Արտառոց դեպք Երևանում. տրոլեյբուսի լարը վերանորոգող աշխատակիցներն ամբարձիչի վրայից 4 մետր բարձրությունից ընկել են, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Mar 08, 2018 Comments Off on Արտառոց դեպք Երևանում. տրոլեյբուսի լարը վերանորոգող աշխատակիցներն ամբարձիչի վրայից 4 մետր բարձրությունից ընկել են, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Այսօր՝ մարտի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցից Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը 2 քաղաքացու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Ոստիկանները պարզել են, որ նշված քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել Մազմանյան փողոցի վրա աշխատանքներ կատարելիս վայր ընկնելու հետևանքով։ Նրանք կանգնել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և վթարային ազդանշանները միացրած ГАЗ 53 մակնիշի վթարային ամբարձիչի վրա, որպեսզի վերանորոգեն վթարված տրոլեյբուսի լարը։ Այդ պահին, ըստ նախնական տեղեկությունների, հանդիպակաց երթևեկելի գոտիով անցել է մեկ այլ բեռնատար ավտոմեքենա, որը, հավանաբար, բախվել է տրոլեյբուսի վթարված ճոպանին, ինչի հետևանքով էլ աշխատակիցները մոտ 4 մետր բարձրությունից վայր են ընկել։ Մինչ շտապօգնության ժամանումը, վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Արման Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և առեղծվածային բեռնատարը հայտնաբերելու ուղղությամբ։

Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տրոլեյբուսի լարի պոկման հետևանքով վնասվել են նաև «Լյուքս» գեղեցկության սրահի գովազդային վահանակի տառերը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: