Մոսկվայի «սև գործը». Ալիևին նորից պատերազմի «դաբրո» տվեցին

Jan 27, 2018 Comments Off on Մոսկվայի «սև գործը». Ալիևին նորից պատերազմի «դաբրո» տվեցին

Բաքվի և Ռուսաստանի միջև սպառազինության վաճառքի նոր պայմանագրեր ստորագրելու հարցում որևէ սահմանափակում չկա, Դավոսում «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Բաքուն և Մոսկվան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության նոր համաձայնագրերի կնքմանն ուղղված բանակցություններ են վարում, դրանց հետ կապված սահմանափակումներ Ադրբեջանի նախագահը չի տեսնում։ «Սա մի գործընթաց է, որը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այսօր ընթանում են բանակցություններ։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական արդյունաբերությունը զարգանում է, և, ընդհանուր առմամբ, մեր համագործակցությունն այդ ոլորտում արդյունավետ է», ասել է Ալիևը։

Ինչպես հայտնի է, 2010 թվականից կնքված պայմանագրերով՝ Ադրբեջանը Ռուսաստանից շուրջ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն է գնել, այդ թվում՝ հարձակողական: Ըստ Ալիևի՝ այդ սպառազինության մեծ մասն Ադրբեջանն արդեն ստացել է, ու հիմա Բաքուն և Մոսկվան աշխատում են համագործակցության նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Մոսկվան էլ իր հերթին պարբերաբար հայտարարում է Ադրբեջանին զենք մատակարարելու պատրաստակամության մասին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2016 թվականին մամլո ասուլիսում, պատասխանելով հայ լրագրողի հարցին, ասել էր․ «Ադրբեջանը հարուստ է և կարող է զենք գնել ցանկացած երկրից»:

Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության ու նոր գործարքներ կնքելու պատճառներ ունի թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն:

Ալիևն անընդհատ ցանկանում է ապացուցել, որ Հայաստանից հարուստ է, կարող է աշխարհի ցանկացած երկրից զենք գնել:

Մոսկվան էլ իր հերթին շարունակում է ցուցադրել Ադրբեջանի հետ՝ «միայն բիզնես, ոչինչ ավելի» սկզբունքով իր գործելաոճը:

Որքան էլ ռուսները նեղվեն Հայաստանում բարձրացվող ու իրենց ուղղված հարցից՝ ինչու՞ է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կնքում պայմանագրեր Հայաստանի ու Արցախի հակառակորդի հետ՝ միևնույն է, շարունակում են իրենց «սև գործը»:

Իրականում զարմանալու ոչինչ չկա. Մոսկվան շարունակելու է միշտ զինել Ադրբեջանին, այդ կերպ նա պահպանում է Ադրբեջանի կախվածությունը Մոսկվայից:

Սակայն խորքում, բոլորի համար պարզ է, որ հենց Ռուսաստանով է մշտապես մեծ արցախյան պատերազմի բռնկման վտանգը թե՛ քաղաքական որոշման ու «դաբրոյի» առումով, թե՛ առարկայական՝ զենքի վաճառքով:

Իսկ հետևություններ պետք է անեն բոլոր նրանք, ովքեր մինչև հիմա էլ համարում են, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: