Դեղերի բացթողման նոր կարգն ապօրինի է.վարչապետը լվանում է ձեռքերը

Mar 06, 2018 Comments Off on Դեղերի բացթողման նոր կարգն ապօրինի է.վարչապետը լվանում է ձեռքերը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեղերի բացթողման նոր կարգն իսկապես գլխացավանք է դարձել բոլորի համար. նախ՝ պարզվում է` այս գործընթացն ապօրինի է. ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված են դեղատոմսով եւ առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, սակայն նշված չէ իրավական ակտը, որով նախատեսված են այդ ցանկերը. նշված չէ, որովհետեւ նման իրավական ակտ պարզապես չկա: Կառավարությունը դեռ նոր պետք է որոշում ընդունի:

Սա, իհարկե, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավիճակ է՝ գոնե երկու դրվագներով. ինքնիրավչություն, պաշտոնեական դիրքի չարաշահում: Ինչո՞ւ, որովհետեւ առանց իրավական ակտի նախարարությունը դեղատներին եւ բժիշկներին պարտադրում է դեղատոմսով դեղ բաց թողնել:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանին, սակայն նա պատասխանեց, թե հարցի պատասխանատուն առողջապահության նախարարությունն է: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռքերը լվանում է նախարարության իրականացրած այս դեպքում ապօրինի գործողություններից:

Ու այդ ընթացքում մարդիկ պարզապես հայտնվել են անելանելի վիճակում. ոչ աշխատանքային ժամին, շաբաթ, կիրակի օրերին պարզապես իրավունք չունեն հիվանդանալ ու դեղ խմելու անհրաժեշտություն ունենալ, քանի որ պոլիկլինիկաներում աշխատակիցներ չկան, իսկ հիվանդանոցներում հերթեր են. դեղատոմսի համար մարդ հետազոտելու ժամանակ չունեն: Քաղաքացին էլ շատ դեպքում հիվանդանոց գնալու փող չունի: Ահա վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության նորամուծության հերթական դրսեւորումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: