Խայտառակ հարված Մոսկվային. Ինչո՞ւ է ՌԴ-ն թաքցնում «գլուխը ավազի» մեջ

Feb 18, 2018 Comments Off on Խայտառակ հարված Մոսկվային. Ինչո՞ւ է ՌԴ-ն թաքցնում «գլուխը ավազի» մեջ

Արդեն մի քանի օր է միջազգային մամուլը սենսացիոն իրադարձության մասին տեղեկություններով է հեղեղված:

Հայտնի է, որ փետրվարի 7-ին ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիան հարված է հասցրել Սիրիայի Հիշամ բնակավայրում տեղակայված շտաբին, որի հետևանքով մամուլի տվյալներով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ ռուսներ:

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ փետրվարի 7-ին Ասադի ուժերը փորձել են գրավել «Սիրայի ժողովրդավարական ուժերի» շտաբը, ինչին ի պատասխան՝ ամերիկացիները հարվածել են նրանց:

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հայտարարել է, որ Սիրիայի կոալիցիոն ուժերի գլխավոր շտաբի վրա հարձակվել են շուրջ 300 զինվորականներ, և ամերիկացիները ստիպված են եղել միջամտել։ «Հստակ չէ, թե քանի ռուսաստանցի վարձկան է զոհվել, սակայն որ զոհեր եղել են, հաստատ է»,- հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Սպանված զինծառայողների թվաքանակի վերաբերյալ տարբեր տեղեկություններ են հրապարակվում: Այսպես, ըստ Bloomberg գործակալության անանուն աղբյուրների՝ այդ հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, նրանց մեծ մասը՝ ռուսներ: The New York Times-ի հետ զրույցում նույնպիսի թիվ է բերել ռուս գործարար Ալեքսանդր Իոնովը, որն աշխատում է Սիրիայում անվտանգության ոլորտում: Նույն նյութում թերթը, վկայակոչելով սիրիացի անանուն սպային, նշում է, որ զոհվել է 100 ռուս:

Այս տեղեկատվությունը որևէ վստահելի աղբյուրից չի հաստատվել: Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդամենը հայտարարել է, որ Սիրիայում ռուսների զոհվելու մասին տեղեկատվությունը պետք է ճշտել պաշտպանության նախարարությունից: Վերջինս էլ հրաժարվել է հաստատել այդ տեղեկատվությունը:

Այսպես, միջազգային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում վերջին օրերին հրապարակումները, որ Սիրիայում՝ Դեյր էզ Զորի մոտակայքում ԱՄՆ օդուժի և սիրիական ընդդիմության ուժերի հարվածներից զոհվել են հարյուրավոր ռուսաստանցիներ՝ «Վագներ» մասնավոր ընկերության վարձկաններ, շարունակվում է թեժ քննարկվել:

ՌԴ նախագահի թեկնածու՝ «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին՝ այս տեղեկությունը պարզաբանելու համար։ Ռուս պաշտոնյաները, Յավլինսկու խոսքով՝ կատարվածի մասին իրարամերժ մեկնաբանություններ են անում։ Յավլինսկին Պուտինից պահանջել է հստակ պարզաբանում նշված հրապարակումների վերաբերյալ։

«Համոզված եմ, որ նման իրադարձության մասին տեղեկությունները պետք է հրապարակավ և բաց քննարկել։ Եթե Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել, ապա ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև գլխավոր հրամանատարը, պարտավոր են հայտարարել այդ մասին ու բացատրել, թե ով է պատասխանատու կատարվածի համար»,- գրել է Յավլինսկին:

Նա Պուտինին հարց է տալիս՝ ինչու՞ են Ռուսաստանի քաղաքացիները մասնակցում Սիրիայում ընթացող ցամաքային գործողություններին այն դեպքում, երբ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ռուսական զորքերը դուրս են բերվել այդ երկրից, ու քաղաքացիական պատերազմն այնտեղ ավարտվել է:

Պուտինը Յավլինսկու նամակին դեռ չի պատասխանել։ Նա, ինչպես Կրեմլի մամուլի ծառայությունն է հաղորդել, մի քիչ հիվանդ է, մրսել է և չեղարկել է իր մասնակցությամբ Կրեմլից դուրս նախատեսված բոլոր միջոցառումները:

Ռուսաստանյան լրատվամիջոցները, մինչդեռ հայտնում են, որ արդեն Ռուսաստան են բերել զոհվածների դիերը: Նրանցից առնվազն հինգի ինքնությունն արդեն պարզվել է, անունները հրապարակել են տարբեր լրատվամիջոցներ։

Պեսկովն ասում է, որ մասնավոր «Վագներ» ընկերության վարձկանների մահվան մասին տեղեկությունը պետք է ստուգել, և որ ինքը համոզված չէ, թե Յավլինսկու ներկայացրած տվյալները հավաստի են։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն իր հերթին հայտնել է, որ Դեյր էզ Զորի շրջանում, որտեղ փետրվարի 7-ին ամերիկյան օդուժը հարվածներ է հասցրել սիրիական կառավարական ուժերին, ռուսաստանցիներ չեն եղել, սիրիական բանակն էլ չի համակարգել իր գործողություններն այդ շրջանում, և այդ պատճառով մեծաթիվ զոհեր են եղել։

Ինչու՞ է լռում պաշտոնական Մոսկվան արդեն մեկ շաբաթ… Այս հարցի պատասխանը մեկն է՝ մեղավորության պատճառով:

Վստահաբար ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիան մինչև հարված հասցնելը զգուշացրել է Մոսկվային, որ գործողություն է նախապատրաստվում: Ըստ որոշ հրապարակումների՝ Մոսկվան պնդել է, որ այդտեղ չկան ռուսական զորքեր: Ամերիկյան կողմն էլ հարված է հասցրել, հիմա հաստատում է, որ նման գործողություն է իրականացրել, բայց նաև հայտարարում են, թե չգիտեն, թե ովքեր են զոհերը:

Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել զոհերի համար, որովհետև ի սկզբանե չի ցանկացել հաստատել, որ այդ տարածքում ռուսներ են եղել:

Ու հիմա ստացվում է, որ Մոսկվային այլ քայլ չի մնում, քան «գլուխը ավազի» մեջ թաքցնելը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: