Ռուս օլիգարխների «խաղերն» ԱՄՆ-ում ու Թրամփի պատժամիջոցների ցուցակը

Jan 31, 2018 Comments Off on Ռուս օլիգարխների «խաղերն» ԱՄՆ-ում ու Թրամփի պատժամիջոցների ցուցակը

ԱՄՆ-ը ընդլայնեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Պաշտոնական հայտարարությամբ Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը հանդես է եկել ուրբաթ երեկոյան: Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում ձեռնարկված գործողությունների պատճառով սահմանված պատժամիջոցների գործողությունն այսուհետ կտարածվի ևս 21 ռուսաստանցի գործարարների և պաշտոնյաների, ինչպես նաև 9 ընկերությունների վրա: Պատժամիջոցների նոր ցանկում են հայտնվել Ռուսաստանի էներգետիկայի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, «Технопромэкспорт», «Силовые машины» ընկերությունները, երկրի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկի` «Сургутнефтегаз»-ի դուստր ձեռնարկություններից մի քանիսը, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անդրեյ Չերեզովը և նախարարության դեպարտամենտի նախագահ Եվգենի Գրաբչակը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանցի օլիգարխների ներկայացուցիչները լոբբիստական արշավ են վարել Վաշինգտոնում Կրեմլին մոտ կանգնած օլիգարխների ցուցակում իրենց անունների հայտնվելը կանխելու նպատակով: The New York Times-ի զրուցակիցների տեղեկությամբ՝ ռուս տասնյակ ունևոր քաղաքացիներ վարձել էին ամերիկացի լավագույն իրավաբաններին և լոբբիստներին՝ պարզելու համար, թե արդյոք իրենց անունները նշված կլինեն այդ ցուցակում և արդյոք կարելի է ինչ-որ բան անել դրանում չհայտնվելու համար:

Ցուցակում անվան հայտնվելը չի հանգեցնում մարդկանց դեմ ավտոմատ կերպով պատժամիջոցների սահմանման: Սակայն լոբբիստների խոսքով՝ իրենց հաճախորդներն անհանգստացած են, որ իրենք ապագայում կարող են պատժամիջոցների տակ հայտնվել, և որ միջազգային ֆինանսական ձեռնարկությունները կհրաժարվեն նրանց հետ գործ ունենալ մեծ ռիսկի պատճառով:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը օրերս Դավոսում ներկայացրեց ամերիկյան տեսլականը՝ ազդարարելով, որ՝ «հիմա ունենք լրիվ նոր Միացյալ Նահանգներ»: Դավոսի այս տարվա Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենասպասված ուղերձներից մեկը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն էր, որի ընթացքում նա ներկայացրեց Ամերիկայի և աշխարհի տնտեսական կապերի, ինչպես նաև գլոբալ քաղաքական զարգացումների և մարտահրավերների կարգավորման իր տեսլականը. «Ես հավատում եմ Ամերիկային, և որպես Միացյալ Նահանգների նախագահ ես միշտ առաջնահերթությունը կտամ Ամերիկային, ինչպես և աշխարհի բոլոր լիդերները պետք է առաջնային համարեն իրենց ղեկավարած երկրները»:

Թրամփն դավոսյան ուղերձում խոսեց ամերիկյան բարեփոխումների մասին, ասելով, որ տարիներ տևած քննարկումներից հետո հենց իր վարչակազմն է իրականացրել հարկային ոլորտի հիրավի պատմական նշանակության բարեփոխումը: «Բիզնեսն ազատականացվում է, բյուրոկրատական արգելքները չեղարկվում են, երբ այս տարվա փետրվարի 1-ին շարքային ամերիկացին կստանա ռոճիկի անդորրագիրը, կհամոզվի, որ ավելի մեծ գումար է տանում տուն», ֊ նշեց ԱՄՆ նախագահը՝ հավելելով. «Կարծում եմ՝ հիմա ունենք լրիվ նոր Միացյալ Նահանգներ, երկիր, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհից ցանկանում են գալ և ներդրումներ անել: Այն, ինչ հիմա կատարվում է պարզապես աննախադեպ է», – հավելեց նա:

Թրամփի հավաստիացմամբ, ԱՄՆ-ի տնտեսությունը ծաղկում է շնորհիվ բարեփոխումների, և երկիրն ավելի գրավիչ ու մրցունակ է դառնում ոչ միայն ամերիկացի, այլև օտարերկրացի ներդնողների համար: «Համեցեք Ամերիկան», ֊ նշեց Թրամփը, դիմելով ներկաներին, ու հավելեց․ ֊ «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսը բնավ չի նշանակում մեկուսացում, քանի որ երբ զարգանում է Միացյալ Նահանգները՝ զարգանում է նաև ամբողջ աշխարհը: Նա նշեց, որ Ամերիկան պատրաստ է բոլոր երկրների և տնտեսական միավորումների հետ վարել տնտեսական գործարքներ, բայց մեկ պայմանով՝ խաղի կանոնները պետք է լինեն արդար ու հավասար:

Ի դեպ՝ ակնարկելով Ռուսաստանը, սակայն այդ երկրի անունը չտալով, Թրամփը խոսեց էներգետիկայի մասին, ասելով, թե ԱՄՆ-ի նպատակներից մեկն է դիվերսիֆիկացնել աշխարհում էներգակիրների մատակարարումը. «Ոչ ոք էներգակիրների հարցում չպետք է կախված մնա մեկ երկրից»: Խոսելով միջազգային մարտահրավերների մասին, Թրամփն ասաց, որ ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը և ահաբեկության դեմ պայքարը․ «Մենք շարունակում ենք մեր գործընկերներին հորդորել՝ պայքարել Իրանի կողմից ահաբեկիչներին սատարելու քաղաքականության դեմ և արգելափակել այդ երկրում միջուկային զենքի ստեղծումը, մենք նաև դաշնակիցների հետ աշխատում ենք «Իսլամական պետության» պես ջիհադական ահաբեկչական կառույցները ոչնչացնելու ուղղությամբ և շատ հաջող ենք դա անում: Ուրախ եմ հայտնել, որ «Իսլամական պետության» դեմ կռվող դաշինքը Սիրիայում և Իրաքում վերագրավել է այդ մարդասպանների կողմից հսկվող տարածքների գրեթե 100 տոկոսը»:

Ի դեպ, Դավոսում առաջարկեցին Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի պատերազմի ծրագիր մշակել: ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Էշթոն Քարթերը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթում նշեց, որ ՌԴ-ի հետ պատերազմը բավական հնարավոր սցենար է համարում և Պենտագոնին կոչ է արել այդ դեպքի համար մանրամասն ծրագիր մշակել: «Մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն կիբերհարձակումների, այլև «կանաչ մարդուկների» ներխուժմանը, օրինակ՝ Բալթիկա, որտեղ Ռուսաստանը կարող է օգտագործել ազգային փոքրամասնություններին: Արձագանքման ռազմավարություն է պետք ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ին»,- ասել է Քարթերը: Ըստ նրա՝ վերջին 25 տարիներին Արևմուտքը Ռուսաստանին ռազմական հակառակորդ չի համարել, բայց հիմա իրավիճակն արմատապես փոխվել է:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: