Մանրամասներ. 3 հազար դոլար կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող քննիչի գործ

Feb 06, 2018 Comments Off on Մանրամասներ. 3 հազար դոլար կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող քննիչի գործ

3 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող նախկին ավագ քննիչ Միքայել Զադոյանը կմնա կալանքի տակ: Այսօր՝ փետրվարի 6-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրում Միքայել Զադոյանի շահերի պաշտպանի միջնորդությունը՝ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին մերժվել է:

Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանն էլ Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:

Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվել է քրգործից:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: