Սահմանվում է նոր տուգանք՝ 1 մլն-ից 2 մլն դրամի չափով

Feb 08, 2018 Comments Off on Սահմանվում է նոր տուգանք՝ 1 մլն-ից 2 մլն դրամի չափով

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի նախագծի փոփոխություններով կառավարությունն առաջարկում է խոշոր չափի տուգանք սահմանել սահմանված կարգի խախտմամբ հրավառություն իրականացնելու դեպքերում։

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր տեղեկացրեց, որ կանոնների, պահանջների խախտմամբ առաջին անգամ հրավառության իրականացումը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, այսինքն՝ 1 մլն դրամով։Նույն արարքը առաջին տուգանքի նշանակման օրվանից հաշված մեկ տարվա ընթացքում կրկնելը հանգեցնում է տուգանքի նշանակում՝ 2000-ապատիկի չափով, այսինքն՝ 2 միլիոն դրամով։ Երրորդ անգամ խախտում թույլ տվողին կասեցնում կամ զրկում են այդ գործունեությունը իրականացնելու թույլտվությունից։

Նախատեսվում է նաև տուգանք գիշերային ժամերին լռության խախտման դեպքում. Տուգանքը կլինի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։

«Եթե 23:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն նա խախտում է լռությունը հրագործական առարկաների օգտագործմամբ, ապա այդ դեպքում առաջին անգամ տուգանքը սահմանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ երկրորդ դեպքում՝ երկուհարյուրապատիկի չափով», – ներկայացրեց Կամո Արեյանը։

Նա հավելեց, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է օրինագիծը, որը ընդունելուց հետո կընդունվեն կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն չափորոշիչները։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: