Տոներն են մոտենում, ԱԺ-ն է ամայանում

Dec 20, 2017 Comments Off on Տոներն են մոտենում, ԱԺ-ն է ամայանում

Ազգային Ժողովի արտահերթ նիստի  գրեթե դատարկ դահլիճում կարեւորագույն օրենքներ ու օրենսգրքեր  են քննարկվում: Պատգամավորները նախատոնական տրամադրությամբ դժկամությամբ եկան գրանցվելու եւ անհետացան ԱԺ շենքից: Իսկ սեղանին Քրեական, Հարկային օրենսգրքերն են, մի շարք կարեւորագույն այլ օրենքներ:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը Քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը ներկայացրել: Նախագծերի փաթեթով  հնարավորություն է տրվում  ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ վարչական գործերով դատարան դիմել էլեկտրոնային  եղանակով: Նախատեսվում է, որ հայցադիմում, դիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն եւ այլ փաստաթղթեր դատարան կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով, մասնավորապես, «Datalex.am» տեղեկատվական համակարգի միջոցով: Զուգահեռ չի սահմանափակվում թղթային տարբերակով դատարան դիմելու հնարավորությունը, պարզապես էլեկտրոնային ստորագրության առկայության պայմաններում քաղաքացին  կկարողանա էլեկտրոնային տարբերակով դիմել դատարան:Ապացույցները անձը կներկայացնի սկանավորված տարբերակով, իսկ հետագայում դատարանը կբերի բնօրինակները, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Հաջորդ փոփոխությունը դատական ակտի հարկադիր կատարմանն է վերաբերվում, որի դեպքում նույնպես դատարանի վճիռը էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի հասցնել դատական ակտերի հարկադիր ծառայություն:

«Սա դուինգ բիզնեսի գործակցի վրա դրական կազդի, որովհետեւ մենք մի քայլ կրճատում ենք անձի կողմից իր խախտված իրավունքների վերականգնամն համար այդ գործողությունները: Այսինքն՝ այլեւս անձը դատարանից չի վերցնի տանի ԴԱՀԿ, այդ քայլը բացառում ենք»,- փոխնախարարը: Ուշագրավ է, որ մինչ մի քանի պատգամավորների ներկայությամբ կարեւորագույն նախագծեր էր ԱԺ-ն քննարկում, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խոսում էր խորհրդարանի դերի եւ իր հետագա պաշտոնավարման մասին:
Իսկ եթե ավելի անկեղծ, ապա այս խորհրդարանն այնքան ոչ պրոֆեսիոնալ է, որ նույնիսկ խորհրդարանի խոսնակն  տեղյակ չէ իր ընտրության կարգի մասին: ԵՄ դեսպանի հետ հանդիպումից հետո Բաբլոյանիցլրագրողները  փորձեցին ճշտել, թե արդյո՞ք 2018-ից հետո ինքը կշարունակի մնալ ԱԺ նախագահի պաշտոնում: «Ինչպես ժողովուրդը որոշի»,- պատասխանեց Բաբլոյանը: Ժողովուրդն ի՞նչ կապ ունի նրա հետ, մի՞թե ժողովուրդը մասնակցություն ունեցավ այն բանին, որ Բաբլոյանը դարձավ խորհրդարանի նախագահ:Բաբլոյանը այս հարցի տակից խորամանկորեն դուրս եկավ՝ ասելով, թե ժողովուրդն է ընտրել Ազգային ժողովը եւ այդ մարմինն էլ կորոշի իր հետագա պաշտոնավարման հարցը:

Իսկ եթե Բաբլոյանը իսկապես գիտի իր ընտրության կարգը եւ ընդամենը շահարկում է ժողովրդի անունը, ապա հեչ սիրուն չէ, որովհետեւ ժողովրդի լայն զանգվածների համար իր նշանակում ամենաանակնկալ նորություններից մեկն էր: ԱԺ խոսնակը, ի վերջո, ասաց, որ ՀՀԿ-ում չի քննարկվել իր փոխվելու հարցը ու ինքը չգիտի՝ կքննարկվի, թե ոչ:

 

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: