Երևանի պետական բժշկական համալսարանը վարկով հիվանդանոց է գնում

Feb 18, 2018 Comments Off on Երևանի պետական բժշկական համալսարանը վարկով հիվանդանոց է գնում

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը 2,5 մլրդ դրամով ձեռք կբերի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերը: Քանի որ բժշկականը նման խոշոր միջոցներ չունի, հիվանդանոցը գնելու համար վարկ է վերցնելու: Մոտ 4 մլն դոլար էլ անհրաժեշտ  կլինի՝ հիվանդանոցի արդիականացման և նոր սարքավորումներով վերազինման համար: Այս գումարը նույնպես վարկի տեսքով էներգրավվելու: Համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում: Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը Միքայելյանի անվան հիվանդանոցը գնելու բուհի ռեկտորի նախաձեռնությանը հավանություն է տվել 2017 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի ժամանակ: Հոգաբարձուների խորհուրդը, սակայն, բուհի ղեկավարության այս առաջարկին համաձայնություն է տվել վերապահումով. պայման է դրվել, որ ՀՀ կառավարության կողմից ընկերության բաժնետոմսերի գնմանը պետք է համաձայնություն տրվի:

Թե ով կամ ովքեր են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի ներկա բաժնետերերը, որոնք որոշել են հանրապետության լավագույն վիրաբուժական կենտրոններից մեկը վաճառքի հանել, որոշման մեջ չի մանրամասնվում: Չի նշվում՝ որքան է հիվանդանոցի կուտակված պարտքը, որը գործարքի արդյունքում պետք է մարվի: Փոխարենը որոշման հիմնավորման մեջ հատուկ արձանագրվում է, որ այս հարցերը բաժնետերերի պահանջով պետք է մնան գաղտնի:

Համաձայն կառավարության որոշման հիմնավորման՝ «Avenue Consulting Group» կազմակերպության կողմից կատարվել է համապարփակ վերլուծություն և տրվել է ֆինանսական և իրավական հաշվետվություն «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ներկայիս ֆինանսական և իրավական պարտավորությունների մասին:

««Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ ստորագրվել է եռակողմ պայմանագիր փակ բաժնետիրական ընկերության գաղտնիությունը պահպանելու վերաբերյալ:

Համալսարանի և «Միքայելյան վերաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հիմնական բաժնետերերի հետ նախնական բանակցությունների արդյունքում նախատեսվում է ձեռք բերել տվյալ ընկերության կանոնադրական կապիտալի 90.5 տոկոս մասնաբաժինը մոտ 2.5 մլրդ ՀՀ դրամով:

Գործարքի արդյունքում ընկերությանը պատկանող 32,000 ք.մ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները կանցնեն Համալսարանի տնօրինության տակ եւ մոտ 4 մլն. ԱՄՆ դոլար լրացուցիչ ներդրումների իրականացման պարագայում հնարավորություն կստեղծվի ունենալու լրացուցիչ 32,000 ք.մ ուսումնական, գիտական, կլինիկական և հանրակացարանային գործառույթների իրականացնելու համար արդի պայմաններ։

Այսպիսով, իրականացնելով մոտ 4.5-5 մլրդ. ՀՀ դրամ կապիտալ ներդրումներ, Համալսարանը կունենա մոտ 59,000 ք.մ «արտադրական» տարածքներ, ինչպես գիտակրթական գործունեության ընդլայնման, այնպես էլ համալսարանական հիվանդանոցների գործունեության ընդլայնման և զարգացման համար»,- նշվում է նախագծին կից տեղեկանքում։

Նշվում է նաև, որ բժշկական համալսարանի բարեփոխմանն ուղղված քայլերը համընկնում են «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իր բաժնետոմսերի գերակշիռ մասի վաճառքի առաջարկության հետ: Ուսումնասիրելով հնարավոր գործարքի շահավետությունը Համալսարանի համար՝ արձանագրվել է, որ հնարավոր է սահմանափակ ներդրումներով ապահովել նախատեսվող նպատակների իրագործման հնարավորություն:

Նախնական հաշվարկներով՝ «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև ներդրումային ծրագրով նախատեսված այլ միջոցառումների բարեհաջող իրականացման արդյունքում 2021-2022 թվականներին Համալսարանի հասույթը կհասնի 26.6 մլրդ ՀՀ դրամի՝ ապահովելով մոտ կրկնակի աճ:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: