Ինչի՞ հրահրեց Ռուսաստանը՝ 2010-ից զինելով Ադրբեջանին

Dec 24, 2017 Comments Off on Ինչի՞ հրահրեց Ռուսաստանը՝ 2010-ից զինելով Ադրբեջանին

Միացյալ Նահանգները թույլատրեց զենքի վաճառքը Ուկրաինային: Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային ամերիկյան արտադրության թեթև սպառազինությունների և մինչև 50 միլիմետր տրամաչափի հրաձգային զինատեսակների վաճառքի արտոնագրերի տրամադրումը: Արտահանողները կարող են դիմել Ուկրաինային զենքի վաճառքի արտոնագրի համար, որը Պետդեպարտամենտը կստուգի յուրաքանչյուր կոնկրետ գործարքի դեպքում: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության որոշման մասին Կոնգրեսը տեղեկացվել է դեկտեմբերի 13-ին: Միացյալ Նահանգների վարչակազմի որոշումը ծանր սպառազինությունների վաճառք չի նախատեսում, չնայած Կիևը դիմել էր նման խնդրանքով, մասնավորապես խնդրելով նաև հակատանկային Javelin հրթիռային համակարգեր՝ երկրի արևելքում ռուսամետ անջատականների զինված խմբերի դեմ պայքարելու համար, սակայն Վաշինգտոնը չի թույլատրել ծանր զենքի վաճառքը Ուկրաինային:

Կրեմլն արդեն իսկ արձագանքել է Ուկրաինային մահաբեր զենք վաճառելու Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշմանը: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ դա հավանաբար «ավելի կտաքացնի ազգայնականների թեժ գլուխները, որոնք Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում ձգտում են նորից անցնել ուժային և փակուղային մեթոդների ու դիմել արյունահեղության»:

Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե Մոսկվան հիասթափված է Վաշինգտոնի որոշումից: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, զինելով Ուկրաինայի իշխանություններին, Կիևին հրահրում է լայնածավալ արյունահեղության Դոնբասում:

Ուկրաինային զենք վաճառելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշման մասին The Washington Post-ը գրում է, որ սա Ուկրաինային մահաբեր զենքի վաճառքի առաջին թույլտվությունն է, ինչը խախտում է նախորդ՝ Օբամայի վարչակազմի փաստացի արգելքը: Ըստ The Washington Post-ի՝ Ուկրաինային 41․5 միլիոն դոլարի զենք է վաճառվելու, այդ թվում նաև՝ նշանառու հրազեն: Սակայն Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Պետդեպարտամենտի փաստաթղթերը, հաղորդում է, որ Ուկրաինան մի քանի տարի ԱՄՆ-ից փոքր քանակի թեթև զինատեսակներ, հրաձգային զենք գնել է՝ թե՛ մինչև 2014-ը, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, թե՛ Ղրիմի բռնակցումից հետո: Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը ասել է, որ ԱՄՆ-ի նախորդ երկու վարչակազմերը Ուկրաինա արտահանելու արտոնագրեր են հաստատել: «Այնպես որ, սա ինչ-որ նոր բան չէ», – նշել է նա:

Նկատենք, որ 2014-ին Կոնգրեսը Ուկրաինայի ազատությանը աջակցելու օրենք էր ընդունել, ինչը նաև զենքի վաճառքի հնարավորություն էր տալիս, սակայն Օբամայի վարչակազմը խուսափում էր դրանից:

Օրենքի համահեղինակ՝ հանրապետական սենատոր Բոբ Քորքերը բարձ է գնահատել Ուկրաինային զենք վաճառելու Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը: «Ես գոհ եմ, որ վարչակազմը հավանություն տվեց Ուկրաինային պաշտպանական մահաբեր զենքի վաճառքին: Այդ որոշումը պաշտպանվել է Կոնգրեսում, երեք տարի առաջ օրենք է ընդունվել, և արտացոլում է մեր երկրի հանձնառությունը Ուկրաինային՝ պայքարելու ռուսական շարունակվող ագրեսիայի դեմ», – ասել է Քորքերը:

ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ շտաբների պետ Ջոզեֆ Դանֆորդը այս տարեսկզբին ասել էր, թե առաջարկել է մահաբեր զենք տրամադրել Ուկրաինային՝ օգնելու համար պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը: Իսկ սեպտեմբեր 26-ին Սենատի պաշտպանական հարցերով հանձնաժողովի լսումներին Դանֆորդն նշել էր, թե Ուկրաինային զենք տրամադրելու առաջարկը սպասում է Սպիտակ տան որոշմանը:

Ռուսաստանն, իհարկե, Ուկրաինայի, Վրաստանի հարցում մշտապես ցույց է տվել, որ առաջնորդվում է բացառապես երկակի ստանդարտներով, երբ հարցը վերաբերում է այս երկրներին արևմուտքի կողմից աջակցությանը:

Մոսկվան տարիներ շարունակ դժգոհություն էր հայտնում ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության առիթով, նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ սպառնալիք էր որակում այդ համագործակցությունը:

Հիմա էլ Կրեմլը նշում է, թե հիասթափված է Վաշինգտոնի որոշումից և նշում է, թե ԱՄՆ-ը, զինելով Ուկրաինայի իշխանություններին՝ Կիևին հրահրում է լայնածավալ արյունահեղության Դոնբասում:

Իսկ ինչի՞ հրահրեց Ռուսաստանը 2010-ից, ըստ էության, ողջ ուժով զինելով Ադրբեջանին, այն էլ ընդդեմ ռազմավարական դաշնակից Հայաստանի…

Այս հարցը Ռուսաստանում որևէ մեկին հետաքրքրո՞ւմ է…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: