Ի՞նչ է գուժում ծառուկյանականների գրոհը

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները Ազգային ժողովում իսկակական գրոհ են կազմակերպել  կառավարության և ՊԵԿ-ի ուղղությամբ ՝Առինջ մոլի առևտրականների հարցերով: Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ ՄիքայելՄելքումյանը նշել է, որ իրենք 1000 մարդու ստորագրությամբ գրություն են ստացել տարբեր տոնավաճառների առևտրականներից, որոնք բողոքում են հարկային մարմինների աշխատանքից: «Ես այս հարցով դիմել եմ վարչապետին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահից ստացել եմ գրություն հարկային կոշտ վարչարարության անթույլատրելիության վերաբերյալ, սակայն մենք տեսնում ենք, որ խնդիրները չեն կարգավորվում»,-ասել է նա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, թե այն գումարները, որ կառավրությունը քերթում է փոքր ու միջին բիզնեսից, բարձարստիճան  պաշտոնյաների մի օրվա պերերիվի փողն է:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՊԵԿ աշխատակիցները հերթապահություն են իրականացնեւմ Առինջ մոլում, ինչը հարուցել է ատևտրականների դժգոհութհունը: Նրանք բողոքում են, որ հարկայինը յուրաքանչյուր ապրանքի շարժի համար առանձին փաստաթուղթ է պահանջում, որը և՛ ժամանակատար է, և՛ ծախսատար: Առևտրականներն այս առիթով արդեն մի քանի բողոքի ակցիա են արել ԱԺ-ի մոտ, մոլի տարածքում, ինչպես նաեւ բախվել են մոլ այցելած ՊԵԿ աշխատակիցների հետ: Իրենց խնդրով առեւտրականները եկել էին նաեւ կառավարություն, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը նրանց չէր ընդունել:  «Մենք ուզում ենք վարչապետի, ՊԵԿ նախագահի, ներկրող կազմակերպության նախագահի հետ դնենք քննարկենք ու հասկանանք, թե մեզ ինչ ա պետք, ինչ լուծում կարող ենք գտնել։ Մենք հաշվարկել ենք, որ իրենց պահանջած հարկերը մի 200 դոլարի չափ են։ Մենք համաձայն ենք այդ 200-250 դոլարը տալ սահմանին, բայց դրանից հետո մեզ հանգիստ թողնեն, չգան կանգնեն մեր շնչին»,- կառավարության շենքի դիմաց հայտարարել էր առևտրականներից մեկը։

ՊԵԿ-ն իր հեիթին հայտարարել էր, թե ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արձագանքել է Ազգային ժողովի դիմաց հավաքված առևտրականների բարձրացրած խնդրին, ըստ որի՝ հարկային կոշտ վարչարարություն է կիրառվում իրենց նկատմամբ: «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, բոլոր տնտեսվարողների նկատմամբ իրականացնում է համապատասխան ընթացակարգեր»,- հայտնեկ էին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն էլ իր հերթին հայտարարել էր, թե առևտրականները ուղղորդված են գործում. «Չի կարելի միտինգ, ակցիա անելով խուսափել հարկերից: Դա բացառվում է, չի լինելու»,-ասել էր նա:

Վ. Հարությունյանը նաև նշել էր, թե առևտրականների հետ հանդիպում է եղել, բացատրել են ամեն ինչ . «Եթե մանիպուլյացիայի միջոցով փորձում են խուսափել հարկերից, չի լինելու: Կոշտ վարչարարություն է լինելու: Բարդ չէ: Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, հրաժարվել են դրանից, որովհետև չեն ցանկանում շրջանառությունը ցույց տալ»,-նշել էր ՊԵԿ նախագահը, միաժամանակ ավելացնելով, որ շատ տնտեսվարողներ պահպանում են օրինականությունը:

Լրագրողների հարցին ի պատասխան, Վարդան Հարությունյանը բացառել էր, որ ուղղորդողների թվում կարող է նաև Առինջ մոլ» տոնավաճառի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը լինել. «Գագիկ Ծառուկյանն իմ լավ ընկերն է, իմ բարեկամն է, ինքն էլ իր հեղինակությունն օգտագործելով փորձել է մի քանի օր առաջ առևտրականներին հասկացնել, որ մեր արածը լրիվ օրինականության սահմաններում է: «Առինջ մոլ»-ում տարածք է հատկացրել, որ մենք ավելի մոտիկից բացատրենք ժողովրդին, մենք պատրաստ ենք նման ծառայություն մատուցել մյուս տոնավաճառներում նույնպես: Էդ մարդիկ պետք է հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, պետք է աշխատել օրինական դաշտում»,-ասել էր Վարդան Հարությունյանը:

Ծառուկյան դաշինքի պատգամավորների ընդգծված ակտիվությունը ԱԺ-ում բացահայտեց, որ Ծառուկյանն ամեն դեպքում հետաքրքրություն ունի այս հարցում: Նրա թիմակիցները կառավարությանը կոչ էին արել ստվեր ու թաքցված շրջանառությունը փնտրել ոչ թե  տոնավաճառներում, այլ գազի ոլորտում: Վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գազի ոլորտից են  և ակնարկը շատ պարզ ու հստակ է եղել՝ ուղղված հենց նրանց: Ինչ վերաբերում է ՊԵԿ-ի խստապահանջությանը՝ տոնավաճառները միշտ էլ որոշակի շրջանառություն թաքցրել են և հարկային վարչարարությունը միշտ ըմբռնումով է մոտեցել այս հարցին: Ժամանակին տոնավաճառների շրջանառությունը ֆիքսելու խնդիրը դրեց նաև Տիգրան Սարգսյանը, սակայն հետագայում նահանջեց: Տոնավաճառում կա սակարկություն և հստակ գին, ըստ այդմ նաև շրջանառություն ֆիքսել հնարավոր չէ:  Բյուջե լցնելու խնդիրը հրատապ է, բայց այստեղ կոշտությունը կարող է վերջնականապես ոչնչացնել մանր ու միջին առևտուրը: Դրանով կառավարությունը կանաչ լույս կվառի մոլերի և հիպերմարկետների գործունեության համար՝ հընթացս աջակցելուվ նաև մոլերի ոչ անհայտ տերերին: Մանր ու միջին առևտրականների համար պետք է հստակ շեմ և  հսատատագրված գումար սահմանվի, որը  վճարելուց հետո առևտրականը պետք  է հանգիստ իր գործով զբաղվի:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ի՞նչ է գուժում ծառուկյանականների գրոհը”

Մեկնաբանել