Հրաման և քթածակ

Feb 03, 2018 Comments Off on Հրաման և քթածակ

Ներողամիտ լինենք հարգելի ոստիկանապետի լեզվական անճշտությունների նկատմամբ, սակայն փաստենք, որ հունվարի 19-ից անցել է 14 օր, բայց որեւէ մեկը Վովա Գասպարյանին չի ներկայացրել մահվան ելքով ավտովթարների պատճառները: Հնարավոր է, անշուշտ, որ դրանք գաղտնի են ներկայացվում կամ ներկայացնելու պահը չի հրապարակայնացվում, սակայն այդ դեպքում ինչո՞ւ է ոստիկանապետը հրապարակային հրամայում, որ իրեն նման տվյալներ ներկայացնեն, ասենք՝ ոստիկանությունում գաղտնի սենյակ չկա՞, որտեղ պարոն Գասպարյանը կհրավիրի Հայաստանի բոլոր պետավտոտեսուչներին ու կհրամայի իրեն ներկայացնել մահվան ելքով բոլոր վթարների պատճառները: Գուցե հրամայելը պետք է հրապարակային լինի, կատարելը՝ ո՞չ… Ինչեւէ, նույնիսկ սա չէ ամենակարեւորը, ոչ էլ անգամ այն, որ ոստիկանները, կոնկրետ՝ պետավտոտեսուչները, այլեւս ներողամիտ չեն լինելու: Կարեւորն այն է, որ Հայաստանում օրենքն իր ողջ խստությամբ կիրառվելու համար էլ համապատասխան հրաման է պետք: Այսինքն՝ մեկը պետք է հրամայի, որ այսուհետ օրենքը խիստ եք կիրառում, մինչդեռ կիրառողներն ինքնուրույնաբար սա չեն հասկանում: Իմիջիայլոց, եթե հանկարծ վաղը անհրաժեշտ լինի ներողամտություն ցուցաբերել, կամ մահվան ելքով վթարի պատճառ լինի այնպիսի մեկը, որին անհնար է չներելը, պարոն ոստիկանապետը հրամայելու է ոստիկաններին՝ ներե՞լ, էլի հրապարակայնորե՞ն… Ամեն դեպքում կան բաներ, ավելի ճիշտ՝ պետք է լինեն բաներ, որոնք ոչ թե հրամանի հետ կապ ունեն, այլ… քթածակի: Ներելն այդ բաներից մեկն է, օրինակ սիրելը՝ նույնպես, ամուսնանալը եւս, սիրել-ամուսնանալ-ներելը՝ կրկին հրամանի հետ կապ չունի: Մինչդեռ ստեղծվում է տպավորություն, որ Վովա Գասպարյանն է բոլոր ոստիկաններին հրամայում սիրել, ապա ամուսնանալ, հետո՝ ներել, կամ չներել… Եթե այդպես է, ապա առաջարկում եմ հարգելի պարոն ոստիկանապետին լավ հրամանների շարք, օրինակ՝ հրամայում եմ այսուհետ ՀՀ քաղաքացուն մոտենալիս լինել բացառապես ու առավելագույն հարգալից, խոսել բացառապես կիրթ հայերեն, կարդալ նախ գրքեր, ապա լավ գրականություն, լսել լավ երաժշտություն, հաճախ լինել թատրոնում, ժպտալ,… Ամեն դեպքում, եթե ամեն ինչ կարգավորվում է հրամանով, ապա պետք է հրամայել՝ ունենալ քթածակ, եւ ոչ միայն ոստիկաններին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: