Կառավարությունը «կործանարար» նախաձեռնությամբ է հանդես եկել

Feb 10, 2018 Comments Off on Կառավարությունը «կործանարար» նախաձեռնությամբ է հանդես եկել

Կառավարությունը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը, որն արդեն մի քանի օր է կրքեր է բորբոքել խորհրդարանում։ Ընդդիմադիրները, բացահայտ, որոշ ՀՀԿ-ականներ էլ ծածուկ, քննադատում են այդ նախագիծը՝ համարելով այն կործանարար։

Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, որը նշանակված է նախագծի զեկուցող, ներկայացնելով նախագիծն, ասաց, որ համայնքները կարող են իրենք ձեւավորել միջհամայնքային միավորումներ՝ ավագանու որոշմամբ կամ կարող են ստեղծվել օրենքով՝ պատվիրակված լիազորությունների տիրույթում: Նախագծով սահմանված են, թե այդ միավորումներն ինչպես պետք է ձեւավորվեն, ինչ կանոնադրությամբ, դուրս գալու դեպքում ինչպես պետք է բաժանվեն մասնաբաժինները եւ այլն:

Միջհամայնքային միավորումներ ստեղծելու հիմնական նպատակը, ըստ Տերտերյանի՝ կենսական նշանակության հարցեր լուծելու, ասենք՝ միջհամայնքային ճանապարհները բարելավելու եւ այլ խնդիրներ լուծելու համար միավորվելն է, սակայն դեռեւս հաշվարկված չէ, թե քանի միավորում պետք է ստեղծել։ Պատգամավորները հետաքրքրվեցին՝ այսինքն նորից ուզում ենք վերականգնել Խորհրդային Հայաստանի շրջանների պատկե՞րը, եթե նոր միավորումներ ենք ստեղծում, այդտեղ մարզպետարանները որտե՞ղ են լինելու, ի՞նչ կլինի, եթե խոշորացված համայնքներն էլ իրենց հերթին ուզեն միջհամայնքային միավորումներ դառնալ: Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ իրենք չեն սպասում, որ այնքան միջհամայնքային միավորումներ կստեղծվեն, որ կծածկեն ողջ հանրապետության տարածքը:

Թվում էր, թե համայնքները կամ պետք է խոշորացնեին կամ միջհամայնքային միավորումներ ստեղծվեին, բայց խոշորացումը չավարտած օրակարգ են բերում նաեւ միավորման հարցը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Վաչե Տերտերյանին առաջարկեց նախագիծը չդնել քվեարկության, քանի որ այն լի է հակասություններով. «Դուք փորձում եք համայնքներում ստեղծել ՀՀԿ-ական մոնոպոլիա եւ ձեր սիրած կայուն մեծամասնությունը տեղափոխել համայնքներ»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ համայնքներից էլ դժգոհություններ է ստացել, որ համայնքները այս օրենքը կործանում է, առանց այդ էլ խոշորացումից հետո չեն կարողանում կայունանալ: Նա առաջարկեց տեղական հանրաքվե անել ու իմանալ համայնքների բնակչության կարծիքը այս նախագծի մասին, նոր ընդունել, հակառակ դեպքում ՀՀԿ-ականի մի կոճակով որոշումներ կլինեն. «Սա կործանելու է համայնքները, ունեցեք քաղաքական խիզախություն ձեր կառավարությանն ասելու, որ հետ տարեք այս նախագիծը: Եթե դրվեց, «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկելու է դեմ»:

Ի դեպ, Զոհրապյանը, երեկ հայտարարություն էր արել նաեւ այդ մասին։ Այս նախագծի քողարկված նպատակը թերեւս համայնքապետերի վերահսկողությունը ավելի մեծացնելն է, գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ական համայնքապետերից բացի այդ պաշտոններում ընտրվում են նաեւ այլ կուսակցության ներկայացուցիչներ։ Այս փոփոխությունից հետո այդ համանքապետերը անմիջական վերակացու կունենա եւ այլեւ գործոն չեն ներկայացնի տվյալ համայքնում։«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն նկատեց, որ ստեղծվելիք միավորումները ավագանու գործառույթ են վերցնելու իրենց վրա: Բացի այդ, նախագծում կամավոր միավորումների մասին է խոսք գնում, բայց այն կամավոր պարտադիր է: Համայնքապետերի մեծ մասը ՀՀԿ-ական են կամ նրանց սատարող մարդիկ, ավագանու անդամների մեծ մասն էլ ՀՀԿ-ական են, ուստի միջհամայնքային միավորումներ ենք ունենալու, որը ղեկավարելու են ՀՀԿ-ականները եւ մեկ ավագանի, որը ընտրվելու է էլի այդ ավագանու միջից՝ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ականներից: Ըստ Մանե Թանդիլյանի սա քայլ է համայնքներում ընդդիմադիրներին լռեցնելու համար․«Մենք գնում ենք ուղղակի բոլոր համայնքների հանրապետականացման»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, սակայն, կարծում է, որ պատգամավորները մոլորության մեջ են, միջհամայնքային միավորումները չեն կարող դիտվել՝ որպես տեղական ինքնակառավարման համակարգ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: