Նոր վարկ՝ 25 տարով. վերցնելը հեշտ է, իսկ փակե՞լը

Feb 23, 2018 Comments Off on Նոր վարկ՝ 25 տարով. վերցնելը հեշտ է, իսկ փակե՞լը

ՀՀ կառավարությունը վաղվա՝ փետրվարի 22-ի նիստում նախատեսում է հավանության արժանացնել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Համաձայնագրով Հայաստանը ստանում է 2 մլն ԱՄՆ դոլար վարկ՝ ոռոգման համակարգի բարելավման համար։ Նախագիծը գործադիրում կներկայացնի Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը։

Վարկային միջոցներով նախատեսվում է մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս համակարգով՝ Գեղարդալիճ, Մեղրի, Բաղրամյան-Նորակերտ և Քաղցրաշեն ինքնահոս համակարգերի կառուցման միջոցով, և ներտնտեսային ջրանցքի համակարգի կառուցում Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի համար, մեխանիկական եղանակով ստացվող՝ ջուր տեղափոխող՝ հեռացնող և այլ ջրանցքների վիճակի բարելավում՝ ընտրված 13 պոմպակայանների շուրջ 52 կմ երկարությամբ՝ հեռացնող ջրանցքների վերականգնման միջոցով, նաև մայր ջրանցքների վրա գտնվող շուրջ 70 դիտակետերում և ջրառի ընտրված կետերում կտեղադրվեն կարգավարական հսկողության և տվյալների ձեռքբերման (SCADA) համակարգեր:

Վարկային ծրագրի իրացման համար նախատեսվում է ստեղծել ՋՏՊԿ ԾԻԳ, որը կստանձնի գնումների պլանավորման, մշտադիտարկման և հաշվետվությունների ներկայացման, ֆինանսական կառավարման, վճարումների, հաշիվների վարման և ծրագրի հաշվետվությունների կազմման պարտավորություններ: Ըստ հանաձայնագրի՝ ԾԻԳ-ը կունենա համապատասխան աշխատակազմ և ռեսուրսներ՝ ծրագրի իրականացման և կառավարման հետ կապված իր պարտականությունները կատարելու համար:

Համաձայնագրում շեշտվում է նաև, որ վարկառուն, որը տվյալ դեպքում պետությունն է, պետք է ապահովի՝ պետական բյուջեում ոռոգման համակարգերի պահպանման համար հատկացվեն անհրաժեշտ բյուջետային միջոցներ: Վարկային ծրագրի ողջ ընթացքում գործելու է պատվարների անվտանգության հանձնաժողով՝ բաղկացած բնապահպաններից և սոցիալական ոլորտի փորձագետներից: Այս հանձնաժողովը բանկի համար ընդունելի պայմաններով (տեխնիկական առաջադրանքով), կազմով և միջոցներով՝ պատվարների նախագծման, շինարարության և շահագործման անվտանգության և այլ կարևոր հարցերի վերաբերյալ խորհուրդներ է տալու վարկառուին, այսինքն՝ պետությանը: Ընդգծվում է, որ հանձնաժողովի առաջարկությունները պատշաճ կերպով պետք է հաշվի առնվեն և իրականացվեն: Վարկը երկարաժամկետ է, այն տրվում է տարեկան 4,5 տոկոս տոկոսավճարով և պետք է փակվի մինչև 2042 թվականը: Հայաստանի կառավարության անունից վարկային պայմանագիրը ստորագրելու ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: