Սամվել Բաբայանի և բանտում գտնվող մյուս տղաների  վերահսկելիության խնդիրը

Nov 23, 2017 Comments Off on Սամվել Բաբայանի և բանտում գտնվող մյուս տղաների  վերահսկելիության խնդիրը

«Իգլա»-ի գործով պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դատական գործը, ըստ որոշ կանխատեսումների, կարող է շատ ձգվել և հասնել ընդհուպ մինչև Եվրոպական դատարան:

Նախորդ նիստին դատախազ Արամ Արամյանը ներկայացրել է Բաբայանի մեղադրական ճառը, համաձայն որի՝ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատախազը յուրաքանչյուր դրվագի համար պահանջել է չորս-ական տարվա ազատազրկում, իսկ վերջնական պատիժ պահանջել 7 տարի ազատազրկումը: Բաբայանին մեղադրում են «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա դրդել է մի խումբ անձանց փոխադրել և պահել այդ զենքը։ Նա նաև մեղադրվում է հանցավոր ճանապարհով կեղծ թղթադրամներ ձեռք բերելու մեջ:
Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը պաշտպանական ճառում երկու դրվագով էլ արդարացում է պահանջել Սամվել Բաբայանի համար: «Ըստ մեղադրանքի` իմ պաշտպանյալ Սամվել Բաբայանը դրդել է Սանասար Գաբրիելյանին զենք ձեռք բերել և դրա համար վճարելու է 50 000 դոլար, չի հաստատվել: Այսինքն` մեղսագրված արարքի վկայագրված հատկանիշների առկայությունը որևէ փաստական տվյալով հիմնավորված չէ: Նշված մեղադրանքն ամբողջությամբ կառուցված է ենթադրությունների վրա, մեղադրանքում նշված ձևակերպումները չեն բխում գործով ձեռք բերված նյութերից, հաստատված չեն գործով ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բավարար ապացույցներով»,-հայտարարել է Քալաշյանը և պնդել, որ զենքի պատվիրատուն Սամվել Բաբայանը չէ:
Պաշտպանի խոսքով` փողերի լվացման մեղադրանքը նույնպես անհիմն է, չփաստարկված ու չապացուցված: Սամվել Բաբայանը վերջին խոսքով հանդես է գալու հաջորդ դատական նիստին:

Սամվել Բաբայանի դատավարության մասնագիտական մանրամասների մեջ խորանալը թերևս անշնորհակալ գործ է: Դատավարության ընթացքը փաստել է, որ  գործը իսկապես զուրկ է հիմնավոր ապացուցողական բազայից: Արդարադատությունը Հայաստանում վաղուց քաղաքական խնդիրներ լուծելու գործիք է, և Սամվել Բաբայանի գործում դա առավել քան ակնհայտ է: Սամվել Բաբայանի վրա «Իգլա»-ի գործը սարքվեց այն ժամանակ, երբ նա վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ քաղաքական դաշինք կնքելու մտադրություն էր հայտնել: Բուն քաղաքական գործընթացներին մասնակցել Բաբայանն այդպես էլ չհասցրեց, որովհետև մինչև ընտրությունները նա ձերբակալվեց: Դատավարության ընթացքին հետևելուց ակնհայտորեն երևում է, որ նրան առաջադրված մեղադրանքը, ցանկության դեպքում շատ հանգիստ կարելի էր վերագրել կամայական ՀՀ քաղաքացու: Քննչական մարմիններին այդպես էլ չհաջողվեց ներկայացնել հստակ ապացույց, որը կվկայեր Բաբայանի և «Իգլա»-ի կապի մասին: Նույնը նաև փողերի մասով: Բայց դա չի խանգարում, որ պաշտպանության բանակի նախկին հրամանատարի և Արցախի հերոսի նկատմամբ մեղադրողը պահանջի 7 տարվա ազատազրկում: Եթե դատարանն ու դատավորը համարձակվեն արդարացնել Բաբայանին, մենք գործ կունենանք դատական հեղափոխության հետ: Բայց քանի որ ՀՀ դատական պրակտիկայում նման դեպք չի եղել, ուստի դա անիրատեսական է: Սամվել Բաբայանը թերևս ստիպված է լինելու անցնել դատական բոլոր ատյաններով: Դատավարությունը անշուշտ հնարավորինս կձգձգվի, մինչև որ գա քաղաքական համաներման ժամանակը: Ինչ խնդիր ունի Հայաստանի իշխանությունը Սամվել Բաբայանի հետ՝ դժվար է ասել: Բաբայանի և արցախյան ազատամարտի մյուս տղաների խնդիրը, որոնք այսօր բանտում են, ըստ էության նույնն է՝ նրանք անվերահսկելի են, և իշխանությունը նրանց ազատությունից իրեն անվստահ է զգում:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: