Ինչ կպահանջի Թրամփը Սերժ Սարգսյանից՝ ՌԴ-ի ու Իրանի հետ հարաբերությունների դիմաց

Feb 04, 2018 Comments Off on Ինչ կպահանջի Թրամփը Սերժ Սարգսյանից՝ ՌԴ-ի ու Իրանի հետ հարաբերությունների դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ Կոնգրեսին հղած ամենամյա ուղերձով, որն ամփոփում է նրա նախագահության առաջին տարին: Թրամփի ելույթը մեծամասամբ կենտրոնացած էր ներքին խնդիրների վրա, սակայն նա անդրադարձել է նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «առավելագույն ճնշման» արշավ է սկսում պաշտոնական Փհենյանի և նրա միջուկային ծրագրի դեմ՝ ընդգծելով, որ Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռների «անխոհեմ» փորձարկումները կարող են շատ շուտով սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ-ի համար: Դառնալով Իրանի խնդրին՝ Թրամփը կրկին խոսել է Թեհրանի հետ գերտերությունների կնքած միջուկային համաձայնագրի մասին: «Ես խնդում եմ Կոնգրեսին անդրադառնալ Իրանի սարսափելի միջուկային համաձայնագրում առկա հիմնարար թերություններին», – ասել է ԱՄՆ-ի նախագահը: «Ահաբեկչական խմբավորումները, Չինաստանի և Ռուսաստանի նման հակառակորդները մարտահրավեր են նետում մեր շահերին, տնտեսությանը և արժեքներին», նշել է ԱՄՆ-ի նախագահը։

Այսպես, Չինաստանն ու Ռուսաստանը Ամերիկայի հակառակորդներն են, որոնց անհրաժեշտ է դիմակայել աննախադեպ ուժով, դիմելով Կոնգրեսին` ասաց նախագահ Թրամփը, իր ընտրությունից մեկ տարի անց ամփոփելով իրավիճակը Միացյալ Նահանգներում: «Ուժն է պաշտպանության լավագույն միջոցը», – պնդում է Սպիտակ տան ղեկավարը՝ կոչ անելով Կոնգրեսին ավելի շատ գումար հատկացնել ԱՄՆ-ի սահմաններն ամրապնդելու, բանակը հզորացնելու և միջուկային զինանոցն արդիականացնելու համար:

«Աշխարհում մենք գործ ունենք խարդախ վարչակազմերի, ահաբեկչական խմբավորումների և Չինաստանի ու Ռուսաստանի նման հակառակորդների հետ, որոնք մարտահրավեր են մեր շահերին, մեր տնտեսությանն ու մեր արժեքներին: Մենք գիտենք՝ այս սարսափելի վտանգներին դիմակայելիս, եթե թույլ լինենք, դա անխուսափելիորեն հակամարտության կհանգեցնի, և գիտենք նաև, որ անգերազանցելի ուժն է մեր պաշտպանության ճշմարիտ ու ամենահուսալի միջոցը», նկատեց Թրամփը:

Ավելի քան մեկ ժամ շարունակված ելույթում ԱՄՆ նախագահը Ռուսաստանը միայն մեկ անգամ հիշատակեց, փոխարենը մանրամասն անդրադարձավ Հյուսիսային Կորեային ու Իրանին: «Ես մտադիր չեմ նախորդ վարչակազմերի նման հաշտվել ու զիջումների գնալ», – զգուշացրեց նա, ընդգծելով՝ այդ սխալ քաղաքականության հետևանքով է այսօր Նահանգները վտանգավոր իրավիճակում հայտնվել: «Հուսով եմ՝ մենք մեր միջուկային զինանոցը երբեք գործի չենք դնի, սակայն պարտավոր ենք այն հզոր և զորեղ դարձնել այնքան, որ կանխենք այլոց կողմից ցանկացած հարձակում: Գուցե երբևիցե, մի կախարդական պահի աշխարհի պետությունները կորոշեն վերացնել իրենց միջուկային զենքերը, սակայն այսօր մենք, ցավոք, դեռ դրան չենք հասել», – ասաց Դոնալդ Թրամփը:

Նա պնդեց՝ անզիջում է լինելու նաև Իրանի հարցում, կրկնեց՝ իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի հետ կնքված պայմանագիրը աններելի սխալներ ունի, որոնք անհրաժեշտ է շտկել: Այս հարցում նախագահ Թրամփը Կոնգրեսի, այդ թվում ընդդիմադիր դեմոկրատների աջակցությունը խնդրեց, միաժամանակ իր կողմից խոստացավ աջակցել Իրանի ժողովրդին՝ երկրի բռնապետական կառավարման դեմ պայքարում: «Երբ Իրանի ժողովուրդը ոտքի կանգնեց կոռումպացված բռնապետության հանցագործությունների դեմ, ես չլռեցի: ԱՄՆ-ն Իրանի ժողովրդի հետ է՝ ազատության համար նրա քաջարի պայքարում», – հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը:

Թեհրանի հետ 2015-ին կնքված գործարքից բացի Թրամփը քննադատեց նաև նախորդ վարչակազմի պայքարը ահաբեկչության դեմ: «Մենք ազատ ենք արձակել վտանգավոր հանցագործների», – պնդեց Սպիտակ տան ղեկավարը, տեղեկացնելով, որ ի տարբերություն Օբամայի՝ ինքը կարգադրել է բաց պահել Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտը: «Խնդրում եմ Կոնգրեսին ապահովել, որ մեր պայքարը ԻՊ-ի և «Ալ-Ղաիդա»-ի դեմ շարունակվի, և մենք ունենանք անհրաժեշտ ուժ՝ ահաբեկիչներին ձերբակալելու համար», նշեց նա:

Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն այս օրերին աշխարհի ուշադրության ներքո է: Այն բավական խիստ էր, թեև չի բացառում համագործակցության խորացումը ԱՄՆ-ի գործընկերների հետ:

Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը և Չինաստանը ԱՄՆ-ի հակառակորդներն են, անկախ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քննադատությունից, Մոսկվան հույսը չի կորցնում՝ Թրամփից ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության մեղմում ակնկալելով:

Սակայն, ստեղծել է մի իրավիճակ, որ Թրամփի վարչակազմը շարունակելու է կոշտ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, դա ակնհայտ է: Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «սև ցուցակը», որում մի քանի հարյուր ռուսաստանցի պաշտոնյաների և գործարարների անուններ են ընդգրկված, այդ կոշտության վառ ապացույցն է:

Իհարկե, Թրամփը նաև Ռուսաստանի հետ «մանևրելու» դաշտ է թողել, չի կտրել բոլոր «թելերը»: Մոսկվայի հետ բանակցելու, զիջումներ կորզելու հարցում Վաշինգտոնի քաղաքականությունը վստահաբար կպահպանվի: Այսինքն, Թրամփը որքան էլ խիստ էր Ռուսաստանի նկատմամբ որակումներում, այնուամենայնիվ, նա չի կորցնի ճկունությունը:

Իսկ Իրանի մասով Թրամփի ելույթը, բնական է, որ առավել ուշադրությամբ են հետևում Հայաստանում: 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրը Թրամփը որակեց «սարսափելի» ու խոսեց դրա թերությունները շտկելու անհրաժեշտության մասին։

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի լարված հարաբերություններն ու հարևան Իրանին ուղղված սպառնալիքները կփոխե՞ն իրավիճակը տարածաշրջանում…

Թերևս, այս հարցն է՝ Հայաստանի համար ամենագլխավորը: Հայաստանը թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ հարաբերությունները, բնական է, որ չի կարող զոհաբերել՝ հանուն ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս դիրքորոշման: Մնում է հայկական դիվանագիտությունը այդ դիրքորոշումն ընկալելի դարձնելու ճանապարհին այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատի Վաշինգտոնի հետ:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: