Բա որ մեր առջև էլ փակեն արտագաղթի «դռները»

Feb 25, 2018 Comments Off on Բա որ մեր առջև էլ փակեն արտագաղթի «դռները»

Պաշտոնական Թբիլիսին ակտիվ քայլեր է ձեռնարկում` փորձելով կանխել Եվրամիության հետ շուրջ մեկ տարի առաջ հաստատված ազատ վիզային ռեժիմի սառեցումը: Նախօրեին Վրաստանի արտգործնախարարության ղեկավարությունը շտապ խորհրդակցություն էր հրավիրել, որին ներկա էր նաև Եվրամիության կառույցներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նատալյա Սաբանաձեն: «Ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմը գործի դնելու մասին առայժմ խոսք չկա: Մենք, սակայն, պետք է արագորեն քայլեր ձեռնարկենք այս միտումները կանխելու համար», – հայտարարել է Սաբանաձեն:

Այն, որ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի գլխին սև ամպեր են կուտակվում, Թբիլիսիում վերջնականապես հասկացան կիրակի օրը Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի՝ Մյունխենում հնչեցրած հայտարարություններից հետո, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Վրաստանում հասկանում են, որ եթե ապաստան հայցողների թիվը կտրուկ կերպով աճի, ապա մենք կգործարկենք [ազատ վիզային ռեժիմի] սառեցման մեխանիզմը: Ազատ վիզային ռեժիմի ապագան Վրաստանի ձեռքում է: Մենք իհարկե կարող ենք և սպասել, սակայն ապաստան հայցողների թվի աճը մտահոգիչ է: Մյուս մտահոգիչ գործոնն այն է, որ ի տարբերություն մյուս պետությունների քաղաքացիների` ապաստան հայցող վրացիների շրջանում հանցագործություն կատարած անձանց թիվն ավելի մեծ է: Այնպես որ, Վրաստանը շատ անելիք ունի», – հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը վրացական հեռուստաընկերությունների լրագրողների հետ զրույցում:

Դե Մեզյերի հայտարարության հաջորդ օրն արդեն գերմանական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` Die Welt-ը հրապարակեց երկրի ներքին գործերի նախարարության տրամադրած պաշտոնական վիճակագրությունը․ – «Նախորդ տարվա սեպտեմբերին Գերմանիայում քաղաքական ապաստանի դիմում է ներկայացրել Վրաստանի 238 քաղաքացի, հոկտեմբերին` 355, նոյեմբերին` 444: 2017 թվականի դեկտեմբերին արդեն Գերմանիայի իշխանություններին քաղաքական ապաստանի խնդրանքով դիմած վրացիների թիվը հասել է 522-ի: Այս միտումը պահպանվել է նաև 2018-ին: Հունվար ամսին Գերմանիայում քաղաքական ապաստան հայցող վրացիների ընդհանուր թիվը 745 էր»:

Գերմանիայից բացի, շենգենյան գոտու մաս կազմող ևս երկու պետություններ` Շվեդիան և Իսլանդիան, փետրվարի սկզբին իրենց մտահոգությունն էին հայտնել ազատ վիզային ռեժիմից օգտվող և հետագայում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների, ինչպես նաև այդ երկրի քաղաքացիների կողմից կատարվող հանցագործությունների թվի աճի առթիվ: Վերջին խնդիրը եվրոպացիների համար խիստ հրատապ է` հաշվի առնելով վրացիներից կազմված կազմակերպված հանցավոր խմբերի ակտիվացումը Եվրամիության տարածքում:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեն, սակայն, համոզված է, որ թեև ոչ այնքան բարենպաստ վիճակագրությունը Թբիլիսիի համար խնդիրներ ստեղծում է, սակայն Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի սառեցմանը չի հանգեցնի․ – «Քրեական միջադեպերի քանակը, որոնց մասին այժմ շատ են խոսում, և որոնցում ներգրավված են Վրաստանի քաղաքացիները, վերջին ամիսներին աճել է: Նկատվում է նաև Եվրամիության պետություններում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թվի աճ: Բայցևայնպես, դա այն թվաքանակը չէ, որ ի վերջո հանգեցնի ազատ վիզային ռեժիմի սառեցմանը»: «Չնայած վիզային ռեժիմի սառեցման վտանգ չկա, մենք անհապաղ քայլերի դիմեցինք, երբ եվրոպացի մեր գործընկերներին կողմից ստացանք առաջին [մտահոգիչ] ազդակները», – հայտարարել է Ջանելիձեն:

Այսպես, Շենգենյան գոտու պետությունների հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելուց գրեթե մեկ տարի անց Եվրամիության տարածքում քաղաքական ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը կտրուկ կերպով աճել է: Միայն հունվար ամսին Գերմանիայում քաղաքական ապաստան հայցող վրացիների ընդհանուր թիվը 745 է եղել: Այս վիճակագրությունը ստիպում է Գերմանիայի իշխանություններին լրջորեն մտորել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման հարցը Եվրամիության կառույցներում քննարկելու մասին: Գերմանիայի իշխանություններն ասում են, որ Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմն իրեն չի արդարացնում, քանի որ վերջին մեկ տարում աճել է ոչ միայն քաղաքական ապաստան հայցողների, այլև վրացիների կողմից Եվրամիության տարածքում կատարված հանցագործությունների թիվը:

Անցած շաբաթավերջին շվեդական ոստիկանությունը Lynx կոչվող լայնածավալ գործողության արդյունքում 50-հոգանոց մի հանցախումբ ձերբակալեց, որի 23 անդամները Վրաստանի քաղաքացիներ էին: Նրանց կասկածում են սպանությունների, թմրանյութերի տարածման և շորթման մեջ: Դրան զուգահեռ՝ ֆրանսիական ոստիկանությունը Փարիզում վրացական հանցավոր խմբավորումներից մեկի 8 անդամների ձերբակալեց, որոնց ֆրանսիացի դատախազները մեղադրում են բնակարանային գողություններ կատարելու և վրացի «օրենքով գողերի» ցուցումով գործելու մեջ:

Այս ամենի ֆոնին պատահական չէ, որ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը մյունխենյան համաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, չբացառեց, որ Եվրամիությունը կարող է գործի դնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմը:

Այսպես, ԵՄ-ն հարևան Վրաստանի հետ կապված ունի մտահոգություններ՝ սպանություն, շորթում, թմրանյութերի տարածում, այս հոդվածներով դատված հանցագործների ներթափանցման վտանգը Եվրոպա:

Հայաստանը ևս ձգտում է ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանել: Իսկ ինչ վտանգներ կան մեր երկրի քաղաքացիների առումով, որտեղ դեռ արտագաղթելու ցանկություն, վստահաբար ունեն շատերը:

Սա մեր իշխանությունների համար, իսկապես, լրջագույն խնդիր է, մանավանդ, եթե ԵՄ-ն էլ առանձնապես հակված չէ ընդունել արտագաղթողներին…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: