Ելք-ը խայծ է տվել Արմեն Սարգսյանին

Feb 13, 2018 Չի մեկնաբանվել

Հայաստանի քաղաքական դաշտում աննախադեպ եռուզեռ է։ Մինչ նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը «նախընտրական» հանդիպումներ է ունենում քաղաքական-հասարակական շերտերի ներկայացուցիչների հետ, ՀՀԿ-ն ի դեմս Սերժ Սարգսյանի օրենքների փաթեթ է ներկայացնում, որոնք ավելի են սահմանափակում ՀՀ ապագա նախագահի առանց այն էլ սահմանափակ լիազորությունները՝ տալով դրանք վարչապետին, ՀՅԴ-ն էլ իր հերթին է հասկանալի պատճառներով պայքարի դուրս եկել կոալիցիոն գործընկերների դեմ՝ նոր ձեւավորվելիք իշխանությունից հնարավորինս մեծ պատառ կիսելու համար։

Այս ամենում ոչ նախանձելի վիճակում է ընդդիմությունը, ինչը ակնհայտ է խորհրդարանական ընդդիմության պահվածքից։ Սակավաթիվ երթեր կազմակերպելուց, իշխանության դեմ պայքարի կարողություն չունեցող Ելք խմբակցությանը պարզվում է այլ ելք չի մնացել, քան «կռվացնել» իշխանականներին, ինտրիգներ ու կրքեր հրահրել։ Տարակուսելի է, որ ընդունելով հանդերձ, որ հիմա ամենակարեւոր հարցը Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը խափանելն է, Ելք-ը ըստ էության ոչ թե պայքարում է այդ ուղղությամբ, այլ զբաղվում այլ գործով։ Փաշինյանը օրինակ ԱԺ ճեպազրույցների ժամանակ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման փակագծեր է բացում հանդիպումից երեք օր անց։ Նա ասում է, որ Արմեն Սարգսյանը իրենց վստահեցրել է, թե չի պատրաստվում մարիոնետ աշխատել։ Իրենք Սարգսյանի ուշադրությունն են հրավիրել հետևյալ իրավիճակի վրա. «Ապրիլի 9-31-ը հանրապետության նախագահը լինելու է Արմեն Սարգսյանը, և այդ ժամանակաշրջանում կառավարությունը լինելու է հրաժարականի մեջ, իսկ Սերժ Սարգսյանն արդեն լինելու է Բաղրամյան 26-ից հեռացած: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի միակ գործող կարգավիճակն այդ շրջանում լինելու է ՀՀԿ նախագահը: Եթե ենթադրենք, որ եթե այդ ժամանակաշրջանում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ պայքարում են ընդդեմ ՀՀ ադրբեջանացման՝ ի դեմս Սերժ Սերգսյանի վերարտադրության, գործող նախագահի կարգավիճակն ու դիրքորոշումներն այդ իրավիճակում շատ կարևոր կարող են լինել»: Նշենք, որ ապրիլի 9-ից ՀՀ ԱԺ կողմից ընտրված նախագահը գործադիր իշխանության վրա ազդելու լծակներից զրկված կլինի: Այսինքն՝ փաստացի, 2018 թվականի ապրիլի 9-ից 16-ը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան լինելու է ներկայիս գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, որը չնայած մեխանիկորեն պաշտոնանկ է լինելու, բայց մինչև նոր վարչապետի ընտրությունը շարունակելու է պաշտոնավարել:

Իսկ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն յոթօրյա ժամկետում վարչապետի՝ իրենց թեկնածուն առաջադրել: Ստացվում է, որ այդ մեկ շաբաթվա ընթացքում Կարեն Կարապետյանը լինելու է իշխանության միանձնյա ղեկավարը և կարող է փոխել ՀՀ ոստիկանապետին, ՀՀ ԱԱԾ տնօրենին և մնացած ղեկավար կազմին, ու այսպես շարունակ՝ փաստացի հեղաշրջում իրականացնելով երկրում: Ըստ էության Ելք-ում գլխի են գցել Արմեն Սարգսյանին, որպեսզի աջակցի Կարեն Կարապետյանին։ Ծառուկյան խմբակցությունը արդեն տեւական ժամանակ է չի ներկայանում բրիֆինգներին, խմբակցությունը նեղացել է լրագրողների հարցերից, որոնք կասկածի տակ են դնում իրենց ընդդիմադիր կարգավիճակը։Իսկ ՀՅԴ-ում շարունակում են ուրանալ ՀՀԿ-ին։ Նախորդ շաբաթ ՀՅԴ-ն առաջարկեց հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, որը սեփական կուսակցության եւ ՀՀԿ-ի վերարտադրության հիմնական միջոցը դարձան, իսկ այսօր նույն ճեպազրույցների ժամանակ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե պետք է անել այնպես, որ վարչապետը չփոխարինի կառավարությանը, հիմնավորելով, որ խորհրդարանական կառավարման մոդելի նպատակը գերկենտրոնացված իշխանությունը ապակենտրոնացնելն ու ավելի արդյունավետ մոդելի գալն էր: Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը նախագահության ժամկետի ավարտից հետո կստանձնի վարչապետի պաշտոնը, հետեւաբար Ռուստամյանի հայտարարությունն ուղղակիորեն ուղղված է ՀՀԿ ղեկավարի դեմ, որի համար այսօր օրենքներ են փոխվում, ամեն ինչ համապատասխանեցվում է նրա անձին ու ճաշակին, իսկ նպատակը սուպերվարչապետական համակարգի ստեղծումն է։ Իսկ ՀՅԴ-ին իր կշիռը տասնապատիկ ու հարյուրապատիկ մեծացնելու հնարավորությունը, բնականաբար, ընձեռում է Ծառուկյան դաշինքը, որին իշխանությունը ընդդիմության դաշտից փաստացի չի տեղափոխի իշխանական հարթակ, որպեսզի աշխարհին չերեւա առանց ընդդիմության բռնապետ իշխանություն, իսկ քանի կա խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու հարց, ապա ՀՅԴ-ի սակարկումները կարող են արդյունք տալ։ Մյուս կողմից՝ ՀՀԿ-ում չեն պատրաստվում տեղի տալ ՀՅԴ-ի շանտաժներին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փակել է Ընտրական օրենսգրքում փոփոխություն անելու հարցը։ Նկատենք, որ ՀՅԴ-ն խորհրդարան անցավ ճիշտ նույն՝ ռեյտինգային թեկնածուների շնորհիվ, քանի որ այն որպես կուսակցություն վաղուց դարձել է ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունը։

Անի Սահակյնան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ելք-ը խայծ է տվել Արմեն Սարգսյանին”

Մեկնաբանել