Հերթական հարվածը Սերժ Սարգսյանին

Dec 09, 2017 Չի մեկնաբանվել

Դաշնակցությունը վերափոխվում է լույսի արագությամբ։ Եթե ոչ վաղ անցյալում ՀՅԴ-ն համարվում էր Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը ՀՀԿ-ից հետո եւ այդ սերն ու փոխվստահությունը ցուցադրվում էր երկկողմ, հիմա ՀՅԴ-ում սեր են տածում նաեւ առ Կարեն Կարապետյան։

Ընդ որում սա այն պայմաններում, երբ մամուլն ամեն օր գրում է վարչապետի ու ՀՅԴ-ական առնվազն երկու նախարարների անհաշտությունների մասին, որն ակնհայտ է դառնում նաեւ հրապարակային շփումների ժամանակ։ Խոսքը Լեւոն Մկրտչյանի եւ Արծվիկ Մինասյանի մասին է։ Իսկզբանէ պարզ էր, որ կոալիցիա կազմվեց ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ-ի միջեւ, այլ ՀՅԴ-ի եւ Սերժ Սարգսյանի ու թվում էր, թե Սարգսյանը 2018-ին ընդառաջ ՀՅԴ-ին կօգտագործի քաղաքական հարցերում, մասնավորապես Կարեն Կարապետյանի դեմ, բայց գործընթացները կարծես հակառակն են ցույց տալիս։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Gallup International Association-ի անցկացրած հարցոււմների մասին ԱԺ-ում լրագրողների հետ խոսելիս  ուշագրավ հայտարարություններ է արել։

Ռուստամյանը նախ չի թաքցրել, որ թերահավատորեն է վերաբերում հարցումներին, որովհետև դրանք սովորաբար հակառակ արդյունքն են ցույց տալիս, ապա կոնկրետացրել, թե չի հավատում կոնկրետ վերջին հարցումներին, որոնց արդյունքներով վարչապետի վարկանիշը նվազել է։ Տեղեկացնենք, որ այդ հարցումների տվյալների՝ հարցվածների 26.7 տոկոսը դրական է գնահատում ՀՀ նախագահի աշխատանքը, 26.2 տոկոսը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի: Հարցումներից նաև պարզ է դարձել, որ Կարապետյանի վարկանիշը 85 տոկոսից նվազել է մինչեւ 57-ի: Դիտարկմանը, թե թերեւս հող են նախապատրաստում, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը ստանձնի կառավարության ղեկավարի պաշտոնը՝ այդպիսով նաեւ երկրի ղեկավարումը, Ռուստամյանը չհամաձայնեց. «Որևէ հող նախապատրաստելու խնդիր չեմ տեսնում, ի՞նչ է հարցումներով են հող նախապատրաստում: Հող նախապատրաստում են գործողություններով, որոնք իրենց տրամաբանությամբ ընթանում են»: Արմեն Ռուստամյանը կարծում է, որ վարչապետի վարկանիշը ոչ թե իջել է, այլև ճիշտ հակառակը՝ կառավարությունը լուրջ արդյունքներ է ցույց տալիս: «Հանրային ընկալմամբ կարող է դա չերևալ, որովհետև տեմպերը գոհացուցիչ չեն, իսկ փոփոխությունների ուղղությունը ճիշտ է ընտրված և պետք է տեմպերն ավելացվեն»։ Բայց սա դեռ ամենը չէ, հարցին, թե Հանրապետականի շարքերում կա անձ, որը կփոխարինի Սերժ Սարգսյանին՝ մասնավորապես արտաքին քաղաքականության հարցում, Ռուստամյանը պատասխանել է. «Անփոխարինելի մարդիկ չկան, իսկ արտաքին քաղաքականությունը, բնականաբար, պետք է ավելի նոր որակով և մակարդակով իրացվի, խորհրդարանական համակարգը ենթադրում է թիմային աշխատանքը»:

Կարեն Կարապետյանը կկարողանա՞ փոխարինել Սերժ Սարգսյանին, Ռուստամյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող, իհարկե, կարող է»:

Դե, ինչ կենացները քաղցրանում են, ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու համար մարտնչող ՀՅԴ-ում կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել, հիմա պատրաստ են վստահության քվե տալ նաեւ Կարապետյանին։ Ի դեպ, վերջին շաբաթների ընթացքում սա ՀՅԴ-ի երկրորդ հարվածն էր Սերժ Սարգսյանին։ Անցած շաբաթ նույն Ռուստամյանը Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած շրջանակային համաձայնագրի մասին կարծիք հայտնելիս ասաց, որ համաձայնագիրը գրեթե արտացոլում է Հայաստանի Սահմանադրությունը, դրանով նախատեսված եվրոպական պառլամենտարիզմի մոդելը և չիրականացնել համաձայնագիրը՝ նշանակում է չիրականացնել Սահմանադրությունը: Ռուստամյանը խոստովանեց նաեւ, որ Հայաստան-ԵՄ նախորդ համաձայնագիրը չի ստորագրվել Սերժ Սարգսյանի վրա ճնշումների պատճառով:

«Սրանով իսկ ավելացել է ՀՀ ինքնուրույնությունը, դրա համար հաջողվեց կնքել պայմանագիր այն պարագայում, երբ ՀՀ-ն մինչ այս զարգանում էր այլ վեկտորով: Այժմ մի հոգի չէ ամբողջ իշխանությունը կենտրոնացրել, մի հոգի չէ, որ ներկայացնում է երկիրը: Այժմ խորհրդարանը կոլեգիալ մարմին է, բնականաբար, ճնշումները՝ կապված ՀՀ-ի այս կամ այն քաղաքական գիծ ընտրելու հետ, չեն կարող իրականացնել այնպես, ինչպես նախկինում կարող էին մեկ անձի նկատմամբ անել», հայտարարել էր Ռուստամյանը: Սպասվում էր, որ 2018-ի ապրիլին ընդառաջ քաղաքական դաշտում նոր վերադասավորումներ են լինելու, արդեն մի քանի շաբաթ է խոսվում է 2018-ից հետո նոր կոալիցիայի հեռանկարի մասին, որտեղ տեղ կունենա Ծառուկյան դաշինքը։ Միթե ՀՅԴ-ն դուրս է մնում խաղից եւ հիմա էլ ռեւերանսներ է անում Կարեն Կարապետյանի նկատմամբ, թե «մեկ նալին, մեկ մեխին» սկզբունքով ցանկանում է մնալ ասպարզում։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Հերթական հարվածը Սերժ Սարգսյանին”

Մեկնաբանել