Վահրամ Բաղդասարյանի աղմկահարույց հայտարարության հետքերով

Mar 08, 2018 Comments Off on Վահրամ Բաղդասարյանի աղմկահարույց հայտարարության հետքերով

«Փաստ» թերթը գրում է. «Թեև ԱԺ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի օրերս արտահայտած տեսակետին, թե՝ Հայաստանում առկա կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը և անգամ՝ ազգային անվտանգությանը, պետք չէ ուշադրություն դարձնել, քանի որ դա ԱՄՆ պաշտոնական տեսակետը չէ, հերթական անգամ ալեկոծել է հասարակությանը։

Նա նաև ասել էր, որ կոռուպցիայից խոսող ցանկացած այլ երկրի պաշտոնյա առաջին հերթին պետք է իր երկրի կոռուպցիայից խոսի, նոր ուրիշի: Համաձայնեք, որ ավելի սրամիտ հայտարարություն սպասել հնարավոր չէր և մնում է Վահրամ Բաղդասարյանին հարցնել, որ եթե երկրի դեսպանը տվյալ երկրի պաշտոնական տեսակետը չի հնչեցնում, ապա ո՞ւմ կարծիքն է հնչեցնում: Եվ երկրորդ՝ եվրոպական ո՞ր երկրի կոռուպցիոն ռիսկերն են այդքան սասանում պետականությանը, որքան Հայաստանինը, կամ ո՞ր երկիրն է դռները բացել տարբեր հանքարդյունահանողների առջև ու ասել՝ եկեք, հանքը թալանեք տարեք, աղբն էլ թողեք մեր ժողովրդին նվեր:

 «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով, զարգացած երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող բոլոր մեխանիզմները նորմալ աշխատում են և եթե մենք էլ մեզ մոտ կարողանանք նման մեխանիզմներ աշխատեցնել և տեսնել, թե վերջին հաշվով այս կամ այն պաշտոնյան ինչ պատժի արժանացավ և ինչպես այն կրեց, որևէ մեկը Հայաստանին չի կարողանա ասել, որ երկրի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը կոռուպցիան է:
«ԱՄՆ դեսպանի խոսքի գլխավոր շեշտը նա էր, որ պետք է անկախ դատական համակարգ ունենալ և աշխատող իրավապահ համակարգ: Բացի այդ, եթե մեզ մոտ 1000 դեպքից միայն մեկի մասին է հանրությունն իմանում, ապա օրինակ՝ ԱՄՆ-ում կամ ժողովրդավարական շատ ու շատ երկրներում 10 դեպքից առնվազն 9-ի մասին հայտարարվում է: Շատ ու շատ երկրներ հասել են այն մակարդակի, որ օրինակ կարող են երկրի կոնգրեսմենին, նախկին կամ գործող նախագահին, վարչապետին կանչել հարցաքննության և մեղքը հաստատվելու դեպքում նրանք կրեն իրենց պատիժը: Դրանով են տարբերվում զարգացած, ժողովրդավարական երկրներն այն երկրներից, որտեղ թեկուզև թղթի վրա ամեն ինչ գրված է, բայց՝ չի գործում»,- ասաց Թ. Պողոսյանը:

Նախկին պատգամավորի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն քրեական գործի մասին հաղորդագրություն տարածելն է, այլև իր վերջնական քննությունը` պատժի կրումը: Եվ այն օրը, երբ կկարողանանք նման հետևողական աշխատանք իրականացնել ու այդ մասին հասարակությանը իրազեկել, այդ ժամանակ այլևս Հայաստանի մասին չեն ասի, որ կոռուպցիան հասել է նման մակարդակի: «Որպես ուղենիշ մենք այս ճանապարհը պետք է վերցնենք և գնանք մինչև վերջ, եթե ցանկանում ենք, որ որևէ մեկը մեզ չասի, որ կոռուպցիան է մեր երկրի զարգացման գլխավոր խոչընդոտը: Հարկատուները որպես պահանջատեր իրավունք ունեն իմանալու, թե այս կամ այն պաշտոնյան, որը ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու կամ պետական գումարները յուրացնելու համար, հետագայում ինչ ճակատագրի արժանացավ:

 Այս մասին իրազեկելն իշխանությունների պարտականությունն է: Պատահում են դեպքեր, որ դատապարտվում են, բայց շատ արագ դուրս են գալիս բանտից կամ վերջնական պատիժն այլ ձևով են կրում: Այս ամենը բացառելու համար պետք է հետևողական լինել, որի խնդիրը կա»,- ասաց Թ. Պողոսյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: