Զինված խմբի անդամների հեռախոսազրույցը գաղտնալսվել է ՝ առանց սանկցիայի

Feb 24, 2018 Comments Off on Զինված խմբի անդամների հեռախոսազրույցը գաղտնալսվել է ՝ առանց սանկցիայի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն  վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Երբ մեղադրող դատախազը ներկայացնում էր գրավոր մի շարք ապացույցներ, խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դժգոհություն հայտնեց: Նա դժգոհեց, որ մեղադրող կողմը ներկայացնում է այն տվյալները, որոնք իրեն են հետաքրքիր ներկայացնելու համար՝ զենք, զինամթերք, հանցագործ:

Արթուր Վարդանյանը, դիմելով մեղադրող դատախազներին, ասաց. «Բոլորը մեղավոր են, դուք եք սուրբ… 64 միլիարդ դոլար թալանված երկրում ձեզ հետաքրքրել է, որ գտել եք իրեք հատ ձեռնոց, էրկու հատ դիմակ… Կեսը կարդում են, կեսը չեն կարդում… Կարդում են էն, ինչ կարան հանրությանը ներկայացնել… Առաջին հանցագործը դուք եք, մտեք ինտերնետ՝ կարդացեք…»:

Նախագահողը սանկցիա կիրառեց՝ նախազգուշացրեց ամբաստանյալ Արթուր Վարդանյանին՝ մեղադրողներին վիրավորելու համար:

Ամբաստանյալ Արա Պողոսյանն ու նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանը հայտարարեցին, որ Արա Պողոսյանի տնից առգրավվել է նրա ծառայողական համազգեստը, բայց այն ներկայացվում է՝ որպես Նորք-Մարաշի առանձնատնից առգրավված համազգեստ:

Նշենք, որ մեղադրող դատախազն այսօր ներկայացնում էր Նորք Մարաշի տնից առգրաված իրերի ցանկը, այդ թվում ամբաստանյալների բջջային հեռախոսները, որոնցից մի մասը գաղտնալսվել է:

Ամբաստանյալ Արա Պողոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր ու Էդվարդ Ներսիսյանի հեռախոսազրույցները գաղտնալսվել են՝ առանց գաղտնալսման սանկցիա ունենալու: Նա հայտարարեց նաեւ զննության արձանագրության մեջ նշված է, որ իր աշխատանքային համազգեստը առգրավվել է Մարաշի տնից, մինչդեռ այն առգրավվել է իր տնից:

Արթուր Վարդանյանը հարցրեց. «Ո՞վ ա որոշել՝ ո՞ր հեռախոսն ա գաղտնի, ո՞րը՝ հիմնական,հետաքրքիր ա:Դուրս ա գալիս, որ ես ավելի շատ գաղտնի հեռախոս եմ ունեցել, քան՝ հիմնական,չեմ կարողանում հասկանամ»:

Նախագահողը Արթուր Վարդանյանի հետ տեղում խոսելու համար նախազգուշացրեց ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանին: Վերջինս զարմացավ. «Շատ հանգիստ եմ խոսացել… Բա որտե՞ղ խոսանք…»: «Նիստը խանգարում ես… Տեսակցություն վերցրու՝ խոսեք»,- ասաց նախագահողը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ երկուշաբթի, դատարանը կշարունակի հետազոտել գործում առկա ապացույցները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: