Ծառուկյանը նախագահի հարցը վերջնական չի փակում

Dec 29, 2017 Comments Off on Ծառուկյանը նախագահի հարցը վերջնական չի փակում

Գագիկ Ծառուկյանն Գյումրիում բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրել: «Եթե մեր քանակն այսօր քիչ է, ինչի՞ հիման վրա մենք պետք է գնանք, ուզում եմ մի հատ հասկանամ: Եթե մերը 31 պատգամավոր է՝ հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պետք է դնենք: Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելու»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով՝ հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Այսինքն նոր նախագահին խորհրդարանը պետք է ընտրի հաջորդ տարվա մարտի սկզբներին՝ մոտավորապես մինչեւ մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ Սահմանադրության 125 հոդվածի 4-րդ կետի՝ հանրապետության նախագահն ընտրված է համարվում, եթե ստացել է պատգամավորների ընդհանուր թվի երեք քառորդի ձայները, այսինքն՝ առնվազն 79 ձայն:

Խորհրդարանում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ունի 65 ձայն։ Երկրորդ փուլի համար պահանջվում է երեք հինգերորդի ձայնը՝ 63 պատգամավոր պետք է կողմ քվեարկի: Կա նաեւ երրորդ փուլ, որի ժամանակ նախագահն ընտրված է համարվում ձայների պարզ մեծամասնության կողմ քվեարկությամբ։ Մեծ հաշվով՝ հանրապետական մեծամասնությունն է որոշելու, թե ով պետք է լինի 2018-ի նախագահը: Նախագահի թեկնածուների պակաս այսօր էլ չկա. ամենահավանական թեկնածուն, ում անունը շրջանառության մեջ է արդեն մի քանի տարի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է համարվում, ում 70 տարին լրանում է նախագահի ընտրություններից օրեր հետո՝ մարտի 23-ին, եւ նա օրենքի ուժով պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը: Սակայն նա առողջական խնդիրներ ունի, բացի այդ՝ օրերս հրապարակայնորեն վստահեցրեց, թե չի ցանկանում այդ պաշտոնում աշխատել։ Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի անունը, որի մասին մենք գրել ենք շաբաթներ առաջ։ ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունը նույնպես թեկնածուների շարքում է: Սահմանադրական փոփոխություններով՝ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կամ 27 պատգամավորի ստորագրություն : Բ ացի ՀՀԿ-ից, նախագահի թեկնածու կարող է առաջադրել նաեւ 31 հոգանոց խմբակցություն ունեցող «Ծառուկյան դաշինքը», որը փաստորեն, ինչպես Ծառուկյանը հայտարարեց, չի պատրաստվում թեկնածու առաջադրել, ծանր տեղը թեթեւացնել: Սակայն Գագիկ Ծառուկյանի այս մեկնաբանությունն, այնուամենայնիվ, մի շարք հարցեր է առաջ բերում: Եթե նրա խմբակցությունն ամեն անգամ պիտի փաստարկ ներկայացնի իր փոքր թվաքանակը, ապա ինչ իմաստ ուներ վերցնել պատգամավորական մանդատները ու գալ խորհրդարան, միեւնույն է՝ իրենք փոքրամասնություն են եւ չի լինելու երբեք, որ ծանր տեղ ունենան այս կամ այն հարցում: Ասել է թե՝ «Ծառուկյան» դաշինքի գործն ԱԺ-ում անհասկանալի է: Սակայն խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը կարող էր իր հեղինակությունը պահելու համար թեկուզ սիմվոլիկ թեկնածու առաջադրել, ինչպես Ելք-ը որը շաբաթներ առաջ հայտարարել է Արտակ Զեյնալյանի թեկնածության մասին ու աջակցության համար դիմել Ծառուկյան դաշինքին: Ելք-ից հայտարարել են, որ այսպիսով իրենք ցույց են տալու այն այլընտրանքը, որը առաջարկելու են իշխանության ու իր առաջադրած թեկնածուի դեմ: Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք սատարել «Ելքի» թեկնածուին, Ծառուկյանն արձագանքել է. «Դեռ ինձ այդ թուղթը չի հասել»: Ինչպես ակնհայտ է՝ Ծառուկյանը հստակ պատասխան չի տվել Ելք-ին աջակցության հարցում՝ թերեւս իշխանության մոտ մանեւրի տեղ թողնելով:Կամ այլ կերպ ասած, որպեսզի կարողանա հասնել նրան, որ նախագահի թեկնածուն նաեւ իրենց սրտով լինի:

Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն թեեւ կարող է միայնակ ընտրել նախագահ, բայց նրան վերահսկել չի կարող: Նոր Սահմանադրությամբ՝ նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների երկու երրորդը՝ 70 պատգամավոր։ Իսկ նոր մոդելում նախագահը այնքան էլ սիմվոլիկ կարգավիճակ չի ունենալու, նա կարող է վետո դնել ԱԺ ընդունած օրենքների վրա, դեսպաներ նշանակել եւ այլն, այնպես որ տեսականորեն պետք է ապահովագրվել բոլոր հարցերում, անգամ նախագահի հրաժարականի:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: