Ռուսաստանցի հայ մեծահարուստների ցուցակն ու իրական պետության արժեքը

Feb 04, 2018 Comments Off on Ռուսաստանցի հայ մեծահարուստների ցուցակն ու իրական պետության արժեքը

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը ինչպես հայտնի է, հրապարակել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու նախագահ Պուտինի մերձավոր օլիգարխների ցանկը, որոնք առաջիկայում կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ:

Կոնգրես ուղարկված ցուցակում կրեմլյան ողջ էլիտան է, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): «Կրեմլյան զեկույց» կոչվող փաստաթղթում ընդհանուր առմամբ 210 անուն կա՝ Պուտինի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, օգնական Վլադիսլավ Սուրկովը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ 8 փոխվարչապետերի և 22 նախարարների հետ, պետական «Ռոսնեֆտ»-ի ու «Գազպրոմ»-ի ղեկավարները՝ Իգոր Սեչինն ու Ալեքսեյ Միլլերը:

Վաշինգտոնում չեն մոռացել նաև օրենսդիրներին և ուժայիններին. ցանկում են Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների խոսնակները, ներքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ու գլխավոր դատախազ Յուրի Չայկան: 7-էջանոց ցանկում են նաև Ռուսաստանի ամենահարուստ գործարարները՝ Ռոման Աբրամովիչը, Օլեգ Դերիպասկան, Յուրի Կովալչուկը, Ելենա Բատուրինան և ուրիշներ, որոնք, ըստ զեկույցի, իրենց կարողությունը վաստակել են նախագահ Պուտինի հետ կապերի միջոցով:

Փորձագետները, սական, նշում են՝ սա առաջին հերթին հոգեբանական ազդեցություն է ունենալու, շատերը մտավախություն ունեն, որ առաջիկայում արևմտյան բանկերն ու կառույցները պարզապես կնախընտրեն գլխացավանքի տակ չընկնել ու ցուցակում ընդգրկվածների հետ գործարքներ չկնքել:

«Կրեմլի ցանկը» ֆինանսների նախարարությունը հունվարի 29-ին ներկայացրել էր Կոնգրեսին: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է, որ տվյալ պահին նոր պատժամիջոցներ չեն սահմանելու Ռուսաստանի նկատմամբ: Այսինքն, եթե Վաշինգտոնը նախկինում պատժամիջոցներ էր սահմանում Ռուսաստանի պետական խոշոր հաստատությունների և խոշոր գործարարների նկատմամբ, ապա հիմա պատժամիջոցների սպառնալիքի տակ են ընկել նաև այն ընկերությունները, որոնք շարունակում են բիզնեսը պատժամիջոցների տակ ընկածների հետ։ Այս ձևով փակվում է շղթան, որի բաց լինելը Ռուսաստանին հնարավորություն էր տալիս մեղմել պատժամիջոցների ազդեցությունը։

Ռուսաստանի պարագայում, այն էլ նախընտրական շրջանում, կատարվածն, ինչպես ասում են, անսպասելի չէր: Պաշտոնական Մոսկվան էլ «Կրեմլի ցանկի» հայտ գալը կապում է հենց Ռուսաստանում նախընտրական շրջանի հետ:

Սակայն մեզ՝ հայաստանցիներիս համար կարևոր է իհարկե այլ թեմա՝ հայազգի ռուսաստանցիների այդ ցուցակում հայտնվելու փաստը: Պարզ է, որ այդտեղ կարող են լինել տասնյակ այլազգիներ, որոնք ՌԴ քաղաքացի են, և վստահաբար Վաշինգտոնում այդ մարդկանց ուղղակի չեն էլ ճանաչում:

Կարող էին Սամվել Կարապետյանից, Դանիլ Խաչատուրովից և Սերգեյ Գալիցկինից (Հարությունյան) բացի լինել այլ հայազգի ու այլազգի մեծահարուստ ռուսաստանցիներ ու վստահաբար: Պետք է հասկանալ, որ այս մարդիկ հայտնվել են նման ցուցակում այն տրամաբանությամբ, որ հարստացել են ենթադրաբար իշխանությունների «դաբրոյով», ընդամենը այսքանը, և ոչ ավելին:

Առհասարակ, խնդիրը անձերը չեն: Հայաստանի համար կարևոր է այլ հարց: Մեր իշխանությունները Հայաստանը սիրում են մշտապես «հազար թելերով» կապել Ռուսաստանի հետ՝ անվտանգությունից, տնտեսության զարգացման հեռանկարներից մինչև քաղաքական ամեն տեսակ որոշման կայացում:

Ահա, սա այն դեպքն է, երբ մեր իշխանությունները պետք է գիտակցեն, թե որքան կարևոր է երկրի ինքնիշխանությունն ու ինքնուրույնությունը, այլ կերպ ասած՝ իրական անկախությունը: Մենք՝ հայաստանցիներս, չպետք է ստիպված լինենք արդարանալ այս կամ այն երկրում հայազգի մեծահարուստի հետ կապված խնդիրների համար ու պարզաբանումներ պահանջենք, որքան էլ այդ մարդիկ Հայաստանի զարգացման համար աշխատանք են տանում ու որևէ մեկը կասկածի տակ չի դնում նրանց հայրենասիրության աստիճանը:

Մենք պետք է ունենանք ինքնուրույն՝ ներսից զարգացող պետություն, որը պետք է մտորի իր՝ սեփական քաղաքացիների մասին ու կախված չլինի որևէ երկրի հարուստ հայերից: Մեծահարուստ հայերի կողմից բարեգործությունը, երկրի զարգացմանն ուղղված ծրագրերը բոլորովին այլ թեմա են, բայց, երբ որևէ երկրի, կլինի դա Ռուսաստանի, ԱՄՆ-ի, կամ եվրոպական որևէ երկրի մեծահարուստ հայը հարստության գործոնով կապվում է Հայաստանի պետական-քաղաքական-իշխանական համակարգին, ահա այս դեպքերում է, որ մենք մեխանիկորեն ստիպված ենք լինում այս կամ այն տհաճ դեպքում արդարացումներ գտնել:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: