4 մլն-անոց Հայաստանի մեռնող ուրվականը

Feb 08, 2018 Comments Off on 4 մլն-անոց Հայաստանի մեռնող ուրվականը

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2017 թվականի տվյալները, ըստ որոնց, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 972.9 հազար մարդ: 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` մշտական բնաչության թիվը նվազել է 13.2 հազարով: Նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ` մշտական բնաչության թիվը 2 մլն 986.1 հազար էր կազմել:

ՀՀ մշտական բնակչության 1 մլն 076.4 հազարն ապրում է Երևան քաղաքում, մնացածը՝ մարզերում: 2017 թվականին Հայաստանում ծնունդների թիվը նույնպես նվազել է և կազմել 37 699 մարդ: Համեմատության համար նշենք, որ իսկ 2016-ին ծնունդներիր թիվը կազմել էր 40 592 մարդ, 2015 թվականին՝ 41 763: Սրա հետևանքով բնական հավելաճի գործակիցը նվազել է: Եթե 2015 թվականին այդ գործակիցը կազմում էր 13 885, 2016-ին՝ 12 366, ապա 2017-ին կազմել է 10 332: 2016-ի համեմատ՝ 2017-ին բնական հավելաճը նվազել է 16.4 տոկոսով: Երկու տարվա կտրվածքով ծնունդների թիվը նվազել է 4000-ով:

Փոխարենը, 2015-2016 թվականների համեմատ, 2017 թվականին տարի նվազել են ամուսնությունները, ավելացել՝ ամուսնալուծությունները: Հայաստանում մահացության հիմնական պատճառները շարունակում են մնալ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, երկրորդ տեղում են դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից մահացությունները, իսկ երրորդ տեղում՝ նորագոյացությունները:

Մշտական բնակչության միջին տարիքը 2017 թ. տարեսկզբի դրությամբ կազմել է 36.2՝ 2016թ. 35.9-ի փոխարեն:

Ազգային վիճակագրական ծառայության ամփոփ տվյալների մեջ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի թշվառությունը փաստող այլ թվեր և փաստեր նույնպես կան: Սակայն վերը նշված թվերը առավել քան խոսուն են՝ պատկերացում կազմելու Հայաստանի փաստացի իրականության մասին: Ըստ էության, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ոչ թե սոսկ ժողովրդագրական տվյալներ, այլ Սերժ Սայգսյանի խոստացած 4 մլն-անոց Հայաստանի մեռնող ուրվականը:

Ի՞նչ է ստացվում՝ մեկ տարվա մեջ մոտ 3000 մարդ կորցնում ենք՝ չծնված երեխաների տեսքով, 13 000 մարդ էլ՝ բնակչության արտահոսքի: Այսինքն՝ նվազագույնը 16 հազար բնակիչ կորցրել ենք մեկ տարվա մեջ, և սա արդեն ոչ թե եզակի դրսևորում է, այլ մշտապես շարունակվող միտում: Ընդ որում, յուրաքանչյուր տարի մենք ավելի շատ բնակիչ ենք կորցնում, քան նախորդ տարի:

Ե՞րբ, ինչպե՞ս և ո՞ր կետից է սկսվելու ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործընթացը. այս հարցը չունի պատասխան: Եվ առնվազն անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանը  ինչ հույսով էր հայտարարում, թե 2040 թվականին Հայաստանն ունենալու է 4 մլն բնակչություն:

 

 Հայկ  Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: