Մանկավարժի որակավորում և բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կարող են աշխատել մինչև 2028 թվականը. փոխվում է օրենքը

Dec 16, 2017 Comments Off on Մանկավարժի որակավորում և բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կարող են աշխատել մինչև 2028 թվականը. փոխվում է օրենքը

 

 

2009 թվականի օգոստոսի 15-ին ընդունված «Հանրակրթության մասին» օրենքի  38-րդ հոդվածը սահմանում էր, որ 2018 թվականի օգոստոսի 20-ից հետո դպրոցներում ուսուցիչ կարող էին աշխատել բացառապես բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում ունեցող մասնագետներ: Սա նշանակում էր, որ գալիք ուսումնական տարվանից սկսած՝ դպրոցներում միջին մասնագիտական մանկավարժական կրթությամբ աշխատող բազմաթիվ ուսուցիչներ, ինչպես նաև  բարձրագույն կրթություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող շատ մանկավարժներ պետք է մեխանիկորեն ազատվեին աշխատանքից: Թեպետ ժամանակին օրենքն ընդունելիս 9 տարվա արտոնյալ ժամանակահատված էր նախատեսվել, և այդ ընթացքում դպրոցներում աշխատող ուսուցիչների մի զգալի մասը լուծել է կրթական ցենզի և մասնագիտական որակավորման հարցը հեռակա կրթության միջոցով, սակայն կային նաև դեպքեր, երբ տարբեր պատճառներով այդ խնդրին հնարավոր չէր լինում լուծում տալ: Մասնավորապես ներկայումս դպրոցներում աշխատող շուրջ 3208 մանկավարժ ունեն միջին մասնագիտական կրթություն, 236-ը՝ թերի բարձրագույն, 98-ը՝ միջնակարգ ընդհանուր կրթություն:

Կրթության և գիտության նախարարությունը որոշել է այս խնդիրն ունեցող մանկավարժներին լրացուցիչ շանս տալ՝ օրենքի կիրարկման ժամկետն հետաձգելով ևս 10 տարի: ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է նոր կարգավորում. ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը: Իսկ 26-րդ հոդվածը սահմանում էր ուսուցչին ներկայացվող պահանջները, այն է՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացելէ մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորվածմասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքումմանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ կրթության պետական զարգացման ծրագիրը մշակված է 2018-2030 թվականների համար և նախատեսում է կրթության բովանդակության, կազմակերպման ամբողջական վերանայում: Այս համատեքստում նախատեսվում է նաև իրականացնել հանրակրթական հաստատությունների ուսուցիչների որակի բարելավում, մասնավորապես, մանկավարժական կրթության արդիականացում՝ ապահովելով մանկավարժական մասնագիտությունների ցանկի, ուսուցիչների պատրաստման, որակավորման բնութագրերի, մասնագիտական գիտելիքների և կարողությունների համապատասխանությունը հանրակրթության ժամանակակից պահանջներին: Ուստի նպատակահարմար է համարվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել փոփոխություն՝ սահմանելով, որ այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը:

Օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռնի միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչների, որոնք ունեն երկար տարիների աշխատանքային ստաժ և սովորողների հետ կրթական ու դաստիարակչական աշխատանքների մեծ փորձ, շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը: Իսկ դրանից հետո տարեց մանկավարժներն արդեն թոշակի կանցնեն, իսկ դպրոց նոր մտնող մանկավարժների համար արդեն գործում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ուստի տարիների ընթացքում այս խնդիրն արդեն ինքնաբերաբար կկարգավորվի:

 

Կարինե  Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: