ԼՂ հակամարտության ստատուս-քվոն չի կարող երկարաժամկետ լինել. Էնդրյու Շեֆեր

Mar 07, 2018 Comments Off on ԼՂ հակամարտության ստատուս-քվոն չի կարող երկարաժամկետ լինել. Էնդրյու Շեֆեր

Թեև ներկայիս ստատուս-քվոն չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահպանվել, ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ չկա: Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը աջակցում է հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին և կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

«ԱՄՆ երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են Մինսկի խմբի համանախագահները, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ներառյալ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության դրա հիմնական սկզբունքների: Մենք նաև համոզված ենք, որ ներկայիս ստատուս-քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, և որ այդ հակամարտության լուծման ռազմական ճանապարհ գոյություն չունի»,- ասել է նա:

Շեֆերի խոսքով՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների արտահայտած՝ բանակցային գործընթացն ինտենսիվացնելու և լարվածության նվազման ուղղությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու վճռականությունն արտացոլում է այդ իրողությունը:

«Ժնևում հանդիպման պահից մենք մեծ աշխատանք ենք տարել հակամարտող կողմերի հետ որպես համանախագահներ ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար և կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է նա:

Նշելով, որ ԱՄՆ-ը որպես միջնորդ-երկիր կողմնակից է բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Շեֆերը նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որը կնպաստի երկարաժամկետ կարգավորմանը:

«Մենք շարունակում ենք նպաստել, որպեսզի նախագահները և ԱԳՆ ղեկավարները հնարավորինս շուտ հանդիպեն հիմնական հարցերի քննարկումները վերսկսելու համար, ներառյալ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և 2017 թ. Ժնևում, նաև 2016 թ. Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ընդունված որոշումների իրագործմանն ուղղված քայլերի կարևորությունը»,- նշել է Շեֆերը:

Պատասխանելով հարցին՝ Երևանը և Բաքուն որքան մոտ են կայուն խաղաղության հասնելուն՝ Շեֆերն ասել է, որ հակամարտության կարգավորման պարզ ուղիներ չկան:

«Իմ գործունեության ընթացքում ես հակամարտության տարբեր կողմերով զբաղված տարբեր մարդկանց հետ եմ հանդիել: Թեև ես շատ լավ առաջարկներ և գաղափարներ եմ լսել, հակամարտության պարզ կարգավորում չկա: Անիրական կլիներ սպասելը, որ լուրջ բեկում կարող է ձեռք բերվել առանց մեծ աշխատանքի և պատրաստության, ինչը որոշակի ժամանակ կտևի»,- ասել է նա:

Համանախագահի խոսքով՝ բանակցային գործընթացում դրական առաջընթացի համար անհրաժեշտ են շարունակական անկեղծ ջանքերն ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ՝ համանախագահների և միջազգային հանրության, ինչը վերջին հաշվով հակամարտող կողմերից դժվար որոշումների ընդունում կպահանջի:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: