ողբերգություն է»,- ասել էր նա:

Հայաստանից դուրս, հատկապես Ռուսաստանում  աշխատող մեծ կարողությունների հասած հայերից թերևս շատերին կարելի է մեղադրել անօրինականությունների և տարբեր մեքենայությունների մեջ: Այս շարքում Արա Աբրահամյանը թերևս եզակի օրինակ չէ: Բայց ինչու հենց հիմա, հենց այս պահին է բարձրացվել Արա Աբրահամյանի ունեցվածքի օրինականության հարցը: Ռուբեն Գրիգորյանը պատռում է Արա Աբրահամյանի ստի դիմակը. հավանաբար նա դրա համար ունի սեփական պատճառները:

Այս հարցը կարելի էր ընդհանրապես դիտարկել երկու մասնավոր անձանց հարաբերությունների համատեքստում, սակայն այս բացահայտումները անդրադառնում են Ռուսաստանի մյուս հայերի վրա ևս, որովհետև Արա Աբրահամյանը տարիներ շարունակ հանդես է եկել Ռուսաստանի հայերի միության նախագահի կերպարով: Ըստ էության միությունը՝ որպես ազգային լոբբինգի օղակ, հավելյալ լծակ է եղել Արա Աբրահամյանի համար՝ կարգավորելու իր բիզնեսի հարցերը՝ հընթացս լուծելով նաև իր ու Կրեմլի ղեկավարության միջև հարաբերությունների հարցը: Կրեմլը առայժմ լուռ հետևում է պրոցեսին, սակայն այն, ինչ կատարվում է անպայման, ձևավորելու է համապատասխան վերաբերմունք: Անթույլատրելի է սակայն, որ Արա Աբրահամյանի մութ գործերն ու անցյալը բացասաբար ազդեն կամ տարածվեն Ռուսաստանում ապրող մեծ հայկական համայնքի վրա:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: