Ո՞ւմ սեփականության վրա աչք ունի իշխանությունը

Feb 11, 2018 Comments Off on Ո՞ւմ սեփականության վրա աչք ունի իշխանությունը

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող ոռոգելի հողատարածքների տերերի համար պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմներ մշակել, ընդհուպ մինչև իրավունքների դադարեցման ընթացակարգ հստակեցնել.

Ինչպես տեղակացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, Կարեն Կարապետյանը մանսավորապես նշել է.

«Վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, մասնավորապես՝ միայն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։ Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները՝ օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման՝ հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,- նշել է վարչապետը։
Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադառնալով պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմների և հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելու, պաշտոնատար անձանց նման գործընթացը նախաձեռնելու հայեցողական լիազորությունը սահմանափակելու հարցերին։
«Կարծում եմ՝ սա խնդիր է, որովհետև մենք ջանքեր ենք գործադրում, միջոցներ ծախսում, որպեսզի ոռոգելի հողատարածքներն ավելացնենք, սակայն ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մասնակցում այս գործընթացին»,– նշել է Կարեն Կարապետյանը:

Փաստորեն ստացվում է, որ վարչապետը հանձնարարել է սեփականության իրավունքի դադարեցման մեխանիզմներ մշակել, ինչը չափազանց վտանգավոր երևույթ է: Հողի սեփականատիրոջ անգործության համար պատասխանատվության որոշակի մեխանիզմներ իհարկե կարող են լինել, և դրանցից ամենաառաջինը հողի հարկն է: Եթե սեփականատերը պարտաճանաչորեն վճարում է հողի հարկ, որը օրենքով սահմանված պարտավորություն է, ապա որևէ իրավական ընթացակարգ սեփականատիրոջը պատասխանատվության ենթարկել չի կարող լինել: Հակառակաը կլինի ոտնձգություն սեփականության իրավունքի նկատմամբ:

ՀՀ-ում սեփականության իրավունքը երաշխավորված է սահմանադրությամբ: Մասնավորապես սահմանադրության 10-րդ հոդվածում հստակ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են»: Հողի՝ որպես պետության բացառիկ սեփականության մասին, ինչպես տեսնում ենք, խոսք չկա:

Սահմանադրության 60-րդ հոդվածում նշվում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք: Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է: Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի: Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Նշվում է նաև, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Սահմանադրությունը շատ պարզ, հստակ նշել է, թե որ դեպքերում կարող է սեփականության իրավունքի սահմանափակում լինել՝ դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, որի համար հողի չօգտագործումը չի կարող հիմք լինել:

90-ականների սկզբին, երբ նոր էր կատարվել հողի սեփականաշնորհումը, կար օրենք, համաձայն որի 3 տարի անընդմեջ հողը անմշակ թողնելու դեպքում համայնքը կարող էր այն աճուրդի դնել՝  նույն համայնքի բնակիչների համար: Հետագայում այդ օրենքն ուժը կորցրած է ճանաչվել: Ներկա սահմանադրությամբ հողի չօգտագործման հիմքով իրավունքների սահմանափակման ցանկացած ընթացակարգ կլինի հակասահմանադրական: Այլ հարց, եթե հողի սեփականատերը չի կատարել հողի հարկի վճարում, ապա բռնագանձման պահանջով համայնքը կարող է դատարան դիմել, և միայն դատարանի որոշմամբ կարող է որևէ սահամանփակում կիրառվել: Բայց սա արդեն դատարանի և ոչ թե կառավարության որոշման տիրույթում գտնվող հարց է: Որևէ մեկի սեփականության հետ կառավարությունը գործ չունի:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: