Ինչու են «մաքրվում» ռոբսոնները

Feb 03, 2018 Comments Off on Ինչու են «մաքրվում» ռոբսոնները

Սոչիում հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է Ռոբսոն մականվամբ, օրերս հանրությանը ներկայացել է իր ողջ պերճանքով՝ ջնջելով այն թշվառ կերպարը, որով նրան ներկայացրել է հայկական մասմեդիան: Այս անունը լրատվամիջոցներում ակտիվ հոլովվեց այն ժամանակ, երբ  Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո իր հովանավոր Սամվել Կարապետյանի համատեղ ջանքերով բացեց ներդրողների ակումբը: Ռոբսոնը մեկն էր կրիմինալ համբավ ունեցող հեղինակությունների տրցակում, որոնք իրենց աջակցությունն ու անդամակցությունն էին ցուցաբերել Կարապետյանների ակումբին: Թվում էր, թե Կարապետյանների ազդեցությունը երկրում ավելի էր մեծանում՝ իրական սպառնալիք դառնալով Սերժ Սարգսյանի կշռին, եւ հենց այդ պահին էլ կողմերի ազդեցության ոլորտում գործող լրատվամիջոցներով կոմպրոմատների պատերազմ սկսվեց:

Նախ գուժ հնչեց, որ Չեխիայի իրավապահ մարմինները կանխել են «գողերի» հերթական հավաքը եւ մի քանիսի հետ  ձերբակալվել է գործարար Ռուբեն Թաթուլյանը: Սա ներկայացվեց որպես կեղտոտ բիծ «ցիվիլ» Կարեն Կարապետյանի գործունեության վրա: Ընդ որում բոթը ներկայացվում էր պարտադիր հիշեցմամբ, որ Ռոբսոնը վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանցի մեծահարուստ հայ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է, այսինքն` մեկն է այն մարդկանցից, ում փողերին անհամբեր սպասում ենք մեր տնտեսությունը զարգացնելու, Հայաստանը Սինգապուր դարձնելու համար:

Ի դեպ, այս ակումբում նման «բյուրեղյա» կենսագրությունը բնավ էլ Ռոբսոնի մենաշնորհը չէ: Կարեն Կարապետյանին իր աջակցությունն է հայտնում նաև նմանատիպ մեկ այլ գործարար՝ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ով ժամանակին Հայաստանից հեռացել է գեներալ Մանվելի հետ ունեցած ինչ-որ խնդիրների պատճառով: Այս մտքի գիգանտը այսպես է արտահայտվել Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու մասին. «Էկել ա մի տղա, որին ճանաչում եմ դեռ 1993 թվականից, որի արած գործերը ինքս գիտեմ, գիտեմ՝ ինչի է ընդունակ և ինչ է անելու մեր երկրի համար: Մենք նրա հետ բոլորով»: Ամիսներ շարունակ նշված անձանց շուրջ աղմկոտ միջադեպեր են տեղի ունենում, կամ վերհիշում են անցյալում տեղի ունեցածը: Մյուս կողը ձեռքերը ծալած չէր մնում եւ հակահարված քայլով էր հանդես գալիս:

Մինչ Ռռոբսոնի ձերբակալության պատճառով վարչապետը հայտնվել էր քննադատության տարափի ներքո, հրապարակվեց մի լուսանկար ու տեղեկություն այն մասին, որ Ռոբսոնը նաեւ Սերժ Սսարգսյանի մտերիմն է:

Ժամանակավոր հրադադարին հաջորդեց երկրորդ ալիքը՝ տարեվերջին: Պարզ դարձավ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել տասը անձի և երկու կազմակերպությունների նկատմամբ, որոնք առնչվում են հանցաշխարհի հետ: «Սև ցուցակի» «հերոսները» նախկին խորհրդային տարածքի հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ են, այսինքն՝ օրենքով գողերը, որոնց անուններն ասոցացվում են Կրեմլի, Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի բիզնեսների հետ: Ցուցակում հանցավոր աշխարհում ճանաչված դեմքերի շարքում նաեւ Ռոբսոնն է, ինչպես նաեւ Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ), Վասիլի Խրիստոֆորովը (Վոսկրես), Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի) և այլն:

Այս փաստը եւս ակտիվ քննարկումների եւ Կարապետյանի դեմ գրոհի պատճառ դարձավ: Եւ քանի որ երկրորդ հարվածն ուժգին էր, ուժգին պիտի լիներ հակահարվածը: Ռոբսոնն անձամբ մի ցինիկ հարցազրույց տվեց բլոգեր Ալեքսանդր Վալովին՝ բացահայտելով, որ երկքաղաքացի է, ունի դիվանագիտական անձնագիր և շրջում է դիվանագիտական համարներ ունեցող մեքենայով, քանի որ ինքը ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է :Հարցազրույցի ընթացքում Ռոբսոնը մեկնաբանեց նաև սեւ ցուցակի փաստը.«ԱՄՆ ֆինանսների նախարարը հիմար է: Ես չէի ցանկանա այդ երկիրը քարտեզի վրա տեսնել»,- ասել է Թաթուլյանը՝ նշելով, որ ԱՄՆ տարածքում որևէ բիզնես չունի:

Ի դեպ, լուրն այնքան խայտառակ էր, որ ԱԳՆ մամլո ծառայյությունը անմիջապես հերքեց, թեպետ նախարարը հետո փաստեց անցյալի այդ իրողությունը:

Եւ ահա, այս կոմպրոմատային պատերազմից հետո ոչ պատահական տեղում հայտնվում է Ռոբսոնի հարցազրույցը, որտեղ նա հանդես է գալիս իբրեւ 21-րդ դարի կատարելություն, որը բարեգործ է, եկեղեցիներ է հիմնում, ինչպես ինքն է ասում օգնում է պատմական հայրենիքին ու շարունակելու է օգնել, մեծ ներդրում է կատարում Ռուսաստանի, Աբխազիայի հայ համայնքներում: Այս անարատ կենսագրություն ունեցող անձնավորությունը անգամ պատրաստվում է դատական գործընթաց սկսել եւ իր բարի համբավը վերականգնելու համար. <<Համացանցում իմ անվան հետ կապված ողջ իրավիճակի հետևանքով որոշել եմ այլևս չզբաղվել դիվանագիտական գործունեությամբ: Առաջիկայում սպասվում է նաև դատական գործընթաց այն ամենի առնչությամբ, ինչ գրվել է, արվել է։ Պատժամիջոցների ցուցակների հարցով նույնպես, անպայման, դիմելու եմ դատարան: Այդ պատճառով որոշել եմ դադարեցնել ԱԳՆ-ում իմ գործունեությունը»,– Tert.am-ին տված հարցազրույցում ասում է Ռուբեն Թաթուլյանը: Նա <<կատարյալ անհեթեթություն>> է որակում իր քրեական կապերի մասին լուրերը՝ ասելով, որ ընկերություն է անում տարբեր խավի ներկայացուցիչների հետ.<<Կան հայտնի երգիչներ, որոնց հետ ընկերություն եմ անում, բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ երգել, եթե ընկերություն եմ անում հայտնի արվեստագետների հետ, դա չի նշանակում, որ կարող եմ նկարել…>>,- արդարանալու անհաջող փորձ է անում նա եւ չի հիշատակում կոնկրետ գողականների հետ ընկերության մասին, ով գիտե՝ հետո <<ատչոտ>> պահանջեին:

Դրա փոխարեն նա ներկայացնում է իր աշխարհահռչակ գործերը, բարերարի իր առաքինությունները, թեեւ այդպես էլ բառ անգամ չի խոսոիմ, թե ինչ է անելու կամ անում Հայաստանում.<<Նախաձեռնություններ եղել են, միանշանակ կլինեն, սակայն կարվեն հանգիստ, գեղեցիկ և առանց հայտարարությունների: Կա այսպիսի մի պարզ բան։ Մենք մեր ամբողջ կյանքում օգնել ենք մեր պատմական հայրենիքին ինչով կարողացել ենք։ Մենք պատրաստվում ենք շարունակել մեր գործունեությունը և որքան զարգանանք, այնքան ավելի շատ կօգնենք>>:

Ակնհայտ է, որ Ռոբսոնը <<մաքրվելու>> հարց է լուծում՝ հասկանալով, որ ամենքի վերջին հանգրվանը հայրենիքն է, հատկապես հիմա, երբ իր գլխին սեւ ամպեր են կուտակվում, ավելի քան պետք է ամրացնել կապը հայրենիքի հետ, իսկ նրան այդ հնարավորությունը թերեւս տրվում է, քանի որ առջեւում ապրիլն է, Սերժ Սարգսյանի վարչապետության հարցի լուծմանն ընդառաջ վերջինս գուցեեւ կոմպրոմիսի արդյունքում բացում է դռները բոլորի առջեւ, որպեսզի նաեւ իր շուրջ թշնամիներ չհավաքվեն:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: