Երևանում և Բաքվում գրեթե միաժամանակ բացվում են «Գյոթե կենտրոններ»

Dec 15, 2017 Comments Off on  Երևանում և Բաքվում գրեթե միաժամանակ բացվում են «Գյոթե կենտրոններ»

Դեկտեմբերի 16-ին Երևանում՝ Մհեր Մկրտչյան 1 հասցեում, կբացվի «Գյոթե կենտրոն», որն ապահովելու է հանրահայտ «Գյոթեի ինստիտուտի» մշակութային ներկայությունը Հայաստանում: Մինչ այդ՝ դեկտեմբերի 6-ին, «Գյոթե կենտրոնի» բացումը տեղի է ունեցել Բաքվում, որին փաստացի հաջորդում է Երևանի կենտրոնի բացումը: Ըստ էության գերմանական կողմը կայացրել է քաղաքական որոշում՝ տարածաշրջանաում հավասարակշիռ քաղաքական մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ, ինչի մասին վկայում է նույնանման կենտրոնների համաժամանակյա բացումը:

«Գյոթե կենտրոնը» գործելու է Գերմաներենի ուսուցման կենտրոնի հետ նույն հարկի տակ: Կենտրոնը ղեկավարելու է տիկին Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին: Նա նախկինում ավելի քան երկու տասնամյակ ղեկավարել է Թբիլիսիի «Գյոթեի ինստիտուտի» մշակույթի բաժինը և այս գործում համարվում է պրոֆեսիոնալ: Տիկին Միքելաձեն ժամանակին կրթություն է ստացել Գերմանիայում: Նրա տատը գերմանուհի է, ունի նաև հայկական արյուն՝ նախատատը Կամսարականների հայտնի տոհմից է եղել: Նա Երևան է տեղափոխվել այս տարվա հոկտեմբերից:

Երևանում «Գյոթե կենտրոնը» ծավալելու է մշակութային գործունեություն, որը, ինչպես նշում է տիկին Միքելաձեն, կդառնա նախնական կարևոր հիմքը՝ հետագայում Հայաստանում «Գյոթեի ինստիտուտի» բացման համար: Տիկին Միքելաձեն ոգևորությամբ է պատմում իր ապագա ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ Երևանի «Գյոթե կենտրոնի»  գործունեությունը բովանդակային առումով շատ չի տարբերվելու Թբիլիսիիում գործող «Գյոթեի ինստիտուտի» գործունեությունից: Ինչպես ամբողջ աշխարհում, Երևանում ևս «Գյոթե կենտրոնը» երեք հիմնական աշխատանքային ուղղություն ունի՝ գրադարանը, որը ծառայում է նաև որպես տեղեկատվական կենտրոն, կրթական ծրագրերը, որոնք ներառում են լեզվի ուսուցման և կատարելագործման դասընթացները, գերմաներենի իամացությունը հավաստող քննությունների կազմակերպումը, ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, դպրոցների համագործակցության և մշակութային ծրագրերը, որտեղ գործունեության անհամեմատ ավելի լայն դաշտ կա: Մշակութային միջոցառումները լինելու են շատ բազմազան՝ սկսած սեմինարներից ու work-shop-երից, մինչև ցուցահանդեսների կազմակերպում, ֆիլմերի ցուցադրություն և այլն:

«1949 թվականին ստեղծված «Գյոթե ինստիտուտը» մեկ գերխնդիր ուներ. պատերազմից հետո բացատրել աշխարհին, որ Գերմանիան ոչ միայն նացիզմի և ֆաշիզմի գաղափարախոսության կրողն է, այլ նաև մշակութային հարուստ ժառանգության, համամարդկային բարձր արժեքների հետամուտ երկիր է: Այսօր «Գյոթեի ինստիտուտը» ամբողջ աշխարհում՝ իր ցանցով, որի մեջ մտնում են արդեն ավելի քան 159 ինստիտուտ, բազմաթիվ կենտրոններ, տարբեր քաղաքաներում գործող գործընկեր կառույցներ,  ապահովում է գերմանական մշակույթի և կրթության ներկայությունը: Այս տարածաշրջանում առաջին ինստիտուտը բացվեց Թբիլիսիում, սակայն հետագայում, պայմանավորված որոշ խնդիրներով,  մասնավորապես ֆինանսավորման ծավալների կրճատմամբ, Երևանում և Բաքվում որոշվեց բացել ոչ թե ինստիտուտ, այլ կենտրոն»,- նշում է տիկին Միքելաձեն: Արտերկրում գործող կենտրոններն ու ինստիտուտները ֆինանսավորվում են Գերմանիայի ֆեդերալ բյուջեից: Հայաստանում կենտրոն բացելու որոշումը կայացվել է անցյալ տարի և դրանում, ինչպես շեշտում է Ն. Միքելաձեն, իր լուրջ դերակատարումն է ունեցել Հայաստանի կառավարությունը, կրթության և մշակույթի նախարարները, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի պատասխանատուները, մասնավորապես Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը: «Նախկինում մենք Թբիլիսիից էինք համակարգում Երևանում ընթացող մշակութային միջոցառումները, բայց դրանք մեծ ծավալ չէին կազմում: Անցյալ տարի որոշվեց Երևանում «Գյոթե կենտրոնի» բացման համար երեք տարով ֆինանսավորում ապահովել, դրանով մենք առանձին ծրագրեր իրականացնելու հնարավորություն ստացանք: Երևանի «Գյոթե կենտրոնն» ըստ էության «Գյոթե ինստիտուտի» փոքրիկ մոդելն է. մենք այստեղ մատուցելու ենք բոլոր ծառայությունները, ինչ որ ինստիտուտն է մատուցում: Քանի որ Երևանում որպես «Գյոթեի ինստիտուտի» գործընկեր վաղուց գործում էր գերմաներենի ուսուցման կենտրոնը և ուներ լավ արդյունքներ, ինչպես նաև հաջողված համագործակցություն «Գյոթեի ինստիտուտի» հետ, մենք որոշեցինք այս հարցում համագործակցել նրանց  հետ»,- պատմում է տիկին Միքելաձեն:

Երևանում կրթական խնդիրների համակարգմամբ զբաղվում է «Գյոթեի ինստիտուտի» կրթության փորձագետը՝ Դանա Շլուխթմանը, ով աշխատում է գերմաներենի ուսուցիչների հետ, զբաղվում կրթական ծրագրերով: Իսկ Գերմաներենի ուսուցման կենտրոնն արդեն ավելի քան ութ տարի ղեկավարում է Նելլի Սողոմոնյանը, ով Երևանում «Գյոթե կենտրոնի»  բացման ջատագովներից է: Երևանում «Գյոթե կենտրոնի» բացման նախապատմությունը տարիների հեռվից է գալիս: Դեռ տարիներ առաջ, ունենալով ինտենսիվ մեթոդների դասավանդման փորձ, այն ժամանակ դեռ Ֆրանսիական համալսարանի գերմաներենի ամբիոնի վարիչ Նելլի Սողոմոնյանը որոշում է ստեղծել գերմաներենի ուսուցման կենտրոն: 2009 թվականից Հայաստանում, Գերմանիայի դեսպանատան տեխնիկական աջակցությամբ, սկսում են գործել գերմաներենի ուսուցման դասընթացները. «Երեք տարի հաջողությամբ աշխատելուց հետո, երբ արդեն որոշակի համագործակցություն էր ստեղծվել նաև Թբիլիսիի «Գյոթե ինստիտուտի» հետ, ինձ մոտ մասնագիտական նպատակ առաջացավ Երևանում ստեղծել «Գյոթե ինստիտուտի» գործընկեր լեզվի ուսուցման կենտրոնը, առավել ևս, որ այդպիսիք կային  աշխարհի շատ մեծ քաղաքներում, այդ թվում նաև մեր տարածաշրջանի և ետխորհրդային երկրների այլ մայրաքաղաքներում: «Գյոթեի ինստիտուտի» կողմից դիտարկվեց մեր գործունեության մեթոդական և այլ հարցերով համապատասխաությունն իրենց չափանիշներին և մեզ առաջարկվեց գործընկերության պայմանագիր՝ որպես լեզվի կենտրոն, որը ստացավ նաև գերմաներենի միջազգայնորեն ճանաչված քննությունների կազմակերպման թույլտվություն: Լեզվի ուսուցման կենտրոնի բացմամբ, որը պաշտոնապես տեղի ունեցավ 2012 թվականին, «Գյոթե ինստիտուտը» փաստացի ստացավ ներկայություն և հասցե Երևանում և դարձավ նրա գործունեության ընդլայնման  կարևոր հիմքերից մեկը»,- պատմում է տիկին Սողոմոնյանը՝ հույս հայտնելով, որ «Գյոթե կենտրոնը» կդառնա հայ-գերմանական երկխոսության նոր արդյունավետ հարթակ:

Հավելենք, որ Գյոթեի անվան ինստիտուտը դասական իմաստով բարձրագույն ուսումնական հաստատություն չէ, որտեղ մարդիկ մասնագիտական կրթություն են ստանում: Ամբողջ աշխարհում Գյոթեի անվան ինստիտուտները նույն գործունեությունն են ծավալում՝ գերմանական մշակութայի տարածում, կրթական ծրագրեր, գերմաներենի ուսուցման կուրսեր և այլն:

 

Կարինե  Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: