Համայնքները սպասում են խոշորացման իրենց հերթին.Աշոտ Կիրակոսյան

Dec 23, 2017 Comments Off on Համայնքները սպասում են խոշորացման իրենց հերթին.Աշոտ Կիրակոսյան

 Հարցազրույց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի հետ

-Պարոն Կիրակոսյան, վերջերս հանրապետության նախագահը Դիլիջանում կայացած տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հանգամանալից ներկայացրեց խոշորացող համայնքներում` պետության որդեգրած քաղաքականության և բարեփոխման տեսլականը: Տարածքային զարգացման հիմնադրամն այս ուղղությամբ  ինչ կոնկրետ ծրագրեր է իրականացնում, որոնք էականորեն կփոխեն կամ կբարելավեն  համայնքային կյանքը:

-Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը, համայնքային կարողությունների հզորացումն ու ամրապնդումը, դրան միտված վարչատարածքային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը կառավարության առջև դրված  արդիական այն  հիմնախնդիրներից է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է  ժամանակի հրամայականով: Հիմնադրամի գործունեության հիմքում ներառված` համայնքների զարգացման նորարարական մոտեցումներն ու սկզբունքները, որոնք միտված են մարդկանց կյանքում որակական, արմատական  փոփոխություններ իրականացնելուն, արդյունք են Կառավարության որդեգրած քաղաքականության: Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում արդեն կյանքի կոչված  ներդրումային ծրագրերը  առաջին խոշորացված 18 համայնքներում իրականացվում  են ամերիկյան/ ԱՄՆ ՄԶԳ/  և շվեյցարական / դաշնային զարգացման գործակալություն/  կառավարությունների ֆինանսավորմամբ, որոնց հետ սերտորեն համագործակցում է ՀՏԶՀ-ն: Մասնավորապես, Դիլիջան, Տաթև և Թումանյան միավորված այս երեք համայնքները վերազինվել են կոմունալ, ճանապարհաշինական, տրանսպորտային և գյուղատնտեսական ժամանակակից տեխնիկայով, ինչի շնորհիվ, արձանագրվել է  համայնքային կարողությունների լուրջ աճ:   Համայնքներն իրենց տրամադրության տակ ունենալով անհրաժեշտ գործիքակազմ,  ինքնուրույն  են լուծում իրենց հարցերն ու բավարարում կոմունալ կարիքները: Սա լուրջ առաջընթաց է համայնքների ինքնուրույնության բարձրացման և կարողությունների հզորացման ճանապարհին:

Դիլիջան  և Թումանյան համայնքներում կառուցվել է մեքենաների և տեխնիկայի կայանատեղի: Գյուղերում տեղադրվել են աղբամաններ, կատարվում է մշտական աղբահանություն:                                                                                                            Անշուշտ, համայնքների կարողությունների զարգացումը հնարավոր է դառնում  միայն համագործակցային և նպատակային աշխատանքների պարագայում,  հետևաբար, հարկ է իրականացնել ոչ միայն հանրային ծառայությունների որակի և քանակի բարելավմանն ուղղված ծրագրեր, այլև  միջհամայնքային  համագործակցության զարգացման և  տարածքների տնտեսական համաչափ զարգացմանը նպաստող ծրագրեր: Պետք է աջակցել  վերամշակման ձեռնարկությունների ստեղծմանը, համայնքներին ժամանակակից  տեխնիկայի տրամադրմանը, կայանատեղիների և շուկաների կառուցմանը, արտաքին լուսավորության համակարգերի արդիականացմանը, ներհամայնքային տրանսպորտային կապի ստեղծման, բիզնես միջավայրի բարելավմանը  և այլն, որոնք առաջիկայում կընդգրկեն հանրապետության բոլոր մարզերը:  Այս գործունեությունը կնպաստի ոչ միայն առանձին համայնքների զարգացմանը, այլև շղթայական հաջորդականությամբ կտարածվի նաև այլ համայնքների վրա` բարձրացնելով ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ողջ երկրի կայուն զարգացման տեմպերը: Ավելացնեմ միայն, որ 2016-2017 թթ. իրականացված ծրագրերում ներառված 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 52 համայնք: Մյուս համայնքները սպասում են խոշորացման իրենց հերթին:

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: