Տխրահռչակ քվեարկության լույսն ու ստվերը

Mar 02, 2018 Comments Off on Տխրահռչակ քվեարկության լույսն ու ստվերը

Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության արդյունքները շոկ առաջացրեց Ազգային ժողովում: Ի հեճուկս Ելք-ի հայտարարության, որ խմբակցությունում միասնական որոշում կա երկու թեկնածուների՝ Գագիկ Հարությունյանի եւ Գեւորգ Դանիելյանի վերաբերյալ, նրանց դեմ են քվեարկելու, քվեարկության արդյունքում պարզվեց, որ Գագիկ Հարությունյանին դեմ է քվեարկել ընդամենը երկու պատգամավոր: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաշվարկի ընթացքում կեղծիք է կատարվել եւ պետք է իրավապահները հետաքննություն սկսեն:

Ուշագրավ է, որ Ելք-ի անդամ Լենա Նազարյանը գտնվելով Հաշվիչ հանձնաժողովի կազմում, ներկա լինելով քվեների հաշվարկին, ստորագրել է արձանագրության տակ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Լենա Նազարյանը բոլորի պես հաշվել է քվեաթերթիկները եւ հնարավոր չի եղել բոլորին հետեւել: «Պետք էր ելնել այն կանխավարկածից, որ ժուլիկներ էստեղ կան, բայց Ազգային ժողովում մեկ-մեկ զգոնությունդ կորցնում ես»: Ըստ Փաշինյանի՝ այս «ժուլիկությունը» իշխանությունը կազմակերպել էր «Ելք» խմբակցությունում խնդիրներ ստեղծելու նպատակով, որ միմյանց սկսեն կասկածել. «Թող մեկը բացատրի՝ ինչու պիտի կողմ քվեարկեինք Գագիկ Հարությունյանին, կասկածի տա՞կ էր նրա ընտրվելը, իհարկե ոչ»:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Հանրապետական Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ Լենա Նազարյանը ստորագրել է բոլոր փաստաթղթերի տակ, արդյունքները չէին կարող կեղծվել: «Ես չեմ կարող ասել, որովհետեւ «Ելք»-ի հանձնաժողովի անդամը անձամբ ստորագրել է փաստաթղթերը ու որեւէ խնդիր չի տեսել: Արկղը շրջել ենք, նայել, բոլոր անդամները հաշվել են, կանոնակարգի խախտում չկա, ըստ կարգի հաշվել են: Բացառվում է, որ քվեաթերթիկ փոխվեր, քանի որ ավելացածները պատռվել են»,-ասաց Գագիկ Մելիքյանը:

Նույն հանձնաժողովի անդամ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նույնպես վստահեցրեց, որ ինքը որեւէ խախտում չի տեսել, նա ասաց, որ բոլորը միասին հաշվել են քվեները, ու ինքը չի նկատել քվեաթեթրիկների տեղափոխություն, սակայն կողմ է վերահաշվարկին:

Հատկանշական է, որ նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միջանցքում ռեպլիկ էր թողել, թե Ելք-ից չորսը լավ էլ կողմ են քվեարկել: Ինչն է այս պատմության մեջ զարմանալին, այն, որ ընդդիմությունը չի կասկածել իշխանությանը եւ չի լուսանկարել քվեաթերթիկները՝ հետագա շահարկումներից խուսափելու համար, իսկ նման գործելաոճը ինքստինքյան կասկածի տեղիք է տալիս:

Ոչ պակաս ուշագրավ ավարտ ունեցավ նաեւ Գեւորգ Կոստանյանի՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրության արդյունքները: Պարզվեց, որ քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր եւ կողմ են քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 30:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: