Ալիևը «շնչակտուր» սպասում է Սերժ Սարգսյանի հետ հաջորդ հանդիպմանը

Feb 10, 2018 Comments Off on Ալիևը «շնչակտուր» սպասում է Սերժ Սարգսյանի հետ հաջորդ հանդիպմանը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահները երեկ Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այդ հանդիպման մասին Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակն ասել է, որ «Կրակովի հանդիպմանը առաջ քաշված կարծիքների հիման վրա համանախագահների հետ կոնկրետ քննարկումներ են տեղի ունեցել հակամարտության կարգավորման համար»:

Այնուհետև, Հիքմեթ Հաջիևն մի ուշագրավ միտք է արտահայտել: Նրա խոսքերով՝ «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանում և Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, առկա առաջարկների և կարծիքների հիման վրա, ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն»:

Թվում է, թե սովորական միտք է: Բայց իրականում այս հայտարարությունը որոշակի խորքեր ունի:

Այդ ի՞նչն է խանգարել մինչև հիմա ղարաբաղյան ակտիվ բանակցություններին… Մինչև հիմա այդ բանակցությունները միթե ակտիվ չեն եղել…

Այդ ի՞նչ պետք է փոխվի Ալիևի գլխում, որ նա հանկարծակի սկսի մտածել ընտրությունների «ինտենսիվացնելու» մասին…

Կամ՝ արդյոք ինտենսիվացումը երաշխի՞ք է, որ Ալիևը կառուցողական բանակցություններ է վարելու…

Ինչու՞ է, հետևաբար, Բաքուն փորձում պատրանք ստեղծել, թե իբր, բանակցությունների է պատրաստվում Ադրբեջանում և Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Պատասխանը շատ պարզ է. միջնորդ երկրներին ցույց տալ, որ ընտրական պրոցեսներից հետո ևս՝ տասնամյակից ավել իշխող Ալիևը ցանկանում է ղարաբաղյան կարգավորումը կառուցողական հուն տեղափոխել:

Նա ցույց է տալիս, որ համընթաց է Հայաստանին, նույնիսկ շտապում է, «շնչակտուր» սպասում է ակտիվ բանակցությունների, հանկարծ կարևոր իրադարձություն բաց չթողնի…

Իրականում, սակայն, Բաքվի կողմից այս հայտարարությունը կարող է նշանակել, որ Բաքվից իսկապես միջնորդները փորձում են առաջիկա ամիսների համար կորզել կարևոր որոշում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, և հիմա Ալիևը ստիպված է ցույց տալ, թե «շնչակտուր» սպասում է ակտիվ բանակցությունների:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: