Սառույցը շարժվո՞ւմ է. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Թբիլիսիում

Dec 26, 2017 Comments Off on Սառույցը շարժվո՞ւմ է. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Թբիլիսիում

«Ժամանակ» թերթը գրում է. «Անդրադարձել ենք մեր երկու երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը»,- նախօրեին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպելով այդ երկրի նախագահին, ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցն ու տարանցիկ կարողությունների մասին հայտարարությունը հատկապես ուշագրավ են հնչում դրանից օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի արած հայտարարության ֆոնին, որ կապված էր տրանսպորտային միջանցքների օգտագործման մասին 2011 թվականին կնքված ռուս-վրացական պայմանագրի հետ: Այդ պայմանագրով նախատեսվում է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքով, երրորդ կողմի մոնիթորինգի ներքո:

Բանն այն է, որ Վրաստանն ու Ռուսաստանը քաղաքական հակամարտության մեջ են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում եւ պայմանագրով նրանք փորձում են տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնել այդ հակամարտության պայմաններում, սահման դիտարկելով Ռուսաստանի սահմանը: Իսկ չճանաչված այդ հանրապետությունների տարածքով, որոնց այսպես ասած անջատումը, Վրաստանը չի ընդունում, իսկ Ռուսաստանը ճանաչել է անկախությունը, բեռնափոխադրումը իրականացվելու է շվեյցարական մոնիթորինգի ներքո: Պայմանագիրը կա, սակայն այն չի իրականացվում: Եվ ահա Վրաստանի վարչապետը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան էլ կարող օգտվել այդ տարանցումից, եթե պայմանագիրը մտնի ուժի մեջ, եւ եթե փակ լինի Վերին Լարսի ճանապարհը: Սակայն խնդիրն այն է, որ Վրաստանը տալիս է իր համաձայնությունը, իսկ Ռուսաստանը դնում է քաղաքական պահանջներ՝ չճանաչված տարածքների հարցում, որոնք Վրաստանի համար ընդունելի չեն: Առանցքային է այստեղ թերեւս այն, որ Ռուսաստանի համար զուտ տնտեսական իմաստով այդ ճանապարհը կարեւոր չէ: Դա կարեւոր է դեպի Ռուսաստան բեռներ փոխադրողների համար, որոնք ձգտում են ռուսական շուկա: Այսինքն՝ դա կարեւոր է թե՛ Հայաստանի, Վրաստանի, թե՛ Թուրքիայի համար: Սակայն Ռուսաստանը, բնականաբար, շահագրգռված չէ մտածել նրանց մասին:

Վրաստանի վարչապետը գուցե այդ հարցում ակնկալում է Հայաստանի եւ Թուրքիայի աջակցությունը՝ Ռուսաստանի հետ բանակցության գործում, Մոսկային համոզելու եւ քաղաքական պահանջներից հրաժարվելու հարցում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը վրացական կողմի հետ քննարկել է հարցեր այդ կապակցությամբ: Հետաքրքիր է այն, որ Սերժ Սարգսյանը Վրաստանից մեկնում է Մոսկվա, որտեղ աշխատանքային այց է կատարելու եւ մասնակցելու է ԱՊՀ երկրների վեհաժողովին: Ընդ որում, այստեղ դիտարկման է արժանի փաստը, որ Սարգսյանի՝ Վրաստան այցի վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկություն էր տարածվել դեկտեմբերի 16-ի մասով: Սակայն դեկտեմբերի 16-ի համար ոչ պաշտոնական հղումով ռուսալեզու մամուլում ազդարարված այցը տեղի չունեցավ, ու Սերժ Սարգսյանը Վրաստան մեկնեց դեկտեմբերի 25-ին: Եվ այդ տեսանկյունից հետաքրքիր է՝ արդյո՞ք վրացական այցը պլանավորվեց այնպես, որ Սարգսյանը, այսպես ասած, տաք հետքով մեկնի Մոսկվա: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Սարգսյանը մոսկովյան այցի շրջանակում կշարունակի Վրաստանում սկսված թեմայի քննարկումը:

Այդ հարցին, անշուշտ, դժվար է միարժեք պատասխանել, սակայն այդ համատեքստում ուշագրավ է այն, որ մինչ Սերժ Սարգսյանի այցը, Երեւան պետք է ժամաներ Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին, սակայն նրա հայտարարված այցը կարճ ժամեր անց հետաձգվեց: Այստեղ հետաքրքիր է նաեւ այն, որ Վրաստանի վարչապետը Հայաստան պետք է ժամաներ Իրանի արտգործնախարարի հայաստանյան այցից հետո: Այդ իմաստով հատկանշական է այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է տարանցիկ փոխադարձ կարողությունների ընդլայնման մասին: Մյուս կողմից, իհարկե, այստեղ առկա է մեկ այլ հարց: Արդյո՞ք խոսքն անպայմանորեն վերաբերում է տրանսպորտային, կամ միայն տրանսպորտային տարանցմանը, թե՞ խոսք կարող է լինել, օրինակ, գազի մասին՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Եվ այստեղ էլ իհարկե կա մեկ այլ հարց՝ խոսքը նոր գազամուղի՞, թե՞ եղած հնարավորություններով փոխանակման տարբերակի մասին: Ընդ որում, այդ տարբերակի մասին քառակողմ բանակցություն վարվել է երկու տարի առաջ, սակայն, կարծես թե, կողմերը չեն եկել վերջնական պայմանավորվածության: Թեեւ այստեղ խոսքը Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղու մասին է, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, առանց Մոսկվայի, այդ հարցն իհարկե չի կարող ունենալ առաջընթաց: Իսկ փոխանակման տարբերակով տարանցման դեպքում էլ «Գազպրոմ»-ի ուղղակի մասնակցությունը անխուսափելի է:

Այդպիսով, կա՞ արդյոք որեւէ շարժ հայ-վրացական տարանցիկ կարողությունների հարցում արդյունավետության բարձրացման տեսանկյունից, ինչպես հայտարարել է Սերժ Սարգսյանը, թե՞ խոսքը պարզապես հռետորաբանության մասին է: Առանցքային է այստեղ իհարկե Ռուսաստանի մոտիվացվածությունը, եւ այդ առումով դեր կարող է խաղալ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շահագործումը, որը գործնականում Ռուսաստանին նետված մարտահրավեր է, եւ դա կարող է Մոսկվային խթանել՝ որպես պատասխան քայլ առաջընթաց գրանցել դեպի հյուսիս հաղորդուղիների բացման հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: