«Бои без правил». Ո՞ւ հետ մրցի ժառանգը

Feb 10, 2018 Comments Off on «Бои без правил». Ո՞ւ հետ մրցի ժառանգը

Ադրբեջանում ապրիլին կայանալիք ընտրությունները կլինեն առաջինը սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Իլհամ Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել, իսկ հաղթելու դեպքում էլ պաշտոնավարել յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։

Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է նաև թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, ուստի՝ եթե ինչ-որ արտառոց բան չպատահի, 56-ամյա Իլհամ Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել և իշխել այնքան, որքան կցանկանա։

Ալիևը չի շտապում պարզաբանել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու իր որոշումը: Փոխարենն այն արդարացնելու համար բազմաթիվ հիմնավորումներ է բերում նախագահի աշխատակազմը, պնդելով, թե այդ որոշումն «անխուսափելի էր, նպատակահարմար և կարևոր», հայտնում է «Ազատությունը»:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի խոսքով՝ Իլհամ Ալիևը որոշել է հոկտեմբերի 17-ին նշանակված նախագահական ընտրությունները կես տարի շուտ անցկացնել՝ հաշվի առնելով մի շարք ներքին և արտաքին հանգամանքներ: Դրանց թվում, սակայն, չի նշվում ամենից հաճախ հիշատակվող պատճառաբանությունը, ըստ որի, մինչև հոկտեմբեր անխուսափելի կլինեին զանգվածային ընդվզումները՝ կապված սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման, մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների հետ: Իսկ դրանք արդեն անընդմեջ երեք անգամ հեշտությամբ ընտրված Ալիևի նախընտրական քարոզարշավի համար ավելորդ գլխացավանք կարող են դառնալ:

«2018-ին Ադրբեջանում նախատեսված են տասնյակ միջազգային և տեղական նշանակության միջոցառումներ՝ «ֆորմուլա 1»-ից մրցաշարից մինչև ադրբեջանական պետության, բանակի, դրոշի հարյուրամյակին նվիրված տոնակատարություններ: Ընտրությունները մինչ այդ կարևոր միջոցառումների մեկնարկն ավարտին հասցնելն ավելի նպատակահարմար է»,- «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

Բացի այդ, ինչպես նշել է Նովրուզ Մամեդովը, Ալիևը շտապում է արտահերթ ընտրություններ կազմակերպել, քանի որ մտավախություն կա, որ «Հարավային Կովկասի և հարևան տարածաշրջաններում ընթացող բացասական գործընթացներն աստիճանաբար կարող են սրվել ու ազդել նաև Ադրբեջանի վրա»: «Իսկ դա պահանջում է պատրաստվածության և ճկունության դրսևորման մակարդակի բարձրացում»,- նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Ադրբեջանի հատուկենտ ընդդիմադիրները, սակայն, համոզիչ չեն համարում այս պարզաբանումները: «Լեգիտիմիության տեսանկյունից կասկածելի և չհիմնավորված»՝ այսպես է որակել Ալիևի որոշումն ընդդիմադիր «ՌեԱլ» շարժումը , որի առաջնորդն ազատազրկվել է 2013 թվականին՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, երբ հայտարարել էր, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես «ՌեԱլ» շարժումը, այնպես էլ ադրբեջանական մյուս ընդդիմադիր ուժերին միավորող կառույցը՝ «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը», որոշել է բոյկոտել ապրիլին նշանակված նախագահական ընտրությունները՝ Ալիևի որոշումը գնահատելով որպես «ընտրական ինստիտուտի ծաղր»

Ով է իշխանությունը հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևի հետ մրցելու… Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, սակայն, համոզված են՝ երկրի քաղաքական միջավայրում չկա այն երկրորդ քաղաքական, պետական գործիչը, ով կարող է համեմատվել ու մրցել գործող նախագահի հետ:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: