Բանակն ընդունել է Վիգեն Սարգսյանին որպես առաջնորդ. Մովսես Հակոբյան

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Mediamaxi-իհետ զրույցում «բացարձակ հիմարություն է» որակել այն հայտարարությունները, թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի զինվորական չլինելը կարող է խանգարել պաշտպանական համակարգի արդյունավտ գործունեությանը: Հակոբյանի հայտարարել է, որ բանակն ընդունել է Վիգեն Սարգսյանին որպես առաջնորդ: Նա նաեւ բացառել է մամուլում խոսվող իր եւ պնախարարի միջեւ տարաձայնությունների առկայության մասին լուրերը։

«Բացարձակ հիմարություն է: Նախարար Սարգսյանը զինվորական գործի մանրուքների եւ նրբությունների խորքային ըմբռնում ունի, արագ որոշում կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու բացառիկ կարողություն եւ կայացրած որոշումն իրագործելու վճռականություն: Նա բանակի ղեկավարն է, պաշտպանական քաղաքականության հիմնական ձեւավորողը: Հենց նա՛ է Գերագույն գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցնում բանակին վերաբերող կարեւորագույն հարցերը, զեկուցում Անվտանգության խորհրդի նիստերում, նա՛ է խորհրդարանում առաջ տանում բանակի համար անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունները»,- ասել է նա եւ հավելել, որ պաշտպանության նախարարը չպետք է զինվորական լինի:

«Առհասարակ, կարծում եմ, պաշտպանության նախարարը չպետք է զինվորական լինի: Ճիշտ հակառակը` ցանկալի է, որ չլինի: Միայն այդ դեպքում նա կկարողանա անաչառ եւ ռազմավարական հայացք նետել Զինված ուժերի զարգացման խնդիրներին, պատրաստել դրանք վաղվա եւ ոչ թե երեկվա պատերազմին, կապել բանակը պետական կառավարման համակարգի հետ:

Քաղաքացիական պաշտպանության նախարարի եւ զինվորական ղեկավարմամբ գլխավոր շտաբի համադրմամբ հնարավոր դարձավ յուրաքանչյուր խնդիր դիտարկել նորովի եւ շատ ավելի լայն հարթությունում: Բերեմ մեկ օրինակ. նախարարը ռազմավարական պլանավորման մակարդակում մեր երկրի պաշտպանունակության հարցը դրել է շատ ավելի լայն համատեքստի մեջ, քան սովոր ենք: Նա հաճախ է ասում, որ նույնիսկ եթե վաղը մեր գլխավոր խնդիրը լուծվի մեզ համար ամենացանկալի տարբերակով, մեր տարածաշրջանում առկա ընդհանուր ռիսկերը չեն վերանալու: Մենք պետք է սովորենք բարդ իրավիճակում ապրել, մեծ բանակ եւ պաշտպանական ծախսեր ունենալն առավելության վերածել եւ ծառայեցնել մեր կազմակերպվածության ամրապնդման, գիտական ներուժի բացահայտման, զինծառայությունը լրացուցիչ կրթության միջոցի վերածելու խնդիրներին»,- ասել է նա:

Հակոբյանը նաեւ նշել է, որ սահմանադրական բարեփոխումների ներգործման պայմաններում աշխատանքի բաժանվում պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի միջեւ հստակ է։

Շուրջ մեկ տարի առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացնելով պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին, խոսել էր նրանց գործառույթների հստակ բաժանման մասին՝ հայտարարելով, Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ «մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը»: Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի գործունեության հիմնական ուղղությունները պետք է լինեն ռազմաքաղաքական դիվանագիտության ուժեղացումը, Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Բացի այդ, պնախարարը պետք է զբաղվի նաեւ ռազմական կրթությամբ եւ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, ակտիվացնի աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ:

«Պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս եւ նման այլ խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ»,- ուրվագծել էր Սերժ Սարգսյանը:

Մովսես Հակոբյանի պատասխանն այս տրամաբանության մեջ է: «Գլխավոր շտաբը կա եւ մնում է պաշտպանության նախարարության պատասխանատվության ոլորտում գործող մարմին: Այսինքն՝ աշխատանքի բաժանման հարցը խիստ պայմանական է»,- ընդգծում է Հակոբյանը:

Նրա խոսքով, շտաբը պատասխանատու է պաշտպանության ռազմական բաղադրիչի համար: «Դա պաշտպանական քաղաքականության մի մասն է միայն: Ընդհանուր մտահղացման նախապատրաստում, մարտավարություն, զորքերի մարտական եւ օպերատիվ պատրաստություն` այս ամենն անում է Գլխավոր շտաբը` կյանքի կոչելով պաշտպանության նախարարության կողմից ձեւավորվող եւ իրականացվող պաշտպանական քաղաքականությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ պաշտպանության նախարարի աշխատանքն անհամեմատ ավելի մեծ է եւ լայն` այն ունի ռազմավարական բնույթ:

«Եվ ընդամենը մեկ տարում մենք ականատես եղանք, թե ինչպես այդ աշխատանքը կարող է ուժեղացնել երկրի բանակը, Զինված ուժերը, ինչպես այն կարող է բարձրացնել հասարակության հարգանքն ու վստահությունը Զինված ուժերի նկատմամբ, վերջապես՝ ինչպես կարող է ներազդել յուրաքանչյուր զինծառայողի` շարքայինից մինչեւ գեներալ ինքնագնահատականի վրա»,- վստահ է նա:

Ավարտելով իր միտքը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ պաշտպանության նախարարը՝ լինելով քաղաքական գործիչ պետք է կարողանա համադրել իր գործունեության մեջ նաեւ հմուտ կառավարչի եւ բանակի սպայակազմի կողմից ընդունվի որպես առաջնորդ: «Կասկածից վեր է, որ Վիգեն Սարգսյանին դա հաջողվել է, թեեւ ես չէ, որ իրավասու եմ գնահատական տալու իմ վերադաս ղեկավարին»,- եզրափակել է նա:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Բանակն ընդունել է Վիգեն Սարգսյանին որպես առաջնորդ. Մովսես Հակոբյան”

Մեկնաբանել